«Չեմ ձգտել պաշտոնների․․․ Իսկ ո՞վ գնա իմ երազանքների ետեւից․․․»․ Մալխաս

«Չեմ ձգտել պաշտոնների․․․ Իսկ ո՞վ գնա իմ երազանքների ետեւից․․․»․ Մալխաս

Լեգենդար ջազմեն, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր Լեւոն Մալխասյանի հարցազրույցը «Մշակութային Հրապարակ»-ին: 

- Ջազը Ձեր սերն է, Ձեր տարերքը: Հա՞շտ եք ջազի հետ, երբեք բախումներ չե՞ն եղել:

- Ոչ մի անգամ չի եղել բախում ջազի հետ, երբեւէ չեմ հիասթափվել ջազից: Կոմունիստների ժամանակ եղել է ոչ թե նվագելու արգելանք, այլ ջազը՝ որպես իդեոլոգիա, անընդունելի էր: Ի տարբերություն Մոսկվայի եւ մյուս քաղաքների, որտեղ ջազմենները դիսիդենտ էին համարվում, ես դիսիդենտ չէի: Ինձ թույլ էին տալիս նվագել, ոչ թե արգելում էին, այլ անտարբեր էին: Ես նվագում էի Փոքր դահլիճում, Կոմպոզիտորների միության դահլիճում, եթե հաջողվում էր՝ տարբեր բար-կաֆեներում: Սա բացատրվում է նրանով, որ ինձանից առաջ՝ 1938 թվականին, Արտեմի Այվազյանը Հայաստանում ստեղծեց առաջին ջազ-օրկեստրը: Հետո էստաֆետը վերցրեց Կոնստանտին Օրբելյանը եւ 40 տարի պահեց ջազ-օրկեստրը: Երեւանում մինչեւ 1960-ականներ արդեն կային մի քանի մեծ ջազային բենդեր՝ Մարտին Վարդազարյանի, Օրբելյանի: Դրանով  է բացատրվում, որ ինձ հաջողվեց պահել այդ գիծը: Ես ստեղծեցի առաջին փոքր ջազային խումբը՝ եռյակ էր՝ Բրյուսովի անվան ինստիտուտում, որտեղ սովորում էի: 

- Ջազը բարության քարոզ է. մտածե՞լ եք՝ ինչպիսին կլիներ աշխարհն առանց ջազի:

- Ոչ, իհարկե՝ ոչ: Աշխարհը խեղճ կլիներ առանց այդ երաժշտության: Ջազային արվեստը կղզիացած է, սա ո՛չ շոու-բիզնես է, ո՛չ էստրադա է, ո՛չ ռոք է, ո՛չ ժողովրդական է, ո՛չ էլ դասական է: Կոմունիստները չէին հասկանում եւ չէին էլ ուզում հասկանալ: Սա ամերիկյան երաժշտություն է: 
    - Տարածված կարծիք կա, թե շատերը հիմա ջազ լսում են միայն նրա համար, որ նորաձեւ է, սակայն չեն հասկանում: Կարողանո՞ւմ եք տարբերել իսկական ջազասերներին նմանակողներից: 

- Չասեք՝ ջազը դարձել է նորաձեւ: Ջազի համար 60 թվին էլ էին դահլիճներ ջարդում, 70-ին էլ, 80-ին էլ, հիմա էլ: Իհարկե, ես կարողանում եմ տարբերել իսկական ջազասերներին նմանակողներից: Իրենց անտարբերությամբ դեպի ջազը: Մարդը լսում է մի ժամ, հետո թողնում գնում է: Գիտե՞ք ինչ, քանի որ ջազը շատ ազատ, դեմոկրատ ժանր է, նրան ամեն ինչ էլ սազում է: Ջազի թարգմանություններից մեկը՝ «ջազ-կյանք»: Ջազը փոփոխվող, չկրկնվող, աննման եւ բարդ է այնպես, ինչպես կյանքն է: Ջազ երաժիշտը նվագելուց, իմպրովիզացիա անելուց  միշտ տարբեր է, դա տվյալ վայրկյանի զգացողությունն է: 

- Ասում են՝ նոտաներ չգիտեք: Դա ճի՞շտ է: Երբեք ցանկություն չե՞ք ունեցել սովորելու:

- Ոչ միայն նոտաներ չգիտեմ, այլեւ ընդհանրապես երաժշտական կրթություն չունեմ: Ամերիկայի ջազմենների կեսը կապ չունի նոտաների հետ: Դա նորմալ է այնտեղ, այստեղ է, որ չեն պատկերացնում՝ ո՞նց կարելի է նվագել՝ չիմանալով նոտա, չունենալով երաժշտական կրթություն: Աշխատասիրության շնորհիվ է դա, մանավանդ սկզբնական շրջանում՝ 60 թվին, երբ 15 տարեկան էի, ոչ թե 75: Արդեն 60 տարի ջազ եմ նվագում: 

- 60 տարի առա՞ջ էլ ցանկություն չունեիք նոտաներ սովորելու: 

- Չեմ հետեւել, դա իմ անփութությունն է, որ լուրջ չեմ զբաղվել դրանով…

- Դուք շատ եք նվագում ժամանակակից հայ երաժիշտների հետ։ Մենք՝ հայերս, ջազում խոստումնալից ապագա ունե՞նք:

- «Մալխաս ջազ ակումբ»-ում ունեմ յոթ խումբ, յոթն էլ՝ երիտասարդներ: Ես ունեմ այնպիսի ջազային բանակ, որը ցանկացած երկիր կողջուներ եւ որով կհպարտանար: Եթե սկսեմ անուններ տալ, մինչեւ առավոտ կարող եմ թվարկել: 

- Հույսեր կա՞ն, որ ռաբիսը նահանջում է: 

- Չէ, չէ… Մոսկվայից հայտնի ջազմեն Իգոր Բութմանը երբ այցելում է Երեւան, անպայման գալիս է ինձ մոտ՝ ակումբ: Հարցրեցի նրան, թե 17 միլիոնանոց մեգապոլիսում ինչո՞ւ ջազ ակումբ չունի: Պատասխանեց՝ «պոպսան» ինձ կերել է: Ասացի, որ ինձ էլ ռաբիսն է փորձում ուտել, բայց չի ստացվում, 14 տարի է՝ պահում եմ ակումբը: Սա յուրահատուկ բան է՝ 14 տարի Երեւան քաղաքում գոյություն ունի ջազ ակումբ:

- Եվ բոլոր պատվավոր հյուրերը հրավիրվում են «Մալխաս ջազ ակումբ»:

- Ոչ միայն պատվավոր, ով ասես գալիս է, որովհետեւ ջազն այնպիսի բաց, ազատ ժանր է, որ սկսած նկարիչներից, քանդակագործներից, պրոֆեսորներից, վերջացրած ուսանողներով, գալիս են: Շատ գոհ եմ, որ հատկապես վերջերս երիտասարդությունն է սկսել գալ: Չեմ ձգտում ամբողջ երկիրը «ջազաֆիկացնել», ինչպես Լենինը էլեկտրիֆիկացրեց: Ամեն դեպքում, ինչքան հնարավոր է պահել ժանրը, փորձել ենք պահել կոլեգաներիս, ընկերներիս հետ: 

- Դուք բազմաթիվ փառատոների դափնեկիր եք, հաջողակ եւ պահանջված երաժիշտ, ո՞րն է Ձեր կյանքի մեծագույն ձեռքբերումը:

- Այն, որ ես կարողացա ջազային ժանրի ավանդը պահպանել Հայաստանում, որի սկիզբը դրել են Արտեմի Այվազյանը, Կոնստանտին Օրբելյանը, Մարտին Վարդազարյանը, Մելիք Մավիսակալյանը, Ստեփան Շաքարյանը: Նրանք մեր վետերաններն են, այդ նրանք դրեցին ջազի հիմքը, ես ուղղակի նրանց շարունակողն եմ:  Շատ սխալմամբ ինձ ասում են՝ «Հայաստանում ջազի պապան է», ես ընդամենը շարունակողն եմ, ոչ թե ստեղծողը: 

- Ինչի՞ մասին կարող է երազել հայտնի եւ սիրված ջազմենը, ով ողջ կյանքում սիրելի գործով է զբաղվել, ունի լավ ընտանիք, հիանալի ընկերներ, ապրում եւ ստեղծագործում է աշխարհում իր ամենասիրելի անկյունում՝ Երեւանի կենտրոնում: 

- Ժամանակին երազում էի Հայաստանում ջազային փառատոներ կազմակերպելու մասին եւ դա արել եմ յոթ անգամ: Ութերորդը կանեմ այս տարի: Բազմաթիվ ամերիկյան աստղեր եկան փառատոներին՝ Չիկ Կորեա, «Նյու Յորք Վոիսիս», Ալ Ջերո, Ջորջ Բենսոն, Հերբի Հենքոք… Երազում էի նաեւ ջազ ակումբ ունենալ՝ ունեմ: Հիմա երազում եմ… Վախենում եմ ասել… Երազում եմ ունենալ ջազային ստուդիա-դպրոց: Եթե դա էլ ունենամ, ապա կհամարեմ, որ իմ բոլոր երազանքները Երեւան քաղաքում, որտեղ ծնվել, մեծացել, ապրում եմ, իրականացել են: Վերջինն էլ բարդ իրականացվող երազանք է, բայց կանեմ դա: Ջազ լսող երեխաները տեղ չունեն գնալու. նրանք պետք է մեծանան, որ կարողանան գնալ Կոնսերվատորիայի ջազային բաժին կամ ջազային քոլեջ: 

- Շքանշանների, կոչումների, պետական պարգեւների արժանացած մտավորական եք: Առհասարակ դրանց ինչպե՞ս եք վերաբերվում: 

- Շատ պատվավոր է Հայաստանի ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի լինելը, ոսկե մեդալներ ստանալը, շատ են, երկար կարող եմ թվարկել: Դրանք չեն կարեւորը, ավելի կարեւոր մի բան կա, որ վերջերս եղավ. ջազի իմ կնքահոր՝ կանադացի հայտնի դաշնակահար-ջազմեն Օսկար Պիտերսոնի (մահացել է մի քանի տարի առաջ) ընտանիքից վերջերս ստացա մի փաթեթ եւ ուղերձ-նամակ, որում գրված է. «Շնորհավորում եմ Ձեզ եւ Ձեր ջազ ակումբին: Տորոնտոյից մի երիտասարդ ջազմեն՝ Լեւոն Իշխանյանը, ինձ ասաց, որ եկել է Ձեր ակումբ, այնտեղ տեսել է իմ ամուսնու նկարները եւ հայտնել է, որ Դուք ամենամեծ կոլեկցիոներն եք նրա վինիլների»: Օսկար Պիտերսոնի 53 վինիլ ունեմ: Ամբողջ կյանքում հավաքել եմ: Նրա շնորհիվ եմ սովորել նվագել, նա ինձ համար Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, Կոմիտասի անվան կոնսերվատորիա էր: Ու հանկարծ, ես նրա մահից հետո նրա կնոջից ստանում եմ ուղերձ՝ շնորհակալ եմ Ձեզանից՝ իմ ամուսնու արվեստի հանդեպ Ձեր վերաբերմունքի համար: Եվ վերջին նախադասությունը, որն ինձ ցնցեց. «Ուղարկում եմ Ձեզ նրա փողկապը»: Դրել եմ շրջանակի մեջ եւ կախել եմ ջազ ակումբում, երիտասարդները գալիս եւ նկարվում են այդ փողկապի հետ: 60 տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ: Առաջին անգամ ես նրան լսեցի եթերից: Այն ժամանակ դիսկեր չկային, ուրիշ քաղաքներ էի գնում, որ մի վինիլ գնեմ: Ուր ասես՝ Մոսկվա, Խարկով, Թիֆլիս… Հյուսնունց Արմենն էր ստացել այդ ծանրոցը, բերեց այստեղ՝ սրճարան, բացեցինք, բոլորը տեսան՝ նկարիչներ, երաժիշտներ, ասում էին՝ ձեռք տամ, նկարվեմ… Սա էլ մեծ պարգեւատրում եւ նվաճում է ինձ համար: 

- Ջազից բացի՝ մի մեծ սեր էլ ունեք. Ձեր՝ Երեւանի հանդեպ մեծ սիրո մասին ամբողջ քաղաքն է խոսում…

- Առավելագույնը 13 օր եմ կարողանում արտերկրում լինել: Ջազի շնորհիվ ավելի քան 50 երկրում եմ եղել: Որտեղ էլ որ գնամ, ամենաուշը 13-րդ օրը պետք է վերադառնամ Երեւան: Դա «երեւանյան հիվանդություն է», բայց, փառք Աստծո, ո՛չ բժշկական, այդպիսի իրական հիվանդություն էլ կա: Չեմ կարող բացատրել, թե դա ինչ է, բայց 13-րդ օրը պետք է գամ: Պատերազմի, ցրտի, մթի եւ սովի տարիներին Հենրիկ Իգիթյանն ինձ առաջին անգամ տարավ ԱՄՆ: Նյու Յորքում, Վաշինգտոնում էի, ամբողջ օրը ջազ ակումբներից դուրս չէի գալիս, լավ էր: 13-րդ օրը երկու տիկին եկան ինձ մոտ եւ առաջարկեցին, որ մի շքեղ նավի վրա, որտեղ նվագում են սեւամորթները, շրջագայեմ եւ նվագեմ: Հետաքրքիր առաջարկ էր, ամեն մարդ չի հրաժարվում այդպիսի պայմանագրերից: Տեւողությունը հարցրեցի, երեք ամիս էր տեւելու: Մերժեցի ու եկա Հայաստան: Ձմեռ էր: Օդանավակայանի աշխատակիցները մոմերով դիմավորեցին եւ տեսնելով, որ Նյու Յորքից եմ եկել, զարմացած հարցրեցին.  «Մալխաս, գոնե սպասեիր՝ գարունը բացվեր, կգայիր, դեկտեմբերին ինչո՞ւ ես վերադարձել Հայաստան»: Այդքան մեծ է սերս Երեւանի հանդեպ: Երեւանը սիրում եմ իմ երեխայի պես. ես նրա մեջ ամեն օր թերություն չեմ գտնում: Եթե ամեն օր ընկնեմ թերություններ ման գամ, այդ ժամանակ սերդ էլ կանցնի, ջազն էլ կմոռանաս, միտքդ էլ կպղտորվի…

- Տեղյակ եմ, որ Ձեզ առաջարկվել են պաշտոններ, որոնք Դուք մերժել եք: Ինչո՞ւ:

- Իսկ ո՞վ գնա իմ երազանքների ետեւից… Չեմ ձգտել պաշտոնների, ինչ առաջարկել են, մերժել եմ:  Մի 15 տարի առաջ, երբ 60 էի, ինչ ասես առաջարկում էին՝ մշակույթի նախարար, պատգամավոր: Նույնիսկ աշխատանքային գրքույկ չունեի, վերջերս մեկը ձեռք էի բերել, այն էլ՝ դրանք դուրս եկան գործածությունից: Ջազմենն իրավունք չունի ադմինիստրատիվ աշխատանքով զբաղվելու: Աստված որ ջրի երես է հանում մարդուն, մի ուղի է տալիս, հասկացնում է՝ սա է քոնը, սրանով շարժվիր, հանկարծ այդ խրամատից դուրս չգաս: Բիզնեսմեն կամ պաշտոնյա դառնալու համար էլ պետք է տաղանդ ունենաս, դրանով լուրջ զբաղվես: Ես դրա ժամանակը չունեմ, չեմ մտածել դրա մասին: 

- Դուք պաշտոններ չեք սիրում, բայց այ պաշտոնյաները շատ են սիրում Ձեր արվեստը, Ձեր ակումբը:

- Գալիս են, բոլորն էլ գալիս են, եւ ես միայն ուրախ եմ դրա համար: Դա խոսում է այն մասին, որ ջազի նկատմամբ հետաքրքրություն կա:

- Մեզանում երաժիշտների մի մասը բողոքում է մշակութային քաղաքականությունից, խոսում դրա բացակայության մասին: Ջազը կարիք ունի՞ մշակութային աջակցության:

- Երբ ես կազմակերպել եմ միջազգային փառատոներ, մշակույթի նախարարությունը մասնակցել է, օգնել է, բողոքելու տեղ չունեմ դեռ:

- Մշակույթի նախարարություն, ըստ Ձեզ, պե՞տք է Հայաստանին:

- Մշակույթի նախարարությունն ուրիշ որակով գոյություն կունենա, միացել է կրթության եւ գիտության նախարարությանը: Ես չեմ համարում, որ նախարարությունը վերանում է, կգործի այլ կարգավիճակով: Չի վերացել, անունն է վերացել: Երեւի ճիշտ էր: Չանցնեք քաղաքականության, ի սեր Աստծո, ես դրանից շատ-շատ հեռու եմ: 

- Իսկ քաղաքական գործիչները մոտ են Ձեր արվեստին, գալիս են ջազ ակումբ, հարգանքի տուրք մատուցում ջազին…

- Դա էդպես էլ պետք է լիներ: Պուտինից սկսած, Նիկոլ Փաշինյանով վերջացրած, բոլորը եկել են ջազ ակումբ: Ի՞նչ է եղել, մարդ են…

- Ձեր ակումբում է՞լ եք քաղաքական գործիչներին հորդորում քաղաքականությունից չխոսել: 

- Հինգ ժամ նստեցինք պարոն Փաշինյանի հետ, մի հատ քաղաքական հարց չենք քննարկել: Նմուշի համար մի հարց չենք քննարկել:

- Ինչի՞ մասին էիք խոսում:

- Ամեն ինչից: Նա ժուռնալիստ է, չէ՞, իր հիմնական մասնագիտությամբ: Նա էր, ի դեպ, հարցեր տալիս՝ ո՞նց եք սկսել նվագել, որտե՞ղ, ջազ-ակումբը ո՞նց է աշխատում եւ այլն: Ամեն ինչից խոսեցինք, բացի քաղաքականությունից, մի հարց ո՛չ ես տվեցի, ո՛չ ինքը: Եվ ես շատ գոհ եմ մեր այդ հանդիպումից: Նա ընտանիքով էր եկել, ես մի քանի հետաքրքիր բան պատմեցի ջազ ակումբի վերաբերյալ, երեխաները բարձրացան նկարվեցին: 

- Ջազից, Երեւանից, քաղաքականությունից, երազանքներից… Ամեն ինչից մի քիչ խոսեցինք, կանանց մասին բան չասացիք, կանանց հանդեպ սիրո մասին էլ ոչ մի խոսք: Գինին, սերը, կանայք արվեստագետների համար միշտ էլ ներշնչանքի աղբյուր են…

- Ի՞նչ կարող եմ ասել:  Միշտ շրջապատված եմ եղել սիրուն, խելոք կանանցով, ինչի համար հպարտություն եմ ապրում:  Իմ մուսան միայն կնոջ շուրջ չէ կենտրոնացած, լավ, որակյալ ջազային երաժշտության շուրջ է նաեւ: Եվ ես ամեն օր եմ լսում լավ երաժշտություն… Ի դեպ, ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, արդեն 5 տարի անընդմեջ Երեւանում նշում ենք բացօթյա համերգային ծրագրով, հետաքրքիր ջազային օր կա առջեւում… 

Զրուցեց գրող, լրագրող Սիրան ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ