Բուհերն անցնում են հեռավար ուսուցման, իսկ ռեկտորները` չեղարկում միջանկյալ ստուգումները

Բուհերն անցնում են հեռավար ուսուցման, իսկ ռեկտորները` չեղարկում միջանկյալ ստուգումները

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ նախօրեին ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ, որտեղ մասնավորապես քննարկվել է ուսումնական գործընթացի կազմակերպման հետ առնչվող մի շարք խնդիրներ: Ելնելով համալսարանների բովանդակային առանձնահատկություններից՝ ռեկտորները ներկայացրել են ուսումնական գործընթացի կազմակերպման իրենց առաջարկներն ու մոտեցումները: Քննարկվել են ուսումնական ծրագրով նախատեսված ժամերը լրացնելու այլ տարբերակներ եւս, այդ թվում՝ աշխատել խտացված ծրագրով, ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ՝ դասախոսությունների տեսաձայնագրություններով, տեսական նյութերի ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային փոստերի միջոցով եւ այլն:

Քննարկման արդյունքում որոշվել է, պահպանելով արտակարգ դրության պահանջները, թույլատրել բուհերին ընթացիկ կիսամյակում դասավանդման եւ գիտելիքների ստուգման գործընթացները կազմակերպել՝ ելնելով բուհի մասնագիտական ուղղվածությունից եւ ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկու­թյուն­ներից, հնարավորինս օգտագործելով տեղեկատվական եւ հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները: Ինչպես նաեւ` կատարել աշխատանքային օրերի տեղափոխություններ՝ պահպանելով աշխատակիցների աշխատավարձը եւ հանգստի իրավունքը։

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ դասախոսներ, սեփական նախաձեռնությամբ, օգտվելով ինտերնետային այլեւայլ հնարավորություններից եւ աղբյուրներից, արդեն անցել են հեռահար ուսուցման ռեժիմին։ «Դասախոսները հանձնարարականներ են տալիս, ակտիվ կապեր են հաստատում ուսանողների հետ, գիտեմ, որ նույնիսկ դասախոսություններ են ձայնագրում, որպեսզի փոխանցեն իրար, փոքր խմբերով հնարավոր է դա կազմակերպել: Ինչ վերաբերում է հանրակրթական բլոկին, այնտեղ ավելի լավ է վիճակը, որովհետեւ «գուգլ կլասռում» ծրագրով աշխատում են, եւ տիկին Պողպատյանն արդեն անցկացնում է դասեր, երաժշտության տեսության ամբիոնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանը եւս նախաձեռնել եւ կապեր է հաստատում, որպեսզի հնարավորինս արագ խմբակային դասընթացները կարգավորենք: Հիմա այդ փուլում ենք»,- ասում է Հովհաննիսյանն ու նշում, որ նախօրեին փոքր խմբով ունեցել են ռեկտորատի նիստ, առաջիկայում կլինի եւս մեկը. «Կոնսերվատորիայում հերթապահ անձնակազմ կլինի պարբերաբար, փոքր խմբերով աշխատանքի մեջ կլինենք, որպեսզի նաեւ օրենքի հետ խնդիր չունենանք` արտակարգ իրավիճակի հետ կապված»:

Ռեկտորի խոսքով, այս պահին լուրջ խնդիրներ ունեն հատկապես գրադարաններից օգտվելու հարցում, որովհետեւ այն անհրաժեշտ գրականությունը, որ առցանց կա` հայերեն չէ, բացի այդ, իրենց անհրաժեշտ մասնագիտական գրականությունը կա միայն Կոնսերվատորիայի գրադարանում: Սա հարց է, որը փորձում են կարգավորել. «Ունենք դժվարություններ հատուկ առարկաների հետ կապված, դա մեծ նվագախմբերի աշխատանքն է, եւ այս պարագայում խմբավարների համար բարդ կլինի, որովհետեւ նրանց պետական քննությունը երգչախմբով է կազմակերպվում, ուրեմն այս կարգի առարկաների, ինչպես նաեւ կամերային երաժշտության բլոկի դեպքում այսպես աշխատանքը կազմակերպելն անհնարին է: Մի քանի առարկաներ են, որ իսկապես բարդ է կազմակերպելը, եւ այս մասով մտածում ենք, որ բնականոն աշխատանքը վերականգնելուն պես, պետք է խտացված ինտենսիվ ձեւով աշխատել: Հիմա տրվում են նյութեր, ստեծագործություններ, որ տեղում ինքնուրույն սերտեն ուսանողները, հետո, երբ վերականգնվեն դասերը, ավելի հաճախ կհանդիպեն, եթե հարկ լինի»:

Կոնսերվատորիայի սպեցիֆիկայով պայմանավորված, կա նաեւ անհատական պարապմունքների հարցը։ «Այնպիսի նրբություններ կան, որ առցանց կազմակերպել չի լինի, հետո՝ ունենք տարիքով դասախոսներ, որոնք ընդհանրապես դժվարանում են օգտվել ինտերնետից: Մի հարց էլ կա, որ չենք հասկանում, թե ինչպես պետք է կարգավորվի, որովհետեւ փաստացի դասերը չեն ընթանում, եւ պետք է հասկանալ, թե ուսանողների վարձավճարների դեպքում ինչպես պետք է անել եւ ինչպես կարգավորել»,-ասում է ռեկտորն ու նկատում, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կարգադրել է նաեւ չեղարկել միջանկյալ ստուգումները։

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանն ասում է, որ հիմք ընդունելով երկրում ստեղծված իրավիճակը՝ կապված արտակարգ դրության հետ, կարգադրել է մարտի 17-ից մինչեւ ապրիլի 14-ը բուհում սահմանել հերթապահություն` աշխատանքային անհրաժեշտ գործունեությունն ապահովելու նպատակով: Հերթապահությունն իրականացվելու է ռեկտորի, պրոռեկտորների եւ դեկանների անմիջական մասնակցությամբ: Ինչպես նաեւ արգելել է բուհի տարածքում որեւէ միջոցառում, դասընթաց, փորձ: Թատերականում նույնպես չեղարկվել են 2019-2020 թթ. ուսումնական տարվա առկա համակարգի 2-րդ կիսամյակի եւ հեռակա համակարգի 1-ին կիսամյակի միջանկյալ ստուգումները:

Լ. Արզումանյանը հանձնարարել է նաեւ դեկաններին՝ ստեղծել լավագույն ֆիլմերի, ներկայացումների, վարպետության դասերի շտեմարաններ` ուսանողներին առցանց հասանելի դարձնելու համար: Ինչ վերաբերում է հեռահար ուսուցմանը, ապա «ովքեր կարող են, եւ որ առարկաների դեպքում հնարավոր է, կարվի հեռահար ուսուցում, մնացած առարկաների դեպքում այդ բաց թողնվածը կլրացնենք, նոր դասացուցակ կկազմենք, եւ բոլոր պրակտիկաները, վարպետության դասերը կդնենք այդ ժամանակ»,-ասում է ռեկտորն ու նկատում, որ այս ընթացքում, մեծ հաշվով, ուսումնական պրոցեսը չի տուժի։ «Խնդիրը կմնա ավարտական քննությունները, ավարտական դիպլոմայինները, իսկ ավարտական քննությունը հետաձգել-չհետաձգելու համար կսպասենք նախարարի հրամանին: Դա է խնդիրը միայն»,-ասում է Արզումանյանն ու նկատում, որ պարտադրված պարապուրդը որեւէ կերպ չպետք է անդրադառնա թեզերի որակի վրա: