Սամվել Բաբայանի հետ համագործակցել ենք սպառազինությունների հարցի շուրջ

Սամվել Բաբայանի հետ համագործակցել ենք սպառազինությունների հարցի շուրջ

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի հարաբերություններ են այսօր պահպանում ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ, որը նույնպես հավակնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին։

«2015թ․ Սամվել Բաբայանն աջակցել է մեզ ԱԺ ընտրությունների ժամանակ իր կողմնակիցներին ոչ հրապարակային կոչ անելով մեզ աջակցել։ Դրանից հետո մեր համագործակցությունը շարունակվել է սպառազինությունների վերազինման հարցի շուրջ։  Նա կարծում էր, որ  Արցախի պաշտպանության բանակը  պետք է ձեռք բերի սպառազինություններ, հատկապես հակաօդային պաշտպանության միջոցներ։ Եվ ապրիլյան պատերազմից հետո այդ հարցը դարձավ օրակարգային, թե ինչ սպառազինություններ պետք է ձեռք բերվեն հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում։ 2011թ.-ից Ադրբեջանն ակտիվորեն զինվում էր, իսկ Հայաստանը`ոչ:

Սա բերել էր լուրջ դիսբալանսի, ինչն էլ հանգեցրեց ապրիլյան էսկալացիային: Բաբայանը բազմիցս առաջարկել էր թե՛ ՀՀ, թե՛ ԱՀ իշխանություններին ձեռք բերել սպառազինություն, հատկապես պաշտպանական և առավելապես ՀՕՊ համակարգեր: Այդ առաջարկները պարբերաբար ուղղվել են իշխանություններին, սակայն կատարյալ անտարբերության էին մատնվել:

Մենք, այդ թվում հրապարակային միջոցառումներով, պաշտպանել ենք Բաբայանի այս առաջարկությունները: Մեր կուսակցության համար սպառազինունների գնման, բանակի վերազինման թեման առաջնային տեղում է և ուրախ ենք, որ ՀՀ ներկա իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում այս թեմային:Հայաստանի ներկա կառավարությունը լուրջ զբաղվում է սպառազինությունների համալրմամբ։ Մեր համագործակցությունը Սամվել Բաբայանի հետ եղել է այդ շրջանակներում։ Եվ կարծում եմ, որ այն ժամանակ դա եղել է պահանջված տարբերակ։ Հիմա Սամվել Բաբայանը սկսել է նոր քաղաքական գործընթացներ, որոնց մենք մասնակից չենք »,- ասաց Հայկ Խանումյանը։