ԵՊՀ ռեկտորն ասաց` սպասեք մինչեւ իմ ընտրությունը լինի, խնդիրը կլուծվի, մինչ օրս սպասում եմ. պրոֆեսոր

ԵՊՀ ռեկտորն ասաց` սպասեք մինչեւ իմ ընտրությունը լինի, խնդիրը կլուծվի, մինչ օրս սպասում եմ. պրոֆեսոր

Ջրային ռեսուսների կառավարման ոլորտում տասնամյակների փորձ ունեցող մասնագետը ԵՊՀ-ում դասաժամ չունի, պայմանագիրը խզել են` անգործ թողել։ ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի նախկին պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ջրային ռեսուրսների եւ կլիմայի մասնագետ Թրահել Վարդանյանն արդեն 4 տարի է փորձում է վերականգնել դասաժամերը մայր բուհում, ապարդյուն։ Նոր ռեկտորներն ու դեկանները դատարկ խոստումներ են տվել, սակայն ականջի հետեւ գցել։ 

«Սեպտեմբերին լրացավ աշխատանքից ազատվելու չորրորդ տարին։ Այսքան տարի լռել եմ՝ կարծելով, թե եկող նոր ռեկտորը, դեկանը կկարեւորեն մասնագետին եւ կվերականգնեն դասաժամերը։  Նոր ռեկտորներն ու դեկաններն ասում էին՝ անարդարություն է եղել, քեզ կվերականգնենք, սակայն փափուկ բարձ դնելով գլխիս տակ՝  3 տարի է ժամեր չեն տալիս, պայմանագիրը լուծարել են»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց պրոֆեսորը։  

«Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն պրոբլեմներից մեկը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն է, և ես 1-2 ամիս առաջ հանձնարարական եմ տվել, որ պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք», ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 5-ի կառավարության նիստում։ Հռետորական հարց է տալիս Թրահել Վարդանյանը՝  երկրի վարչապետը որակյալ մասնագետի փնտրտուքով է զբաղված, ասում է՝ ջրային ռեսուրսների կառավարում չկա, սակայն ջրային ռեսուրսների կառավարման միակ մասնագետին դուրս են թողել ԵՊՀ-ից, ժամեր չեն տալիս, «ցանկալի անձ չեմ», ասում է պրոֆեսորը։

«Վերջին մեկ տարին ոչ մի պաշտոնատար անձ, այդ թվում երկրի նախագահը երբեք չի խոսել ջրային ռեսուրսների կառավարման անփույթ վերաբերմունքի մասին։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ռիսկ ունեցավ ասել, որ չկա ջրային ռեսուրսների կառավարում։ Ես դրա մասնագետն եմ։ Ջրաօդերեւութաբանության մասնագիտությամբ Հայաստանում միակ դոկտոր պրոֆեսորն եմ»,-նշեց նա։

Վարդանյանն աշխատանքից ազատվելու պատճառներից է խոսում, ասում է` նախկին դեկանի` Մարատ Գրիգորյանի հետ է եղել խնդիրը, որն այլեւս ԵՊՀ-ում չի աշխատում։ «Նախկին դեկան Մարատ Գրիգորյանի հետ է եղել խնդիրը։ Նա ստիպում էր դասախոսներին՝ անցնել Դաշնակցության շարքերը։ Ես ընդդիմացել եմ, ասել եմ՝ իմ կուսակցությունը իմ գիտությունն է։ Շատերը վախեցան, դիմում գրեցին ու ընդունվեցին։ Նա եւ այդ ժամանակվա ռեկտորը պայմանագիրս լուծարեցին։ Նրանք տեսնում էին իմ պոտենցիալ հզորությունը՝ փորձում ազատվել ինձնից»,-պատմում է պրոֆեսորը։ 
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ էլ է հանդիպել՝ եւ՛ նշանակումից առաջ, եւ՛ հետո, սակայն իր կյանքում ոչինչ չի փոխվել։ «Հանդիպեցի Հովհաննիսյանի հետ, քննարկեցինք, զարմացավ, թե` ոնց կարելի է այդպես անել, ավելին, ասաց՝ սպասեք մինչեւ իմ ընտրությունը լինի, խնդիրը կլուծվի։

Սպասեցի՝ ընտրվեց, նորից գնացի, մինչեւ հիմա տանում-բերում է։ Ժամանակ է ձգել, իսկ վերջին մեկ տարին մերժում է հանդիպման առաջարկներս։ Ֆակուլտետում բոլորը ժամի հարց են լուծում, բայց ոչ մասնագետի։ Ասիստենտը, չպաշտպանած մարդը մագիստրատուրայում պարապում է այն առարկաները, որ ես եմ պարապել, նրան տալիս են ժամ, ինձ չեն տալիս։ Ոչ մի կուսակցության երբեք չեմ հարել, իմ կուսակցությունն իմ գիտությունն է եղել, չեմ խառնվել ոչ մի քաղաքական պրոցեսների»,-ընդգծեց նա։

Նշենք, որ այս իշխանության օրոք ԵՊՀ-ից տարբեր դրդապատճառներով դուրս մնացած, կրճատումների տակ հայտնված դասախոսները համալսարանի դիմաց մամուլի ասուլիս տվեցին երեկ։ Նրանք պատրաստվում են իրավական ճանապարհով վերականգնել աշխատանքը։