«Երջանկության» մեխանիկա

«Երջանկության» մեխանիկա

Հայտնի խոսք կա՝ մարդն իր ոճն է: Նրա էությունը բացահայտվում է խոսքում: Մանավանդ՝ գրավոր: «Հրապարակի» հեղինակը կարծում է, թե իմ «Հասան Արցախ» հոդվածում արտահայտված միտքը, որ տեղի որոշ ուսուցիչներ ԿԳՄՍ հրապարակած չափորոշիչների շուրջ քննարկումներն  իջեցրել են իրենց մասնագիտական «պատրաստվածության»  մակարդակին, ցույց է տալիս, որ «թավիշը նաեւ Աֆրիկայում է թավիշ եւ ռեալ վտանգ կա, որ հայ ժողովրդին «կռտելու» լեւոնա-նիկոլական չափորոշիչները կարող են տարածվել նաեւ Արցախի վրա եւ մունդռել հայկական երկրորդ հանրապետության գիտա-կրթական համակարգերը»:

Պարոնին հետաքրքիր չէ, որ տողերիս հեղինակն այդ չափորոշիչների մասին այլուր բաց գրել է, որ առարկան պետք է կոչվի «հայ գրականություն, որովհետեւ հայերեն թարգմանված Կաֆկան նույնպես հայ գրականություն է»: Նրան պետք չէ, որ ընթերցողն իմանա իմ մոտեցումը՝ վերջին հայ արձակագիրը, որ դպրոցական ծրագրում տեղ գտնելու  իրավունք է վաստակել, հանգուցյալ  Լեւոն Խեչոյանն է: Մարդը «երջանկանում է» միայն այն դեպքում, երբ իր հասկացածով ինձ «լեւոնա-նիկոլական» կոչելու առիթ է ունենում: Այս դեպքում հղում եմ անում Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» դասախոսությանը, որտեղ հնացած, գրեթե սիմվոլ դարձած, նոր սերնդին անհասկանալի եւ ոչինչ չասող են գնահատված Աբովյանը, Նալբանդյանը եւ Րաֆֆին: 1914 թվականին, այդ դասախոսությունը կարդալու տարում աշխարհում Ջորջ Սորոս  չկար, հայ իրականության մեջ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան:

Բայց Տերյանը դնում էր նոր գրականության խնդիր, որովհետեւ հասկացել էր, որ աշխարհը մտնում է կատաղի մրցակցության դարաշրջան, եւ «թույլերը պարտվում են»: Պարոնը, երեւում է, չգիտի, որ ոչ լրիվ մեկ տասնամյակ անց Չարենցը հեղինակել է «Երեքի դեկլարացիան»՝ որպես նոր դարաշրջանի գրական մանիֆեստ: Տեղյակ չէ,որ Չարենցից երեսուն տարի հետո Պարույր Սեւակը գրել է «Ազգային հպարտություն  եւ ազգային սնապարծություն» ծրագրային հոդվածը՝ քարը քարին չթողնելով ճոռոմաբան մասիսերգությունից: Եւ իր քննադատների մասին ասել, որ նրանք հասցնում  են մտրակել միայն իր ստվերը, գրական անցյալը, մինչդեռ նույն պահին ինքն արդեն առաջ անցած է լինում: Նրան չի հետաքրքրում, որ «Հայկական էսքիզներից» Վարդգես Պետրոսյանը հասել է «Դատարկ աթոռներ ծննդյան տոնին» /«Կրակե շապիկ» վեպին: Որ գրական-մշակութային կանգառը ժողովրդի մահն է, քաղաքակրթական ստագնացիան:

Նա կցանկանար, որ 21-դարի հայ աշակերտը կրթվեր եւ դաստիարակվեր Ավետիս Ահարոնյանի «Արցունքի հովիտ»-ով: Որովհետեւ, ճիշտ է, այնտեղ գրականությունը, Պարույր Սեւակի ասած՝ թեեւ «նույնիսկ չի գիշերել»՝  բայց հո ազգայի՞ն է: Նա կուզենար, որ Իսահակյանի հսկայակշիռ ժառանգությունից այսօրվա դպրոցականը կարդար միայն «Հայդուկի երգերը»: Որովհետեւ պարոնի պատկերացրած «ազգային արժեքը» միայն 19-րդ  դարավերջի- 20-րդի սկզբի ազգային-ազատագրական պայքարն է: Նա դեռ ապրում է Րաֆֆու ծրագրային վեպերի տպավորությամբ: Իհարկե՝ ոչ անձնապես: Դա պարզապես մի աղանդ է, որի հետեւորդն է նա: Աղանդ, որ քաղաքական կուսակցության փաթեթավորմամբ պղտորում  է հայ մտավորականության ուղեղը, մթագնում բանականությունը: Ի՞նչ են ասում նրանք: Մի բան. «Եթե օրվա դպրոցականը խրորխտ չարտասանի Պատկանյանի «Հիմի՞ էլ լռենք»-ը, վաղը չի կռվի թշնամու դեմ»:

Կյանքը հակառակն է ապացուցում: Ղարաբաղյան պատերազմի, ապրիլյան քառօրյայի, տավուշյան մարտերի ո՞ր հերոսն է «Մայր Արաքսի ափերով» արտասանելով կռվի նետվել: Վերցրեք, ուսումնասիրեք: Շատերը նույնիսկ կարգին կրթություն չեն ունեցել: Հարյուրավորները ռուսական դպրոց են ավարտել: Ոչ Խորենացի են կարդացել, ոչ Նարեկացի, Ֆրիկ եւ Քուչակ: Գրականությունը քաղաքակրթական արժեք է,ոչ թե՝ ռազմա-հայրենասիրական դաստիարակության գործիք: Գրականությունը քաղպարապմունքի նյութ չէ: Մանավանդ որ ազգային արժեք են ինչպես «Վերք Հայաստանին»՝ իր ողջ դրամատիզմով, այնպես էլ նույն հեղինակի «Թուրքի աղջիկը» կամ Լեւոն Ջավախյանի «Քիրվան»: Հայի կերպար է Հրանտ Մաթեւոսյանի եւ Մեսրոպը, եւ սարերից ղազախեցի թուրքի հետ ահնիձորցու վերջին ձին մորթարան քշողը: Նույն դարաշրջանից Րաֆֆին «Սամվել» է հեղինակել, Ստեփան Զորյանը՝ «Պապ թագավոր»: Լեւոն Խեչոյանի մոտ ստացվել է «Արշակ  արքա, Դրաստամատ ներքինի» հոգեբանական վեպը, իսկ Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդն» արդեն քաղաքական գործ է: Ո՞րը տանք աշակերտին: Նույն 451թ. ապստամբության մասին Դերենիկ Դեմիրճյանը եւ «Վասակ» դրամա է գրել, եւ «Վարդանանք»: Պատմաբան Ադոնցը մարզպան Վասակին է կանգնեցնում դատաստանի առաջ, այսօրվա հայ ուսումնասիրողը՝ Վասակին «դավաճան» պիտակավորողներին: Հիմա Վասակը դավաճա՞ն է, թե՞ բազմահմուտ քաղաքական գործիչ եւ դիվանագետ: Այս եւ բազմաթիվ ուրիշ խնդիրներ եթե բանավեճի առարկա չեն դառնում, ուրեմն ճիշտ է առաջին նախագահը՝  բանավեճ չկա, սոսկ «գավառամտություն» է: Եւ դրա անթաքույց վկայությունը՝ մեջբերված հրապարակման հեղինակի ոճը: Երբ մի նախադասության մեջ իրեն թույլ է տալիս օգտագործել ժարգոնային «վատանալ» եւ գռեհկախոսական «կռտել» բառերն ու թուրքական փոխառություն «մունդռելը»՝ ոտքի կոխան անելով գրական հայերենի ուղղագրությունը եւ շարահյուսությունը: Մարդը դրանից իրեն երջանիկ է զգում: Երեւի՝ ոչ միայն հոգեկան առումով: Այդ «երջանկության» մեխանիկան է ավերում հայ հանրային-քաղաքական-քաղաքակրթական առաջընթացը, մեզ առնվազն հարյուր-հարյուր հիսուն տարով ետ մղում: Սա է խնդիրը: Թե չէ ծրագրում Արամ Պաչյանի պատմվածքը լինի-չլինի՝ էական չէ…

Հ. Գ. Պարոնը պետք է որ իմանար՝ հայկական երկրորդ հանրապետություն Արցախը կազմավորման առաջին օրվանից չունի առանձին գիտա-կրթական համակարգ: Չի ունեցել անգամ խորհրդային շրջանում: Ամեն ինչ՝ ինչպես Հայաստանում: Եւ այստեղ «ազգային-ռազմահայրենասիրական գետտո» ստեղծելու բոլոր փորձերն ի սկզբանե ձախողված են: Դրանք միայն մերկացնում են Արցախը Հայաստանին հակադրելու ոմանց քաղաքական նկրտումները: Բայց սա առանձին ուսումնասիրության թեմա է:

Հ.Հ.Գ. Դեմիրճյանի «Վարդանանքի» մասին Իսահակյանն ասել է, թե հայ ժողովրդին հարյուր տարի հայ կպահի: 75 տարին անցել է: Քառորդ դար հետո ի՞նչ ենք ունենալու «Վարդանանքին» փոխարինող: Այս իմաստով եւ Պատկանյանն է ավարտված, եւ Րաֆֆին: Իսկ Ահարոնյանի «Արցունքի հովիտը» նույնիսկ «գերեզմանաքարի» արժանի չէ: Իսահակյանի «Հայդուկի երգերը»՝ նույնպես: Բայց նրա «Սաադիի վերջին գարունը» դեռ կարդացվում է: