Փոխնակ մայրերի եւ դոնորների պակաս կա

Փոխնակ մայրերի եւ դոնորների պակաս կա

44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների համար կառավարությունը ծրագիր է իրականացնում՝ զոհված մայրերին կրկին մայրացնելու համար։ Փոխնակ մոր կամ դոնորի ձվաբջջի տրամադրման միջոցով նրանք կարող են պետության աջակցությամբ զավակ ունենալ։ Ծրագիրն իրականացվում է «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնում, ուր դիմել է 21 կին՝ կրկին մայրանալու ակնկալիքով։ Զրուցել ենք կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Հասմիկ Ջանիբեկյանի հետ։

- Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծրագիրը պետպատվերի շրջանակում գործում է 2015-ից՝ կառավարության 568-N որոշմամբ։ Շահառուների այս խումբը նույնպես ներառվել է կառավարության այդ որոշման մեջ։ Սա 2021-22 թվականներին կիրառված պետական պատվերի շրջանակներում, զոհված զինծառայողների ծնողներին տրված բուժական օգնություն  է։ 2021-22 թթ․ մեզ դիմել է 21 շահառու, որոնցից արտամարմնային բեղմնավորում կատարվել է 14-ի մոտ, իսկ ներարգանդային սերմնավորում՝ 3-ի։ Մնացած 4 զույգը դեռ հետազոտման  փուլում է։

- Որքա՞ն գումար է տրամադրվում դոնոր ձվաբջիջ հանդիսացող անձին եւ փոխնակ մորը։

- 2022 թվականի հունվարի 13-ին, 64-L որոշման համաձայն, պետության կողմից տրամադրվում է մոտավորապես ոչ ավել, քան 600 հազար դրամ գումար՝ դոնորական ձվաբջիջների համար, իսկ փոխնակ մոր ֆինանսավորման համար՝ ոչ ավել, քան 5 միլիոն 500 հազար դրամ։

- Որքանո՞վ են վերահսկելի դոնոր ձվաբջիջ հանդիսացող անձինք։ Նրանք կարո՞ղ են այլ բուժհիմնարկներում էլ դոնոր լինել, նրանցից ծնված երեխաների հաշվառում կատարվո՞ւմ է։

- Հայաստանի Հանրապետությունում չկա միասնական համակարգ՝ դոնորների եւ փոխնակ մայրերի։ Սա մեծ բացթողում է, որն անպայման կարիք ունի շտկման։ Այսինքն՝ տվյալ կինը կարող է դոնոր լինել մի կլինիկայում, 3 ամիս հետո դիմել մեկ այլ կլինիկա, եւ այդպես շարունակ։ Քանի որ իրենց մասին տեղեկատվությունը գաղտնի է, ուստի որեւիցե բուժհիմնարկություն չունի գործառույթ կամ իրավասություն՝ տեղեկատվությունը տրամադրելու մեկ այլ կլինիկայի։ Գուցե սա կոլեգիալ կարգով կատարվում է, բայց տեղեկատվությունը գաղտնի է դոնորների համար։

- Մեկ դոնոր ձվաբջիջ հանդիսացող անձը քանի՞ անգամ իրավունք ունի դառնալու դոնոր եւ ի՞նչ հաճախականությամբ։

- Նախ՝ պետք է հստակ ինֆորմացիա ունենանք, թե տվյալ դոնորը քանի հղիություն է ունեցել, ինչը շատ դժվար է, որովհետեւ դոնորը՝ ինքը, պետք է տրամադրի այդ ինֆորմացիան։ Թե որքանով է մեզ տրամադրում ստույգ տեղեկատվությունը, նույնպես վերահսկելի չէ։ Իրականում, եթե լինի հստակ տեղեկատվություն՝ քանի հղիություն է արդեն ստացվել, գուցե սահմանափակվի այդ դոնորի՝ որպես դոնորի թեկնածու հանդիսանալը։ Բայց քանի որ միասնական համակարգ չկա, վերահսկելի չէ։ Կան կազմակերպություններ, որոնք հաշվառում են այս կանանց, բայց վստահ չեմ, որ նրանք էլ ունեն հստակ տեղեկատվություն տվյալ դոնորի հղիությունների քանակի մասին։

- Այդ բացը կարող է հետագայում մեծ խնդիրների առաջ կանգնեցնել։ Տարբեր ընտանիքներում նույն ձվաբջջից ծնված երեխաները կարող են տարիներ անց հանդիպել եւ ընտանիք կազմել՝ չիմանալով, որ նույն  ձվաբջջից են սաղմնավորվել։ Ո՞վ պետք է վերահսկի այս հարցը։

- Այո, սա կարող է կանգնեցնել որոշակի խնդիրների առաջ։ Քանի դեռ վերահսկելի չէ, դժվարանում եմ ասել նաեւ խնդիրների հավանականության մասին։ Որովհետեւ դաշտը պետք է լինի վերահսկելի եւ միասնական համակարգ ունենա։

- Ո՞ր տարիքային խմբի կանայք են դիմել մայրանալու համար։

- Բնականաբար, այս կանայք, եթե ունեն 18-20 տարեկան, ցավոք սրտի, զոհված տղաներ, ապա նրանք 40 եւ բարձր տարիքի են հիմնականում։ Մեկ դեպք ենք ունեցել 50-ից բարձր՝ 60-ն անց կին էր, որի մոտ կիրառվել է ե՛ւ դոնորական ձվաբջջի, ե՛ւ փոխնակ մոր ծրագիրը։ Ի դեպ, բալիկն արդեն ծնվել է եւ տանն է։ Այս կանայք 40-ից բարձր տարիքի կանայք են, որոնք, բնականաբար, ունեն արդեն սահմանափակ ձվաբջջի պաշար։ Դեռ չի նշանակում, որ կանոնավոր ցիկլ ունեցող կինն ունի համապատասխան պաշար՝ հղիանալու համար։ Ասեմ, որ այս կանանց մեծ մասը տեղեկացված էլ չէ եւ մտածում է, որ եթե ինքն ինքնուրույն ծննդաբերել է եւ ունի կանոնավոր դաշտանային ցիկլ, ուրեմն հնարավորություն ունի նաեւ հղիանալու սեփական ձվաբջիջներով։ Իրականում այդպես չէ։ 14 արտամարմնային բեղմնավորումից 7-ի մոտ է կատարվել իրենց սեփական ձվաբջիջներով, մյուս 7-ի մոտ դոնորական ձվաբջիջներ են կիրառվել, ընդ որում՝ մեկ հոգու մոտ՝ իմ նշած փոխնակ մոր ծրագիրը։

- Կա՞ն կանայք, որոնք դիմել են այս ծրագրով, բայց դեռեւս չկան դոնոր ձվաբջիջներ եւ փոխնակ մայրեր։

- Այո, կան, 4-ից 3-ն ունեն դոնորական ձվաբջիջների  կարիք։ Մեկը ե՛ւ դոնորական ձվաբջջի, ե՛ւ փոխնակ մոր կարիք ունի։ Թեկնածուներ դեռ չկան։ Չնայած «Շենգավիթ» բժշկական կենտրոնն աջակցում է, որպեսզի լինեն թեկնածուներ, սակայն այդ գործառույթը մասնավոր կազմակերպություններ են իրականացնում, որոնք ունեն հաշվառված կանայք, որոնք ցանկանում են դառնալ փոխնակ մայր կամ ձվաբջջի դոնոր։ Բժշկական կենտրոնը կատարում է զուտ բժշկական գործունեություն այս ծրագրում։ Մենք կարող ենք հետազոտել թեկնածուներին՝ հասկանալու համար՝ ունե՞ն հակացուցումներ, թե՞ ոչ՝ լինելու ձվաբջջի դոնոր կամ փոխնակ մայր։ Եվ եթե ամեն ինչ նորմալ է, տալիս ենք համապատասխան տեղեկանք, որի հիման վրա, ինչպես նաեւ իրենց անձը հաստատող փաստաթղթի հիման վրա կնքվում է պայմանագիր՝ ամուսնական զույգի եւ դոնորի կամ ամուսնական զույգի եւ փոխնակ մոր նոտարական հաստատումով, որից հետո նոր սկսում ենք արտամարմնային բեղմնավորման ծրագրի իրականացումը։

- 50+ կանայք, ընտանիքները, որոնք ցանկանում են զավակ ունենալ, անցնո՞ւմ են հետազոտական որոշակի փուլեր՝ սոցիալական, առողջության հետ կապված, անվտանգային առումով,  ինչու չէ՝ հոգեբանական վիճակի։ Չէ՞ որ նրանք են պատասխանատու այդ նորածնին մեծացնելու, նրա բարեկեցությունը, անվտանգությունն ապահովելու եւ մի շարք այլ հարցերում։

- Մենք չունենք որեւիցե իրավասություն այդ տարիքային խմբի զույգերին մերժելու, եթե չկա որոշակի հակացուցում ամուսնու կողմից։ Եթե կիրառվում է փոխնակ մոր եւ դոնորական ձվաբջիջների ծրագիրը՝ կա կառավարության որոշում, որտեղ չկան տարիքային սահմանափակումներ՝ այս ծրագրով նախատեսված։ Սաղմի տեղադրումից հետո մեր գործառույթն ավարտվում է, եւ հետագա վիճակի հսկողությունն արդեն կատարում են տեղային կանանց կոնսուլտացիայի կամ իրենց ընտրությամբ «Շենգավիթ» ԲԿ-ի կանանց կոնսուլտացիայի բժիշկները։ Մենք մինչեւ 5-7 շաբաթական պահում ենք մեր հսկողության տակ, որովհետեւ շարունակական հորմոնալ թերապիա կա, որը նաեւ հսկողության կարիք ունի։

- Ծնողները հանդիպո՞ւմ են իրենց դոնորների հետ։

- Այդ բոլոր գործառույթները կարգավորվում են օրենսդրությամբ եւ ամուսնական զույգի ու տվյալ դոնորի փոխհամաձայնությամբ՝ նայած թե ինչպիսին է իրենց պայմանագիրը՝ նոտարով հաստատված։ Իրականում, չպետք է հանդիպեն։ Բայց սա մեր կողմից չի կարող վերահսկելի լինել։ Իրենց հետագա շփումը կա, թե չկա՝ չեմ կարող հստակ ասել։ Ծնողը կարող է իմանալ տվյալները, բայց դեմքով չճանաչել։ Դոնորների անձը անձին վերաբերող գաղտնի տեղեկություն է։ Մենք կարող ենք տալ ֆենոտիպին, առողջությանը վերաբերող որոշակի ինֆորմացիա՝ սկսած մազի գույնից, աչքի գույնից եւ այլն, առողջության մասին տեղեկանք, որ հակացուցում չկա՝ դառնալու դոնոր ձվաբջիջ կամ փոխնակ մայր։ Ինչեւիցե, կան դեպքեր, որ դոնորները ծնողների հետ գնում են նոտարական գրասենյակ, ենթադրաբար՝ կտեսնեն։ Իրենց փոխհարաբերությունները բուժհիմնարկի գործառույթի տիրույթում չեն գտնվում։

- Եթե առաջին անգամից հղիություն չի ստացվում, անվճա՞ր է արդյոք երկրորդ փորձը։

- Կառավարության այդ՝ 568-N որոշումը նախատեսում է առաջին փորձն անվճար, երկրորդ փորձը՝ մասնակի, այսինքն՝ 50 տոկոսով փոխհատուցում, մնացած գումարը վճարում են ծնողները։

- Իսկ ունե՞ք այդպիսի դեպքեր։

- Այո, եթե չեմ սխալվում՝ 3 շահառու կրկին դիմել է այդ ծրագրով։

- «Շենգավիթ» ԲԿ-ում, այս ծրագրի շրջանակներում, քանի՞ ծնունդ եք ունեցել։

- 3 ծննդաբերություն՝ մեկը ներարգանդային սերմնավորման հղիության արդյունքում, 1-ը՝ սեփական ձվաբջջով հղիության արդյունքում՝ արտամարմնային բեղմնավորման ծրագրի շրջանակներում, եւ 1-ն էլ՝ դոնորական ձվաբջջի եւ փոխնակ մոր ծրագրի իրականացմամբ։