17-ամյա տղային կալանքի տակ են պահում՝ խախտելով օրենքը

17-ամյա տղային կալանքի տակ են պահում՝ խախտելով օրենքը

Ապրիլի 19-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել տնային կալանք կիրառել անչափահասի նկատմամբ և գրավ 1 ամիս ժամանակով։ Իսկ մինչ այդ՝ ապրիլի 18-ին անչափահաս անձին փաստացի զրկել են ազատությունից, ձերբակալել, բերել քննիչի մոտ, իսկ մայիսի 25-ին արդեն՝ տնային կալանքի մեկ ամիսը լրանալու օրերին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը և կիրառել կալանավորում՝ երկու ամիս ժամկետով: Անչափահասի փաստաբան Սմբատ Մինասյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նշված որոշման հիմքով անչափահասը 26.05.2023թ. ապօրինի ընդունվել է Աբովյան ՔԿՀ, սակայն ուշագրավ է, որ քննիչը ուղեկցող գրության մեջ նշել է՝ կալանքի սկիզբը հաշվել 2023 թվականի ապրիլի 18-ից:

Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց. «Վերաքննիչ դատարանը թույլ է տվել կոպիտ սխալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ 6. մինչդատական վարույթում անչափահասի նկատմամբ կալանքը կամ տնային կալանքը կարող է կիրառվել, կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում մեկ ամսից ոչ ավելի ժամկետով: 26․05․2023թ․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել իր նախորդ որոշման անհստակությունը մեկնաբանելու վերաբերյալ»: Փաստաբանի խոսքով` դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Գլխավոր դատախազություն, հարցին լուծում տալու նպատակով:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, ժամը 00.15-ին՝ անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ «Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ապրիլի 14-ի ժամը 00.15-ին Սարգիս Այրասյանը Արտաշիսյան փողոցի նշված հատվածում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ էր արձակել Ներքին Չարբախի 17-ամյա բնակչի ուղղությամբ, ինչից հետո նա իր վարած «ԳԱԶ-31105»-ով վրաերթի էր ենթարկել Սարգիս Այրասյանին՝ պատճառելով մահ, և դեպքի վայրից դիմել էր փախուստի: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 18-ին 17-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակը, 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ և 4 պարկուճ»:

Եթե պարզ նկարագրենք կատարվածը՝ 41-ամյա տղամարդը փորձել է կրակելով սպանել անչափահասին, վերջինս մեքենան վարել է նրա վրա եւ վրաերթի ենթարկել, որի արդյունքում սպանության փորձ կատարողը մահացել է։ Թե սա անհրաժեշտ պաշտպանության գերազանցում է, ինքնապաշտպանություն, կամ՝ սպանություն, դատարանի որոշելիքն է, բայց անչափահաս անձին կալանավորելու եւ այլ գործողությունների դեպքում իրավապահները պարտավոր են օրենքի տառը պահպանել։