Ոչխարը յոնջայից ուռո՞ւմ ա…

Ոչխարը յոնջայից ուռո՞ւմ ա…

Փաշինյանն սկսել է քառակուսի՞ մտածել: Այլապես ինչպե՞ս կարող էր ուսուցիչների աշխատավարձերը ոչ թե 20, այլ 10 տոկոսով բարձրացնելու տխուր իրողությունը բացատրել դպրոցների տնօրենների դեմ հարուցված քրեական գործերով: Ինձ թվում է, որ դա ավելի հեշտ կլիներ բացատրել, օրինակ, Մարիամիկի համար 27 հազար դոլարանոց ավտոմեքենա գնելու, կառավարական առանձնատունը շքեղ վերանորոգելու, կես միլիոնանոց «Մերսեդես» կամ մի քանի հարյուր միլիոն արժողությամբ նոր ինքնաթիռ գնելու պատճառաբանություններով:

Թե չէ՝ գիտե՜ե՜ե՜ք, դպրոցի տնօրեններն իրենց ծանոթներին տարբեր հաստիքների են տեղավորել, ու մենք չենք կարողանում ուսուցիչների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնել: Ի՞նչ կապ ունեն տարբեր հաստիքներն ուսուցիչների հետ: Մինչեւ ճոռոմ խոստումներ տալը չէի՞ք հաշվել ուսուցիչներին: Ենթադրենք, դպրոցի տնօրենը 4 հավաքարարի է աշխատանքի ընդունել, որոնցից գործի է գալիս 2-ը: Դուք, ինչ է, հաշվարկներն այդ երկու հավաքարարի ռոճիկի վրա՞ եք արել՝ մտածելով՝ կբռնեք, տնօրենից փողերը կստանաք ու կտաք ուսուցիչներին: Իսկ վստա՞հ եք, որ ձեր հարուցած «համատարած» քրեական գործերը որեւէ արդյունք են տալու: Վաղը կարող են ասել՝ տնտեսական հեղափոխություն տեղի չունեցավ, որովհետեւ ներդրողները «համատարած» հրաժարվեցին փող բերել։ Տնտեսական աճը մեր հայտարարածից ցածր էր, որովհետեւ ժողովրդի դեմ հարուցված «համատարած» գործերը դեռ ամբողջությամբ չեն բացահայտվել…

Դե հիմա Համբոն էլ խմած վախտ իր ոչխարներին խոստացել է, որ յոնջան էս տարի շատ է լինելու, հո կրակը չի՞ ընկել: Ի վերջո, ոչխարն էլ պետք հասկանա, որ Համբոյի կինը գնացել է հորանց տուն, ու Համբոն չի կարող այդ հարցը թողած՝ յոնջայի հարցը լուծել: Ներող եղեք, խնդրում եմ, բայց ամեն անգամ, երբ պարզվում է՝ անունը կա, իսկ ամանումը չկա, ես Համբոյի պատմությունն եմ հիշում: