Դիջեյ Էդոն տեղը կզիջի Արսեն Գարդասիլիչին

Դիջեյ Էդոն տեղը կզիջի Արսեն Գարդասիլիչին

Ամեն օր մի սկանդալային լուր է տարածվում, որը ցնցում է հասարակությունը։ Եթե անգամ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, մի բան պարզ է, որ մտել ենք ցնցումների փուլ եւ պետական անվտանգության մակարդակը մոտ է զրոյին։ Այնքան մոտ, որ կարելի է հայտարարել, որ պետության երկրորդ դեմքը թշնամի երկրի ագենտն է եղել տարիներ շարունակ եւ մարդիկ կհավատան դրան, չհավատալով հերքումներին։

Այս ամենը, չհաշված պատերազմի ուղիղ հետեւանքները, խոսում են այն մասին, որ մենք խոր համակարգային ճգնաժամում ենք հայտնվել, որ պետությանը կառավարում չի իրականացվում եւ երկրում անիշխանության իրավիճակ է։ Նիկոլ Փաշինյանը, սակայն որոշել է ոչ թե հրաժարական տալ՝ հնարավորություն տալով մեր երկրին թոթափել այս իրավիճակի բեռն ու ռեստարտ անել երկրում, այլ որոշել է իր թիմում փոփոխություններով՝ լիցքաթափելով իրավիճակը։ Ընդ որում, պատրաստ է անգամ նրանց, ովքեր հավատարմորեն ծառայել են իրեն այս տարիներին, տեղաշարժել։ Չնայած՝ որոշ դեպքերում իր թիմի՝ մտածելու ունակ մարդիկ իրենք են փորձում հեռանալ՝ ազատվելով ձախողակ ու դավաճան իշխանության խարանից։ Որոշ դեպքերում էլ այդ կադրային փոփոխությունները ռակիրովկաներ են լինելու։ Բայց գաղափարը՝ կադրային փոփոխություններով հանգուցալուծել իրավիճակը մեկն է։

Մենք գրել էինք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է ազատվելու դիմում գրել։ Այսօր լուրեր տարածվեցին, որ աշխատանքից ազատվելու է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Պարզվում է՝ վարչապետը որոշել է Թորոսյանին համոզել, որ հիմա էլ զբաղեցնի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Իբրեւ թե այնքան հզոր կազմակերպիչ էր, որ առողջապահության համակարգ «սարքեց», հիմա էլ գա՝ կառավարությունը կարգի բերի։ Իսկ Էդուարդ Աղաջանյանին ազատելու մի պատճառ է առայժմ մատնանշվել՝ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ կապված ինչ որ խնդիր։ Հիշեցնենք, որ Մանե Գեւորգյանը տարիներ առաջ եղել է Աղաջանյանի ընկերուհին, սակայն ինչ որ բան խանգարել է նրանց ամուսնությանը։ Հետագայում Մանեի՝ կառավարությունում հայտնվելը վերագրվում էր Աղաջանյանին։ 

Մեր աղբյուրներն ասում են, որ Աղաջանյանն էլ փողոցում չի հայտնվի՝ նրա համար մի հարմար պաշտոն կմտածեն։ Դիջեյ Էդոն, ըստ այդմ, կկարողանա թիմի անդամ մնալ, որ իր տնօրինած ծով ինֆորմացիան հանկարծ չհայտնվի հանրությանը տրամադրության տակ։ Ի դեպ, թիմի ներսում այնպիսի խայտառակ բաներ են կատարվել, որ եթե ներքին ինֆորմացիային տիրապետողներից մեկը փորձի դրանք «սլիվ» անել, Արարատ Միրզոյանի սկանդալին չզիջող սկանդալների անվերջանալի շարք կունենանք։ Նաեւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն աչք է փակում իր թիմակիցների բոլոր սխալների ու վրիպումների վրա՝ որ նրանք չմիանան «թշնամու» բանակին։ Ի դեպ, Աղաջանյանն այսօր պետք է Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը լիներ եւ անգամ հարցեր էին ուղղվել նրան, սակայն հյուրի փոփոխություն է կատարվել եւ ասուլիսին գնալու է սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Հեռանալու եզրին է նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով անցած տարվա կեսն արձակուրդում է եղել, կեսը՝ բյուլետենում եւ արդեն մոտ մեկ տարի է չի շփվում Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս Մարությանին քաղաքապետ դարձնելը համարում է իր ամենամեծ սխալը եւ նրա հասցեին խոսելիս միայն հայհոյախառն բառեր է օգտագործում։

Իշխանական թիմում խուճապային վիճակ է, հասկանում են, որ իրավիճակն օրեցօր վատանում է եւ ինչ որ բան է պետք անել։ Բայց Նիկոլ Փաշինյանը սիրում է ժամանակ ձգել եւ լուծումները հնարավորինս հետաձգել՝ ինչպես արեց 44 օր շարունակ պատերազմը ձգելով։ Սակայն արդյունքում եւ ինքը, եւ երկիրն ունենալու շատ ավելի վատ իրավիճակ եւ ավելի տխուր լուծումներ։

Սվետա Մարտիրոսյան