Էդմոն Մարուքյանը ՍԴ դիմելու փոխարեն դիմում է Սուրեն Պապիկյանին՝ լոբու եւ կարտոֆիլի հարցով

Էդմոն Մարուքյանը ՍԴ դիմելու փոխարեն դիմում է Սուրեն Պապիկյանին՝ լոբու եւ կարտոֆիլի հարցով

Բոլորը սպասում էին, որ Էդմոն Մարուքյանը՝ իր Լուսավորով կդիմի Սահմանադրական դատարան եւ կկասեցնի Սահմանադրության անօրինական փոփոխությունների ընթացքը, բայց նա ավելի իշխանամետ գտնվեց, քան Բարգավաճ Հայաստանը, որը հայտնի է տարիների իշխանամետ կեցվածքով, ու չդիմեց ՍԴ։ Ինչ որ լոլոներ կարդաց Ռոբերտ Քոչարյանի գործի մասին ու իր անգնահատելի ծառայությունը մատուցեց հեղափոխական իշխանություններին։

Հիմա Էդմոն Մարուքյանը այցելում է գյուղեր, տարբեր համայնքներում տարբեր լոկալ հարցերով է զբաղվում, երեկվանից էլ Վայքում է՝ Ամուլսարի համար պայքարողներին աջակցելու համար։

Իսկ այսօր նա դիմել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին «Հրազդանում կարկուտից տուժած համայնքների մոտ 35 հեկտար կարտոֆիլի ու լոբու դաշտերի» խնդրով։ Նա նախարարին խնդրել է հրատապ միջոցառումներ ձեռնարկել այդ հույժ կարեւոր հարցը լուծելու համար՝ պետական աջակցության ծրագրում ընդգրկելով կարկուտից տուժած գյուղացիներին։ Պապիկյանին ուղղված նամաի վերջում էլ ԼՀԿ առաջնորդը գրել է՝ «հուսով եմ դրական պատասխան կստանանք»։

Արձանագրենք, որ մենք Էդմոն Մարուքյանից իրական ընդդիմության ակնկալիքներ ունեինք եւ կարծում էինք, որ նա ավելի խոշոր դերակատարում կարող է ստանձնել երկրում՝ զբաղեցնելով արմատական ընդդիմադիր դաշտը եւ Նիկոլ Փաշինյանի Քաղպայմանագրին լուրջ մրցակից լինելով, որի արդյունքում կարող էր նաեւ իշխանության գալ, սակայն Էդմոն Մարուքյանը նախընտրեց լոբու եւ կարտոֆիլի բերքատվության հարցերով զբաղվել։

Եթե մեր իշխանությունը խելացի լինի՝ նորից կվերաբացի գյուղատնտեսության նախարարությունը եւ գյուղնախարարի պաշտոնում կկարգի Էդմոն Մարուքյանին։ Հասարակությունը ձեռք կքաշի Էդմոնից՝ որպես ընդդիմադիրի, ընդդիմության դաշտը վերջնականապես կմաքրվի ու նոր ուժերով կզբաղեցվի, գյուղացիներն էլ կունենան իրենց լոբու, պոմիդորի ու վարունգի բերքի համար սրտացավ մեկին՝ կառավարությունում։