Ադրբեջանը չունի դիվերսիֆիկացիոն նշանակություն ԵՄ-ի համար

Ադրբեջանը չունի դիվերսիֆիկացիոն նշանակություն ԵՄ-ի համար

Օրերս տեղի ունեցավ Հունաստան-Բուլղարիա (IGB) խողովակաշարի հանդիսավոր բացումը, որի ժամանակ Բուլղարիայի վարչապետի պաշտոնակատար Կիրիլ Պետկովը հայտարարեց, որ Բուլղարիան էներգետիկ անկախություն ստացավ: Ադրբեջանական գազի առաջին խմբաքանակը, հիշեցնենք, Բուլղարիա էր հասել հունիսին:

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանը կկորցնի գազի մոնոպոլիան, եւ ուժերի ի՞նչ վերադասավորումների սա կարող է բերել: Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը մեզ ասաց, որ Եվրոպայում գազի տարեկան սպառումը կազմում է մոտ 400 մլրդ խմ: «Ադրբեջանը՝ իր հարավային գազային միջանցքով, այսօր ապահովում է, լավագույն դեպքում, մինչեւ 9 մլրդ խմ: Հետեւաբար, սխալ է կարծել, թե Ադրբեջանը կարող է այլընտրանք ստեղծել Ռուսաստանին Եվրոպայում: Ճիշտ է, հարավային գազային միջանցքի ընդլայնման դեպքում ապագայում Ադրբեջանը կարող է արտահանել մինչեւ 30 մլրդ խմ, սակայն պետք է նշենք, որ դրա զգալի մասը՝ մոտ 15 մլրդ-ն, սպառվելու է Թուրքիայում»: 

Որքանո՞վ կնվազի Եվրոպայի կախվածությունը ՌԴ-ից: «Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ, լավագույն դեպքում, ԵՄ-ն կարող է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից 35-40 մլրդ խմ-ով՝ Քաթարից, Ալժիրից ու Նորվեգիայից ներկրումն ակտիվացնելու միջոցով: Դա էլ այս պահին հստակ չէ, քանի որ օրերս նույն Ալժիրի, ինչպես նաեւ Նիգերիայի կառավարությունները հայտարարեցին, որ ԵՄ-ն չպետք է դիտարկի իրենց գաղութացման տրամաբանության ներքո, ու որ նրանք այլեւս հումքային կցորդ չեն»,- նշեց Վահե Դավթյանը: Նա կարծում է, որ լուրջ հնարավորություններ են բացվում ԱՄՆ հեղուկացված գազի համար: Նույն Բուլղարիան ս.թ. մայիսին պայմանավորվել է ԱՄՆ-ի հետ՝ ռուսականից էժան գնով ամերիկյան հեղուկացված գազ ներկրելու վերաբերյալ: «Ի վերջո, Բուլղարիան մեծ շուկա չէ, տարեկան սպառում է մոտ 3 մլրդ խմ: Ադրբեջանը մատակարարում էր մոտ 0,4 մլրդ-ն, հիմա ծավալը կհասնի 1 մլրդ-ի: Մի խոսքով, Ադրբեջանը չունի իրական դիվերսիֆիկացիոն նշանակություն ԵՄ-ի համար՝ հաշվի առնելով ծավալները»,- ասում է փորձագետը: