Էդ մարդը սխալ է թույլ տվել․ Արցախի նախագահականի պատասխանը Սամվել Բաբայանին

Էդ մարդը սխալ է թույլ տվել․ Արցախի նախագահականի պատասխանը Սամվել Բաբայանին

Արցախի իշխանական հիերարխիայում անհասկանալի քաոս է, եւ դա փաստում են հենց իրենք՝ բարձրաստիճան պաշտոնյաները՝ սեփական հայտարարություններով։ Տեւական ժամանակ է, ինչ մենք գրում ենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարծես պատանդ է ընկել ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի ձեռքում, որ վերջինս վերազանցում է իր լիազորությունները, անվտանգությունից բացի իր ձեռքն է վերցրել նաեւ այլ ոլորտներ։ Թեեւ նախագահականից հասցրել էին փրփրաբերան հերքել մեր հրապարակումները, սակայն Բաբայանը նախօրեին անձամբ խոստովանեց, որ ինքը ստացել է լայն լիազորություններ։

Պատասխանելով հարցին, թե ինչ լիազորություններ ունի խորհուրդը, Բաբայանն ասել է․ «Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ՝ հրամանով, դա նրա իրավունքն է, ինչ մասով լիազորի մեզ: Ինքն ամբողջովին գաղտնի է, որեւիցե բան չենք կարող ավելին ներկայացնել, քան կա: Կանոնադրությունը եւ կառուցվածքը գաղտնիություն են պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով: Դրանից ավել ես չեմ կարող ինֆորմացիա տալ, եթե հարց կա, խնդրեմ, դիմեք նախագահի ապարատ, թող իրենք ձեզ մեկնաբանեն: Բայց լիազորությունները տրված են, ինչքանով որ պետք է: Նախագահն է որոշում՝ իր գործունեության որ չափը մեզ վստահի եւ տա այդ լիազորությունները: Բայց մենք ունենք 5 կետից բաղկացած հուշագիր, որի շրջանակում մենք համագործակցում ենք»: ԱԱԽ քարտուղարը նաեւ տեղեկացրել է, որ իրենք լիազորված են ամեն հարցով: «Բոլոր ոլորտներն իրավունք ունենք ստուգել, նայենք` ինչ է կատարվում, եւ այլն: Այնպիսի ոլորտ չկա, որ մեզ արգելված լինի գործունեություն ծավալել կամ հասկանալ` ինչ է կատարվում այդ ոլորտում։ Մենք լիազորված ենք ամեն հարցով՝ բնապահպանությունից սկսած, գյուղապետով եւ բոլոր ոլորտներով իրավունք ունենք ստուգել, նայենք՝ ինչ է կատարվում եւ այլն։ Չկա այնպիսի ոլորտ, որը մեզ արգելված է գործունեություն ծավալել»,- եզրափակել է նա:

Սամվել Բաբայանը, ըստ էության, սկանդալային հայտարարություն է արել․ բանն այն է, որ ԱԱԽ լիազորությունները սահմանվում են օրենքով եւ Սահմանադրությամբ, եւ որպեսզի լիազորություններ ավելացվեն կամ նվազեցվեն, առնվազն պետք է փոփոխություններ կատարվեն օրենքում եւ Սահմանադրության մեջ։ Հակառակ պարագայում կստացվի, որ Արայիկ Հարությունյանը հանուն Սամվել Բաբայանի խախտել է մայր օրենքը։ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանից պարզաբանում խնդրեցինք՝ ի՞նչ լիազորություններ է պարոն Հարությունյանը փոխանցել կամ շնորհել Սամվել Բաբայանին։ Խոսնակն ասաց, թե Բաբայանն արդեն այդ հարցով պարզաբանում տվել է՝ ասելով, թե այլ բան է նկատի ունեցել, այլ բան է ասել։ 
«Խոսքը ոչ թե նախագահի լիազորությունների մասին է, այլ՝ նախագահի կողմից սահմանված լիազորությունների մասին։ Ստորակետի պատմությունն է, էն, որ ասում են «Ներել ոչ սպանել»․ ինքն ուղղակի մեկ բառ ավել է ասել՝ «նախագահն իր լիազորությունների․․․», «իր»-ն այստեղ ավելորդ է, նախագահի կողմից սահմանված լիազորություններ կան, եւ այդ լիազորությունների շրջանակում էլ ԱԽ-ն աշխատելու է, ոչ թե որ նախագահն իր լիազորություններից է տվել։ Այսինքն՝ ոչ թե նախագահն իր լիազորություններն է տվել, այլ իր կողմից լիազորություններ․․․»։

- Նախագահն ի՞նչ լիազորություններ կարող է տալ, եթե ԱԱԽ լիազորությունները սահմանվում են օրենքով ու Սահմանադրությամբ․ կառույցն ընդամենը նախագահին կից կառույց է։ 

- Իրենց պարզաբանման մեջ այդ մասին էլ է նշված։

- Բայց հենց նոր Դուք էլ ասացիք, որ նախագահը ոչ թե իր լիազորություններն է տվել, այլ՝ իր կողմից լիազորություններ։ Նախագահը ո՛չ օրենք է, ո՛չ Սահմանադրություն, ի՞նչ կարող է լիազորել։

- Ես ասացի, որ անհաջող ձեւակերպում է եղել, այդքան մի բան։

- Ներեցեք, բայց Դուք էլ եք ասում նույնը, որ լիազորություններ  են տրվել։

- Ոչ մի լիազորություն էլ չի տրվել, օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում տրվել է հանձնարարական․ էդքան բան, այլ բան չկա։

- Ինչպիսի՞ հանձնարարականներ։

- Դա արդեն ԱԱԽ քարտուղարից հարցրեք, թեպետ ինքն էլ ասաց, որ գաղտնի է։
Անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է, նախագահն իրավունք ունի, չէ՞, հանձնարարություններ տալ որոշակի աշխատանքների ուղղությամբ։

- Այսինքն, օրենքով սահմանված լիազորությունները չէի՞ն կատարվում կամ բավարա՞ր չէին, որ հանձնարարականներ են տրվել, կամ հնարավոր է, որ այդ հանձնարարականներով է լիազորություն ստանում։

- Ես վստահեցնում եմ, որ սա զուտ կանոնակարգային գործընթաց է, որեւէ նոր բան չկա։ Կրկնում եմ՝ խնդիրը ոչ հաջող ձեւակերպման մեջ է եղել, որն  ինտրիգ է առաջացնում, իրականում ոչ մի բան չկա։

- Փաստորեն, ըստ Ձեր մեկնաբանության, Արցախի ԱԽ պաշտոնում նշանակված է մի մարդ, որը կարող է «հանձնարարությունը» «լիազորության» հետ շփոթել, տարրական իրողություններ ճիշտ չի կարողանում ընկալել․ դա նախագահին չի՞ մտահոգում։

- Այդպես պետք չէ ասել, էդ մարդը սխալ է թույլ տվել, բոլորիս հետ էլ կարող է պատահել, եկեք այդպես չասենք։