Իրարամերժ հայտարարություններ՝ Քոքոբելյանի հոր անհետացման մասով

Իրարամերժ հայտարարություններ՝ Քոքոբելյանի հոր անհետացման մասով

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր անհետացման, ապա հայտնաբերման ու այս գործով ձերբակալությունների շուրջ այս օրերին հակասական հայտարարություններ են արվում տարբեր իրավասու մարմինների եւ անձանց կողմից։

Նախ երեկ Խաչատուր Քոքոբելյանն իր ֆեյսբուքյան էջում, առաջ անցնելով իրավապահ մարմիններից, տեղեկացրեց, որ օրեր առաջ իր հորն առևանգելու գործով ձերբակալվածներ կան եւ նրանցից մեկը ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն է․  «Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված՝ արտերկրում»։ Նա նաև նշել էր, որ տվյալ անձանց ո´չ ինքը, ո´չ էլ իր ընտանիքի անդամները չեն ճանաչել և որևէ առնչություն երբևէ չեն ունեցել, ուստի ակնկալում է Դաշնակցության իր գործընկերներից հստակ գնահատական այս «անմարդկային արարքի» վերաբերյալ:

Նրա ֆեյսբուքյան գրառմանը հաջորդեց ոստիկանության տարածած հաղորդագրությունը, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել էր, այլ նրան առևանգել էին․

«Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել»,-ասված էր ոստիկանության հաղորդագրության մեջ։

Այս հաղորդագրությունից կարճ ժամանակ անց էլ հաղորդագրություն տարածեց ՀՀ քննչական կոմիտեն, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե երբ և ինչպես են առևանգել Քոքոբելյանի հորը, որ ուղղությամբ են տարել, որտեղ են պահել, հետո ինչպես են բաց թողել, սակայն ոչ մի խոսք չի ասվում փրկագին պահանջելու մասին։

«Պարզվել է նաև, որ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ քաղաքացին մեկ այլ հանցակցի հետ միասին HYUNDAI SONATA մակնիշի ավտոմեքենայով ժամանել է Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Այնուհետև Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում»,-ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք նաև, որ երբ Քոքոբելյանի հորն ազատ արձակեցին, մենք գրեցինք, որ նա ողջ-առողջ վերադարձել է տուն եւ անգամ բարկացել է որդու վրա, թե ինչու ես այդքան աղմուկ բարձրացրել։

Այս իրարամերժ հայտարարություններն առնվազն տարօրինակ են։ Մանավանդ եթե գումարում ենք նաեւ ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որով Դաշնակցությունը ՀՅԴ ԳՄ անդամի ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում, խառնաշփոթը լիակատար է դառնում։ Նշենք, որ Իջեւանում խոսակցություններ կան, որ այս ամենը տեղի է ունեցել բիզնեսի հողի վրա, քանի որ Խաչատուր Քոքոբելյանը Տավուշի մարզում խոշոր բիզնեսներ ունի՝ ՀԷԿ, ջերմոցներ, հանքեր, Սուրեն Մանուկյանը ևս բիզնեսով է զբաղվում։ Բայց Քոքոբելյանն ասում է՝ ինքն ու իր ընտանիքի անդամները չեն ճանաչել և որևէ  առնչություն չեն ունեցել տվյալ անձանց հետ, ուստի հարց է առաջանում, թե ի՞նչ ընդհանուր թեմա պետք է ունենային նախկին պատգամավորներն իրար հետ, որ բանը հասներ տարեց հորը առեւանգելուն։

Տարօրինակ է նաև այն, որ ի տարբերություն ոստիկանության, Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ փրկագին պահանջելու վերաբերյալ որևէ հիշատակում չկա։ Մինչդեռ ոստիկանությունը պարզ գրել էր, որ Քոքոբելյանի հորն անվնաս վերադարձնելու դիմաց գումար են պահանջել և գումարը ստանալուց հետո նոր ազատ արձակել։ Իսկ Քննչական կոմիտեն մեկ այլ դետեկտիվ սցենար է նկարագրել, որտեղի չի հասկացվում, թե ինչու էին առևանգել և ինչի դիմաց են ազատ արձակել Խաչատուր Քոքոբելյանի հորը։

Մենք փորձեցինք կապ հաստատել Խաչատուր Քոքոբելյանի հետ՝ որոշակի լույս սփռելու համար այս հարցերի վրա, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։