«Նոր Հայաստան» ՀԿ-ն դիմում է ՍԴ

«Նոր Հայաստան» ՀԿ-ն դիմում է ՍԴ

Վերջին ամիսներին մարդկանց ողջ ուշադրությունը սևեռված է կորոնավիրուսի վրա, և հետին պլան են մղվել թե՛ մարդկանց սոցիալական վիճակը, թե՛ երկրի տնտեսությունը, որը սերտորեն փոխկապակցված է մարդկանց բարեկեցության հետ, թե՛ ներքին և արտաքին խնդրահարույց քաղաքական հարցերը, թե՛ բնակչության ընդհանուր ֆիզիկական և հոգևոր առողջությունը...

Կորոնավիրուսը հայտարարված է որպես համաճարակ՝ չնայած որ նախկին սեզոնային գրիպերից ավելի տարածված չէ, հայտարարված է որպես մահացու՝ չնայած որ մահացությունը   1.6% տոկոս է (այն ավելի քիչ է, հաշվի առնելով որ ասիմպտոմ դեպքերի հիմնական քանակը անհայտ է), և այդ տարաբնույթ հայտարարություններից առաջացած խուճապը դարձավ մեր հիմնական թշնամին՝ ավելին, քան բուն հիվանդությունը, նույնիսկ եթե համաձայնվենք այն ծանր համարել:

Ո՞վ է այս ընթացքում հաշվել սրտանոթային և այլ հիվանդությունների բարդացումը, հոգեկան հիվանդությունների տարածումը, ինքնասպանության հակվածության խորացումը, սոցիալական ճգնաժամի պատճառով թերսնուցման բազմապատկումը... և այդ ամենի հետ մեկտեղ, գուցե ամենածանրը՝ բարոյահոգեբանական աննախադեպ ծանր մթնոլորտը: Ցավոք, տպավորություն է ստեղծվում, որ սարսափած մարդկանց ճնշող մեծամասնությունը դիմակ ու ձեռնոց է հագել ամբողջ էության՝ մտքի ու սրտի վրա, և այլևս ոչինչ «չի՛ տեսնում, չի՛ լսում, չի՛ ասում»...  նաև չի՛ զգում ու չի՛ մտածում:

Կարելի է փորձել բանալ միջազգային դավադրությունները, կարելի է տարվել հոռետեսական կանխատեսումներով. մեզ այդ ամենը չի հետաքրքրում, այլ՝ ի՛նչ անել, որ մթնոլորտը թեթևանա, որ իրարից խուսափող մարդիկ վերհիշեն կարեկցանքն ու ցավը տանելու պատրաստակամությունը, որ դիմակների ետևում թաքնվելը վերափոխվի բաց երեսով իրար նայելուն, որ ընկճվածությունն ու տրտմությունը փոխարինվեն վստահությամբ և հավատով:

Մենք արդեն հանդես ենք եկել կոչով՝ հավատի և մահվան վախերի հաղթահարման մասին /https://www.facebook.com/tibet.centre/photos/a.1422141731366345/2627828857464287/?type=3&theater/. այժմ էլ, գրեթե 2.5 ամիս անց արտակարգ իրավիճակի հայտարարումից, մենք կարծում ենք, որ, բացի թվարկածից, պատասխանատուների պատասխան տալու ժամանակն է, և այդ պատասխանները մի գուցե փոխեն մթնոլորտը:

Ուստի մենք դիմում ենք Սահմանադրական Դատարան՝ պահանջ ներկայացնելով Պարետի և Պարետատան դեմ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու նորմերը ոտնահարելու համար:

Մենք գիտակցում ենք, որ հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ Օրենսդրությամբ սահմանված ՀՀ ՍԴ դիմելու կարգին, սակայն կարծում ենք, որ երկրի արտակարգ իրավիճակը` մի կողմից, և Սահմանադրական Դատարանի ճկունությունը` մյուս կողմից, թույլ կտան իրավացի համարել մեր հայցադիմումի դիտարկումը (ինչպես արեցին մի շարք երկրների ՍԴ-ները):

Հասկանում ենք, որ արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ միջոցներ, սակայն վստահ ենք, որ ցանկացած իրավիճակում պետության համար հիմնարար պետք է մնան Սահմանադրական նորմերը` իրավունքի գերակայությունը և օրենքի իշխանությունը,  մարդու արժանապատվությունը, ազատությունն ու անձեռնմխելիությունը և երկրի անկախությունը:

«Նոր Հայաստան» ՀԱԿ հ/կ