Թիթեռ, թիթեռ, այ թիթեռ․․․

 Թիթեռ, թիթեռ, այ թիթեռ․․․

 

Այսօր Լիլիթին էի լսում, երբ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում էր, թե ով պիտի լինի ԱԺ նախագահի տեղակալի ընդդիմության թեկնածուն։

Հեռուստատեսությամբ երեխաների համար տրվող խաղերի նման։ Բարգավա՞ճը կլինի, թե՝ Լուսավորը։ Ինչպես նման շոուների ժամանակ՝ միանգամից չէր ասում, հեռվից էր գալիս, որ հանկարծ մանկական խաղերի նման կողմերից մեկը «չտզզա»։

Երբ եթերում նման հաղորդում էր լինում, բարկանում էի հաղորդավարի վրա՝ դե ասա տեսնենք, ո՞վ է առաջին տեղը, երեխաներին սպանեցիր։

Լիլիթը նույն հաղորդավարի նման։ Վերջը ասաց, որ ՔՊ-ն, նույն ինքը իշխանությունը, որոշել է, որ Բարգավաճ Հայաստանից կլինի ընդդիմության թեկնածուն։ Իրենք այդպես են որոշել։

Անկեղծ ասած, մի պահ ինձ թվաց, թե Լիլիթը ամբիոնից կիջնի ու Մանեին լաց լինելով կգրկի՝ Ման ջան, մի տխրի, մյուս անգամ էլ դու կլինես․․․ Ինձ թվում է աչքից հեռու մի անկյունում նման բան եղել է։

Ազգային ժողովում այ այս մանկականությունն եմ սիրում, երբ բոլորը երանությամբ ուրախանում են  մանկության թիթեռնիկների թևիկների ոսկեփոշով՝ թիթեռ, թիթեռ, այ թիթեռ․․․

Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչն  ասաց, որ եթե Բարգավաճի թեկնածուն՝ Վահեն,  չանցներ  «մի պորտման ու մի դուխի էր նվիրելու»։ Վահեն անցավ ու ծաղիկների փնջով մոտեցավ պարտված թեկնածուին․․․ Սա հրաշք է, հեքիաթ․․․

Երբ բոլորը միասին են խաղում, կռվում ու բարիշում․․․