Մի նախադասության մեջ տասը վրիպում

 Մի նախադասության մեջ  տասը վրիպում

 

Անկեղծ եմ ասում, երբ նոր պաշտոնյաներից մեկին լրագրողներն ինչ որ հարց են ուղղում, ակամայից լարվում եմ։ Հիմա տանը ինչ կա, չկա կպատմի,- անցնում է մտքովս։ Պաշտոնյային լրագրողական խաչաձև երկու հարց տալուց հետո կարելի է պատկերացնել, թե ինչ է մտածում ու պատրաստվում անել իշխանությունը։ Երևի վարչապետի ասած թափանցիկ աշխատանքը դա է, երբ երեխաներն առանց հետին մտքի խոսում են, ու դու հասկանում ես, թե ինչ են անում նրա պապան ու մաման։

Արարատի բրենդային  մարզպետին բոլորդ գիտեք։ Կար ժամանակ, երբ  իր թիմը ընդդիմություն էր ու մեղադրում էր նախկին իշխանությանը, որ ոստիկանությունը ծառայում է նրան։ Հիմա երբ իշխանություն է, լրագրողի դիտարկմանը, թե նախկինում ասում էիք, որ ոստիկանությունը ծառայում է իշխանությանը, այսօր դուք  նույնն եք անում,-  պատասխանում է․ «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, եւ եթե ժողովուրդը իր մեծամասնության քվեն տվել է իշխանությանը, ապա ծառայելով իշխանությանը՝ ծառայում են ժողովրդին։ Մեծ լեգիտիմությունը ունեցող իշխանությունը ժողովուրդն է»։

Տեսեք մի նախադասության մեջ քանի քաղաքական վրիպում թույլ տվեց․

-Ընդունեց որ «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է»։ Այսինքն իրենք խոսում էին խոսելու համար, հետո մտածեց, որ լավ բան չասաց, փորձեց իրեն շտկել․

- Եթե ժողովուրդը իր մեծամասնության քվեն տվել է իշխանությանը, ապա ծառայելով իշխանությանը՝ ծառայում են ժողովրդին։ Այստեղ երկու վրիպում․ նախ «գաղտնիք սպրդեց», որ վարչապետը ինչ ուզի, կանի ժողովրդի անունից և կարիք չկա ժողովրդի կարծիքը հարցնել։ Նաև հաստատեց, որ ոստիկանությունը ծառայում է իշխանությանը, որովհետև իշխանությունը ժողովուրդն է։

Ի վերջո «բալը թանկ է» սկզբունքով նախկին ու ներկա իշխանություններին դրեց նույն հարթության վրա՝ բոլորն էլ նույնն են,- ջինջ մանկական կարծիք հայտնեց հետևյալ ձևակերպմամբ՝ «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է»։ Ընդամենը մի նախադասության մեջ խորանալուց կարելի է շարադրել, թե ինչ մարտավարություն է ընտրել նոր իշխանությունը։

Ապրես Գարիկ, դուք շատ թափանցիկ եք աշխատում։ Մի նախադասության մեջ առնվազն տասը վրիպում։ Ամեն մի բառի ծալքը չբացեմ․․․

Ժողովուրդն էլ ձեզ պետք չի,  որովհետև ժողովուրդը դուք եք՝ ձեր իշխանությունը։