Բազմաշերտ վախի իշխանությունը 

Բազմաշերտ վախի իշխանությունը 

««Սուրմալուի» պայթյունը մի մեսիջ ունի. դուք միշտ պետք է վախենաք: Կարեւոր չի, թե ով է սպառնալիքը՝ ադրբեջանցին, թուրքը, ռուսը, քաղաքապետը, հակահրդեհային պաշտոնյան, թե փնթի պարեկը»,- գրում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Հայաստանում շատերն են համաձայն նրա հետ եւ շատերն են սկսել հասկանալ, որ Փաշինյանի իշխանությունը հենված է վախի վրա: Բոլոր բռնապետություններն ու բռնապետերի իշխանությունը հենված են եղել հասարակությունները վախի մեջ պահելու եւ դրա միջոցով կառավարելու վրա: Մեկին վախեցնում են պատերազմով, մյուսին ճզմում են վարչապետի մեքենայի անիվների տակ, մյուսին սպանում են կալանավայրում կամ դատարանի դահլիճում իշխանության հասցեին վատ արտահայտվելու համար: Վախեցնում են առեւտրի կենտրոն գնալ, մետրո նստել, օդանավակայան կամ պետական որեւէ հաստատություն գնալ, որովհետեւ ամեն ինչ երկրում ականապատված է, ամեն ինչ կարող է պայթել, ու յուրաքանչյուրը կարող է այդ պայթյունի զոհը դառնալ:

Մարդը դադարում է այլ պահանջմունքներ ունենալ, քան անվտանգությունը կամ, ավելի ճիշտ՝ ինքնապաշտպանությունը, քանի որ անվտանգությունն ավելի շատ կոլեկտիվ հասկացություն է: Կոլեկտիվ անվտանգություն այլեւս չկա, յուրաքանչյուրը մտածում է ինքն իր կյանքը փրկելու մասին եւ արդեն իսկ երջանիկ է, որ այսօր էլ կարողացավ կենդանի մնալ: Երկիրը, հայրենիքը, Արցախը, Սյունիքը, մնացած ամեն ինչ դառնում են երկրորդական, սկսում է աշխատել կենդանի մնալու, փրկվելու բնազդը:

Հունգարացի փիլիսոփա Իշտվանա Բիբլոն ժողովրդավարության մի հանճարեղ բնորոշում ունի. «Ժողովրդավարություն. երբ դու չես վախենում»: Հանճարեղ ու նույնքան պարզ: Ժողովրդավարության տասնյակ քաղաքագիտական ձեւակերպումներ ու բանաձեւեր կան. իշխանության ճյուղերի տարանջատում եւ հակակշռում, ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով սեփական իշխանություն ձեւավորելու հնարավորություն, քաղաքացիական հասարակության առկայություն՝ որպես հակակշիռ պետական իշխանությանը, ու էլի նման բաներ: Բայց շարքային քաղաքացին չի կարող որոշել՝ երկրում կա՞ իշխանության ճյուղերի տարանջատում եւ հակակշռում, կամ անհատական մակարդակով անհնար է որոշել, թե ինչպես է ձեւավորվում իշխանությունը` ընտրությունների՞, թե՞ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ապրիորի թվերի միջոցով, քաղաքացիական հասարակություն կոչվածը պետական իշխանությանը հակակշի՞ռ է, թե՞ այդ նույն իշխանության կողմից կերակրվող «ջեբի շուն»: Մինչդեռ վախի ցուցիչն անհատական է: 

Եթե չվախենալը ժողովրդավարության ցուցիչն է, ապա վախը` բռնապետության: Եթե վախենում ես, ուրեմն ապրում ես բռնապետությունում: Հայաստանի քաղաքացուն վախեցնում են ամեն քայլափոխին. հանրահավաքին մասնակցես` կկալանավորվես, ծեծի կենթարկվես, ավել բառ խոսես` կարող են եւ սպանել, այլակարծության համար կարող են աշխատանքից հեռացնել, ոչ միայն քեզ, այլ նաեւ հարազատիդ, ընտանիքիդ անդամին: Որքան ավելի շատ ողբերգություն, որքան ավելի շատ մարդասպանություն, մարդկային մահեր, այնքան ավելի մեծ վախ, այնքան ավելի հնազանդ ու կառավարելի հասարակություն: 

Շատերն ասում են, որ եթե երկրում ժողովրդավարություն չկա, եւ տոտալ բռնապետություն է, այդ դեպքում ինչո՞ւ արեւմտյան կառույցները չեն արձագանքում այս իրավիճակին, ինչո՞ւ չեն քննադատում իշխանությանը: Պատճառն այն է, որ արեւմտյան կառույցներն էլ ունեն ժողովրդավարության իրենց բանաձեւը, որը հնչում է մոտավորապես այսպես. «Ժողովրդավարությունն արեւմտյան ինստիտուտներին անմնացորդ ենթարկվելն է. Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վենետիկի հանձնաժողովի, Եվրամիության եւ նրա գործադիր մարմին Եվրահանձնաժողովի հրահանգներին ենթարկվելն է, դրանք անվերապահորեն կատարելը»: Այդ դեպքում դու կհամարվես ժողովրդավար առաջնորդ, իսկ քո ղեկավարած պետությունը` ժողովրդավարության բաստիոն, անկախ նրանից՝ երկրում կա՞ն քաղաքական հետապնդումներ եւ քաղբանտարկյալներ, կա՞ խոսքի ազատություն, թե՞ դա ընդամենը իմիտացիա է, կա՞ ընտրություն եւ ընտրովի իշխանություն, թե՞ ընտրությանը մասնակցելը, նույնիսկ ՏԻՄ-երի մակարդակում, կալանավայրում հայտնվելու ուղեգիր է: 
Արեւմտյան կառույցները եւս կառավարում են վախի սինդրոմով. եթե Հայաստանի իշխանությունը բավարար չափով վախենում է իրենցից, համոզված է, որ հենց իրենք են որոշում այդ իշխանության լինել-չլինելու հարցը եւ ոչ թե սեփական հասարակությունը, եւ այդ վախի ազդեցության տակ պատրաստ են կատարել ցանկացած հանձնարարական, ապա երկիրը ժողովրդավարական է, եւ քննադատելու կարիք չկա:

Ավետիս Բաբաջանյան