Քոչարյանին գրավով ազատ արձակելու հարցը դատարանը կքննի վաղը

Քոչարյանին գրավով ազատ արձակելու հարցը դատարանը կքննի վաղը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, վաղը՝ ժամը 14։00-ին  կշարունակի քննվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ գրավով Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 28-ին միջնորդությունն այդպես էլ չէր քննվել, նիստը հետաձգվել  էր աշխատանքային օրվա ավարտի պատճառով։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ այժմ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է: