Նիկոլ Փաշինյանը մայրական կաթ կերե՞լ է

Մեր թշնամիները չեն կարող հասկանալ, որ հայի համար Արարատը կամ Արագածը քար չէ, քարերից գոյացած խոյանք չէ։ Դա պատմություն է, ընդհանրական հայի մորմոք ու հույս։ Դա հոգի է։ Ասեմ, որ թուրքի համար Արարատը քար է, օտար ու անշունչ մի քար, որովհետև նրա հետ կապված պատմություն չունի, որովհետև նրանից չի առնում իր ազգային բույրը։ Հայի գլխի տակ իր քարը փափուկ բարձ է եղել, իր համար հենարան է եղել, հենվելու ու հավասարակշռությունը պահելու միջոց։ Ու հիմա հայ ազգի մեջ հայտնվել է մեկը, ով ասում է՝ Արարատը մերը չի։ Մեր քարերը, դաշտերը, սարերը մերը չեն։ Դա նույնն է, որ ասեն, քեզ ծնող մայրը քոնը չէ։ Դա նույնն է, որ թքեն մոր տված կաթի, մայրական սիրո ու տառապանքի վրա։
Քի՞չ է լինում, երբ լավ ծնողից վատ ժառանգ է լինում, որն ամբողջ մեղքը գցում է ծնողի վրա։ Ասում է, որ իր ծնողը դժբախտ է, դժգույն է, աղքատ է, ամայի ու հրաժարվում է ծնողից։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ ժառանգն է, որն իր ծնողին, հայրենիքը քամում է լիմոնի պես ու հրաժարվում նրանից։ Նա լավը չէ, նա դժբախտ է, նա աղքատ է պատճառաբանությամբ։ Ցավոք, նա մենակ չէ, նրա նմանները կան, երբ իրենց մեղադրելու փոխարեն մեղադրում են ծնողի փոխանցած ժառանգությունը։ Մեղադրում ու վաճառում են այդ «անպիտան» ժառանգությունը։ Եղածի վրա ավելացնելու փոխարեն մսխում է իր ողջ ժառանգությունը և մեղադրում ծնողին, բոլորին։
Երբեմն իմ մտքով այնքան պարզ բաներ են անցնում, այնքան պարզ հարցեր ու ինձ չի բավարարում այն բոլոր բարդ հարցադրումները, որոնք անում են իմ գործընկերները։ Այո, նրանք շատ կարևոր հարցեր են բարձրացնում Նիկոլ Փաշինյանի առաջ, բայց շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնք կուզեի լսել ու չեմ լսում։ Գուցե ես պրիմիտի՞վ եմ, գուցե ես քաղաքական օլիմպիոսում չեմ, գուցե իմ հարցերը չափազանց պարզ են, բայց ես բարդություններ չեմ սիրում։ Կես դարից ավելի է աշխատում եմ լրատվության բնագավառում, բայց հազվադեպ եմ հարցազրույց ունեցել որևէ պաշտոնավորի հետ։ Հարցազրույցի ժամանակ նրանք «դիրքավորվում են», բաներ են ասում, որ ես չեմ կարողանում զսպել ծիծաղս ու այդպես էլ է եղել, բարձրաձայն քրքջում եմ, որովհետև ակներև ստին այլ ձևով չեմ կարողանում արձագանքել։ Նիկոլ Փաշինյանը բոլորիս տվել է այդ հնարավորությունը։ Նրա ամեն հայտարարությունից հետո կարելի է լիարժեք ծիծաղել, որը կամաց- կամաց լացի է փոխվում։ Դառը ծիծաղի մասին լսած կա՞ք։ Այ այդպիսի ծիծաղի մեջ է հայտնվել ազգս, որը լաց է լինում ծիծաղելով։ Ինչևէ, հեռացա իմ հարցից, որը գուցե պարզունակ թվա, բայց ճիշտ պատասխանը լսելուց հետո ինձ համար մեծ բացահայտում կլինի։ Նիկոլ Փաշինյանը մայրական կաթ կերե՞լ է, մոր կրծքի ջերմություն զգացե՞լ է։ Իր կյանքն անգամ այնքան հակասական է ներկայացված, որ պարզել չես կարող, դա է պատճառը, որ հարցս ուղղում եմ։ Պատասխանի չեմ սպասում, առավել ևս ճշմարիտ պատասխանի։ Ասեմ, որ չպատասխանելն ավելի մեծ պատասխան է։
Կարծիքներ