«Բանակի կերպափոխման հայեցակարգ»

«Բանակի կերպափոխման հայեցակարգ»

Վերջին 1-2 տարին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ոգեւորված «խաղաղության խաչմերուկ» կոչված անհեթեթությամբ, սահմանների եւ պետության անվտանգության առաջնային գործոն էր համարում ձեռքին բռնած թիթեղի (ժեշտի) կտորը: Առանց գիտակցելու, որ իր առաջարկած խորհրդանիշը պետք է արժեք ունենա նաեւ թշնամու աչքում: Իսկ որպեսզի այն արժեք ունենա, Հայաստանը պետք է կրկին հզոր բանակ ունենա ու դրանից ածանցված դիվանագիտություն: Երկուսն էլ հենց իր վարչապետության շնորհիվ բացակայում են: Իսկ եթե դրանք չկան, ապա թշնամի երկրի ղեկավարն էլ, բնականաբար, թքած կունենա թե՛ այդ թիթեղի եւ թե՛ դրա հեղինակի տնաբույծ խորհրդանիշի վրա: Ինչը եւ ասվել է`որ «այդ «նախագիծը», առանց Ադրբեջանի, գրոշի արժեք չունի»:

Իսկ Փաշինյանը որոշել է «որդեգրել հայրենասիրության այն մոդելը», որը «մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել եւ պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, մեր տարածքների անվտանգությունը»: Սակայն նրա առաջարկած «շատ կոնկրետ խնդիրն» ունի լուրջ թերություն: Այն հաշվի չի առնում, որ «միջազգայնորեն ճանաչված մեր սահմանները» թշնամի երկրի ղեկավարն անվանում է «պայմանական սահմաններ», ինչը նշանակում է, որ չի ճանաչում դրանք: Այն, ինչը պայմանական է, պետք է հստակեցվի, իսկ հստակեցնել՝ նշանակում է սահմանային տարածքների միակողմանի հանձնում թշնամուն՝ սահմանագծման եւ սահմանազատման անվան ներքո: Ինչը տեղի ունեցավ անցյալ տարի՝ Տավուշի մարզում: Ի դեպ, նույնը տեղի էր ունեցել պատերազմի խայտառակ պարտությունից անմիջապես հետո՝ Սյունիքում, որտեղ թշնամուն նվիրեցին հողատարածքներ եւ միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, որը, ըստ խորհրդային քարտեզների, անցնում էր Խորհրդային Հայաստանի տարածքով: 

Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի հավանությանն արժանացած՝ «բանակի կերպափոխման հայեցակարգին», ապա այն, նախ, պետք է քննարկվեր մասնագիտական հանրության հետ: Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե մշակվեր գործող իշխանության կերպափոխման, այսինքն՝ ինքնահեռացման հայեցակարգ: Իսկ բանակի հայեցակարգի վերաբերյալ, որքան տեղյակ եմ, որեւէ տեղեկատվություն չի տրամադրվել հանրությանը: ԱԽ կազմն էլ, մասնագիտական կարողությունների առումով, ոչ մի վստահություն չի ներշնչում: Եթե վստահություն չկա ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի նկատմամբ, ապա նրա նշանակած կադրերի առումով, առավել եւս՝ դժվար թե լինի: