Եթե ուզում են մարդաշատ հանրահավաք, առնվազն մեկ ամիս պետք է աշխատանք տանեն

Եթե ուզում են մարդաշատ հանրահավաք, առնվազն մեկ ամիս պետք է աշխատանք տանեն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

- Ընդդիմությունն այսօր հանրահավաք է նախատեսել: Ի՞նչ սպասել այդ հանրահավաքից: Այն մարդաշա՞տ կլինի:

- Մի բան կարող ենք ֆիքսել, որ եթե մեծածավալ հանրահավաք կազմակերպելու ցանկություն կա, ապա դրա համար գոնե մեկ ամիս առաջ պետք է տեսանելի աշխատանք անել, որպեսզի մեկ ամսվա աշխատանքի արդյունքը մի քանի ժամվա ընթացքում երևա: Նախորդ 30 տարվա ընթացքում մենք մեծ փորձ ենք ձեռք բերել, եթե հանրահավաքից ընդամենը 2-3 օր առաջ հայտարարում են, որ հանրահավաք է նախատեսվում, ապա դա չի հանգեցնում մարդաշատ հավաքի: Այսինքն` եթե ուզում են մարդաշատ հանրահավաք, նախ դրա համար մեկ ամիս շուտ մեծ աշխատանք պետք է անել, շատ լուրջ ու մեծ աշխատանք: Այդ դեպքում կարող են մարզերից ևս հավաքվել Երևանում: Սակայն դրա համար կոնկրետ տեխնոլոգիական աշխատանք է պետք անել: Հենց այդ ամենի բացակայության արդյունքում էլ հանրահավաքները հիմնականում բաղկացած են լինում 5000-ից 7000 մասնակիցների շրջանակներում:

- Այսինքն` գտնում եք, որ ընդդիմության հանրահավաքն անկազմակե՞րպ է:

-Պետք է հասկանալ այս հանրահավաքի նպատակը: Այն ինչ-որ ուժի ցուցադրման նպատա՞կ է հետապնդում, թե՞ այլ գործընթացի մեկնարկ է: Եթե ուժի ցուցադրման միջոցառում է, բնականաբար պետք է լինի խիստ մարդաշատ, գուցե 25, 30, 50, կամ 70 հազարից բաղկացած: Եթե ընդամենը մի մեկնարկային գործընթաց է, ապա 5000-ը լրիվ բավական է: Այստեղ շատ կարևոր է, թե ընդդիմությունն ինչ կոնկրետ նպատակ է հետապնդում: Մի կողմ թողնենք, որ հայտարարում են, թե գիտեք՝ սա դավաճաններին դեղին կամ կարմիր քարտ ցուցադրելու միջոց է: Ես շատ եմ լսել, թե այս իշխանությունը խուճապի մեջ է, մի հանրահավաք ևս և նրանք կտապալվեն: Սակայն, ինչպես տեսանք, դա զուտ բառային մաս էր: Կարճ ասած` հանրահավաքից հետո կերևա ամեն ինչ: Գուցե ինչ-որ բաներ արվել է գաղտնի, սակայն ինձ համար տեսանելի չէ:

- Պարոն Բադալյան, ոմանք այսօրվա հանրահավաքը ասոցացնում են նախկին իշխանությունների, մասնավորապես՝ նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի հետ:

- Դե գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանն է ղեկավարում «Հայաստան» դաշինքը, իսկ այս հանրահավաքը կազմակերպվել է հենց «Հայաստան» դաշինքի կողմից: «Պատիվ ունեմ» դաշինքն էլ ասոցացվում է Սերժ Սարգսյանի հետ: Ստացվում է, որ զուտ կազմակերպչական տեսանկյունից հանրահավաքը հնարավոր չէ նրանց հետ չասոցացնելը: Ինչ վերաբերում է բովանդակային մասին, ապա այս տեսանկյունից բավականին ծանր աշխատանք է պահանջվում, որպեսզի հասարակությանը բացատրվի եղելությունը: Սակայն խնդիրն այն է, որ նման աշխատանքներ չեն տարվում: Պետք է տեսնել ամենօրյա աշխատանք` հասկանալու համար, որ մարդիկ գիտակցեն, որ իրենց շահերն ես հետապնդում: Եթե հասարակությունը սա տեսնի և հասկանա, իր համար մեկ կլինի, թե ղեկավարն ով է լինելու. Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե մեկ ուրիշը: