Այն, ինչ ես ասել եմ, մենք ասում ենք 20 տարի շարունակ․ Շարմազանով

Այն, ինչ ես ասել եմ, մենք ասում ենք 20 տարի շարունակ․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը այսօր ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը չի փոփոխվել, մինչ այդ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել էր արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, ՀՀԿ-ն ներկայացնում էր հենց Շարմազանովը։

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք այս դիրքորոշումն ունեցել ենք թե՛ իշխանություն եղած ժամանակ, թե՛ իշխանափոխությունից հետո, և թե այսօր։ Երկրորդ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական և պարտադիր իրացումը այլընտրանք չունի, այսինքն՝ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր կարգավիճակը։ Երրորդ՝ հանրապետականը վերահաստատում է, որ Արցախի հարցի որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար ընդունելի չի եղել և չի կարող լինել ընդունելի»,- իր ուղիղ միացման ժամանակ ասաց Շարմազանովը։ 

Նրան հարցրինք՝ ո՞րն էր պատճառը ՀՀԿ-ի դիրքորոշումը ևս մեկ անգամ ներկայացնելու, արդյոք երեկվա նիստում ա՞յլ դիրքորոշումներ են հնչել․

«Ես երեկվա հանդիպումից հետո հստակ հրապարակային նշել եմ, որ քանի որ երեկվա հանդիպումը եղել է փակ հանդիպում, ես իրավասու չեմ երեկվա հանդիպումի մանրամասներին տեղեկացնելու, ինչպես երեկ նշեցի, երեկվա հանդիպումը տեղեկատվության տրամադրում էր արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, ավել որևէ բան չեմ կարող ասել։ Այն, ինչ ես ասել եմ Հանրապետական կուսակցության անունից, դա մենք ասում ենք արդեն 20 տարի շարունակ, այսինքն՝ ես հստակ նշել եմ, անհրաժեշտություն գտել եմ, որ ևս մեկ անգամ պիտի հստակեցնեմ ՀՀԿ դիրքորոշումը, և այն հստակ նշել եմ։ Քանի որ լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տվել եմ, և որպեսզի անհավասարություն չլինի, ես մեր կարծիքները ավելի բացած լայվով հանդես եմ եկել, մեզ համար կարևոր սկզբունքներն ասել եմ և վերջ։ Քանի որ մենք ռազմական դրության մեջ ենք, ես Ձեր ոչ մի հարցին չեմ պատրաստվում պատասխանել, ինչ այս պահին ասելու էր , ես ասել եմ, ավելացնելու բան չունեմ»։

Հարցրինք՝ մոտ ապագայում նման հանդիպում կրկին նախատեսվո՞ւմ է․

« ախաձեռնողը ես չեմ, նախաձեռնությունը եղել է կառավարության ղեկավարինը, զանգահարել են, մենք մեր համաձայնությունը տվել, հանդիպել ենք, ես չեմ կարող ասել, այդ հարցերի հասցեատերը վարչապետն է կամ իր աշխատակազմը»։