The Boston Globe-ի էջերում՝ արցախյան պատերազմի մասին

The Boston Globe-ի էջերում՝ արցախյան պատերազմի մասին

Ամերիկահայ անվանի գրող, «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի հեղինակ Քրիս Բոհջալյանն ամերիկյան The Boston Globe պարբերականի էջերում խոսել է արցախյան պատերազմի մասին, մասնավորապես գրելով․

«Կովկասում՝ Արցախի Հանրապետությունում, որը հայտնի է նաեւ որպես Լեռնային Ղարաբաղ, մարդասիրական ճգնաժամ է: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի աջակցությամբ, որ վարձկաններ եւ զինամթերք է տեղափոխում առաջնագիծ, հրետակոծում են Արցախում գտնվող 150.000 հայերին: Մայրաքաղաք Ստեփանակերտն օրեր շարունակ հրետակոծվում է, չնայած այն հրադադարին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ից: Հրետակոծվում են հիվանդանոցներ, դպրոցներ եւ եկեղեցիներ:

Աշխարհի մեծ մասը քարտեզի վրա չի կարող գտնել Արցախի տեղը: Իհարկե, աշխարհի մեծ մասը չի կարող գտնել նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը: Բայց ես Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ եմ, ես եղել եմ այնտեղ: Խաղաղ ժամանակ ես եղել եմ առաջնագծում, զինվորների հետ կանգնել եմ խրամատում, այցելել եմ դպրոցներ:

Նավթ եւ բնական գազ ունեցող Ադրբեջանը երբեք չի համակերպվել այդ տարածքի կորստի հետ, տարածք, որտեղ հիմնականում մացառ է, նռան եւ խաղողի այգիներ: Ավելին, դա միշտ եղել է աստվածաշնչյան «Դավիթ եւ Գողիաթ» պայքարը. Արցախի 150.000 հայերը պայքարում են 10 միլիոն ադրբեջանցիների դեմ: Այժմ անհամապատասխանությունն ավելի է աճել՝ Թուրքիայի ներգրավվածության պատճառով:

Թուրքիան վերակենդանացրել է նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայ քաղաքացիների պարբերական ոչնչացման ուրվականներին` ինչպես ինքն է անվանում, «թրի ահաբեկչական մնացորդներին»՝ ստորացուցիչ եզրույթ հայ, ասորի եւ հույն փոքրամասնությունների համար, որոնց երիտթուրքերը մեկ դար առաջ փորձեցին բնաջնջել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակ նշել է, որ իր հակահայկական օրակարգում որպես դաշնակից է դիտարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Կորոնավիրուսային համաճարակը, ԱՄՆ-ի ելքը համաշխարհային թատերաբեմից եւ մեր ուշադրության կենտրոնացումը նախագահական ընտրությունների վրա Էրդողանի եւ Ալիեւի համար ապահովեցին կատարյալ քողարկում Արցախի վրա կանխամտածված հարձակման համար:

Եթե Ստեփանակերտը հանձնվի, եւ Արցախն ապօրինաբար վերադարձվի Ադրբեջանին, ապա աշխարհը կարող է բախվել մեկ այլ Հալեպի՝ 150 հազար փախստականներով հակահայկական արյունահեղությամբ հումանիտար ճգնաժամի, որն ինը տարի առաջ տեսանք Սիրիայի հյուսիսային քաղաք Հալեպում, 1990 թվականին՝ Բաքվում եւ 1915 թվականին՝ Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում։ Միացյալ Նահանգները պետք է օգնի՝ կասեցնելու այս հումանիտար ճգնաժամը հետեւյալ քայլերով. պահանջել, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան դադարեցնի զենքի տրամադրումն Ադրբեջանին ու ռազմաճակատ վարձկանների տեղափոխումը:  Պնդել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան անհապաղ համաձայնեն հրադադարի հաստատմանը: Ճանաչել Արցախը՝ տալով նրան ավելի մեծ ուժ եւ ազդեցություն Ադրբեջանի հետ ցանկացած խաղաղ բանակցություններում (առայժմ ԱՄՆ յոթ նահանգներ՝ ներառյալ Մասաչուսեթսը, արդեն ճանաչել են այն): Տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ:

Ես նպատակ չունեմ տարածքային ամբողջականության հայեցակարգը նսեմացնել: Բայց որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների զավակ, կարծում եմ՝ պարզ է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը շատ ավելի կարեւոր է, հատկապես, երբ այլընտրանքը ոչնչացումն ու բնաջնջումն է»: