Հայկական ամնեզիա

Հայկական ամնեզիա


Lragir.am-ն անդրադարձել է Վիտալի Բալասանյանին, մեջբերել Քելբաջարից հայկական ուժերի դուրսբերման «Ժամանակացույցը» չստորագրելու մասին նրա հավաստիացումը եւ ամփոփել, որ  Վիտալի Բալասանյանն այսքանով ճշմարտությունն է ասում, բայց եւ ավելացրել, որ Գորիսից հետո եղել է նաեւ մեկ այլ հավաք, արդեն Ստեփանակերտում եւ մանրամասնել .«Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդել է, որ այն ստորագրվի, Գեորգի Պետրոսյանն ընդդիմացել է: Սակայն Արցախի այն ժամանակվա վերնախավն արդեն նույնքան համակարծիք չի եղել… Դա այն շրջանն էր, երբ Հայաստանի իշխանությունը ձգտում էր Արցախում հեռացնել լեգիտիմ իշխանությունը եւ իշխանության բերել Քոչարյանին: Գեորգի Պետրոսյանի հրաժարականից հետո այդ խնդիրն իրականացվեց: Քարվաճառի վերաբերյալ այդ թուղթը ֆաքսով ուղարկել էր Մարիո Ռաֆայելին ԵԱՀԽ (այժմ ԵԱՀԿ) Մինսկի կոնֆերանսի նախկին նախագահը: Հանուն արդարության պետք է նշել, որ այն իրավա-քաղաքական տեսակետից որեւէ բան չէր նշանակում: Բայց այն դարձավ ԼՂՀ-ում խնդիրներ լուծելու միջոց: Այն ստորագրվե՞ց ի վերջո, Քոչարյանը կո՞ղմ էր, թե ոչ: Վիտալի Բալասանյանը հաստատ գիտե, բայց չի ասել»: Այդ «հավաքի»՝ իրականում ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության եւ Պաշտպանության պետական կոմիտեի համատեղ նիստի մասնակիցը՝ ԳԽ մամուլի քարտուղար Գեղամ Բաղդասարյանը շուրջ երկու տասնամյակ անց հրապարակել է իր սղագրությունը: Ցանկացողները կարող են համացանցում որոնել, գտնել եւ կարդալ այդ հավաստի փաստաթուղթը, որի իսկությունը «հավաքի» ոչ մի մասնակից կասկածի տակ չի դրել առայօր: Այդ ժամանակ՝ 1993 թ. ամռանը, Վիտալի Բալասանյանը ՊԲ զորամիավորումներից մեկի հրամանատարն էր,  ԳԽ նախագահության կամ ՊՊԿ անդամ չէր, ուստի նրանից մանրամասնություններ սպասելն անհույս գործ է: Ստույգ հայտնի է, որ հարցը դրվել է քվեարկության եւ ձայների մեծամասնությամբ ընդունվել: Այսինքն, Քելբաջարից ուժերը դուրս բերելու «Ժամանակացույցը» ԼՂՀ կողմից ստորագրվել է: Մի քանի օր անց հրապարակվել է ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի դիմումը Մարիո Ռաֆայելիին, որով Բաբուրյանը տեղեկացնում էր, որ առկա է որոշ ստորաբաժանումների քաղաքացիական իշխանության ենթակայությունից դուրս գալու վտանգ, ուստի ժամանակ է պետք, որպեսզի սկսվի փաստաթղթի իրականացումը: Այդ դիմումը նույնպես հրապարակված է մամուլում:

Չարժե տրվել ենթադրությունների, մանավանդ՝ վերագրումների: Ինչ վերաբերում է Արցախում Քոչարյանին «իշխանության բերելուն»՝ ապա դա տեղի է ունեցել 1992թ. օգոստոսին, երբ հրաժարական տվեց վարչապետ Օլեգ Եսայանը՝ առաջարկելով ստեղծել պատերազմական իրավիճակին հարիր գործադիր իշխանության մարմին՝ Պաշտպանության պետական կոմիտե: Այդ որոշումն, ի դեպ, ընդունել է Գերագույն խորհրդի նախագահությունը: Եւ վերջում՝ «լեգիտիմ իշխանությանը հեռացնելու» մասին: Սա մի թեզ է, որ հաճախ է շահարկվում մի որոշակի շրջանակի կողմից: Խոսքը 1991թ. դեկտեմբերի 28-ին ձեւավորված Գերագույն խորհրդի մասին է: Բայց որքանո՞վ էր այն լեգիտիմ, եթե պատգամավորության թեկնածուներն ընտրողներին ներկայացել էին որպես անկուսակցական, իսկ  ԳԽ նախագահի ընտրության նախօրեին նրանցից 42-ը հայտարարել էր, որ ՀՅԴ անդամ է: Շատ չխորանանք. Քաջ հայտնի է, թե Ստեփանակերտի ո՞ր բնակարանում, Երեւանից հատուկ գործուղված դաշնակցական ո՞ր գործիչների եւ տեղական մի քանի «ընդհատակայինի» միջոցով է տեղի ունեցել պատգամավորների «հավատաքննությունը» եւ ինչպես են նրանց համոզել քվեարկել Արթուր Մկրտչյանի օգտին: Արտաքուստ դա լեգիտիմ, ներսից խարդավալի իշխանություն էր: Դա էլ Արթուր Մկրտչյանի ողբերգության հիմնական պատճառը դարձավ: Մի մարմին, որ չէր կարողանում ընտրել ԳԽ նախագահի առաջին տեղակալին, իսկ Արթուր Մկրտչյանից հետո՝ ԳԽ նոր նախագահին, ինչպե՞ս կարող էր պետական կարեւորության հարցեր լուծել: Մի իշխանություն, որ չուներ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարար, ինչպե՞ս կարող էր պատերազմ վարել, հարաբերվել աշխարհի հետ: Այդ իշխանության հեռացումը գործնական քաղաքականությունից օրինաչափ էր, անհրաժեշտություն: Ինչի համար ուզում եք՝ քննադատեք Ռոբերտ Քոչարյանին, բայց որ նա ՊՊԿ անբասիր նախագահ էր եւ ահռելի պատասխանատվություն էր ստանձնել ու պատվով հաղթահարել պատմական փորձությունը՝ երկու կարծիք չի կարող լինել: