Փաշինյանն ԱԱԾ-ն ներգրավում է «Խաղաղ դարաշրջանի բացման» գործընթացին

Փաշինյանն ԱԱԾ-ն ներգրավում է «Խաղաղ դարաշրջանի բացման» գործընթացին

Որքան ավելի խոցելի է դառնում մեր անվտանգությունը եւ ինչքան ավելի է թշնամին ներխուժում մեր երկիր, այնքան շռայլ են դառնում շնորհավորանքներն ու գնահատանքի խոսքերն` ուղղված Ազգային անվտանգության համակարգին: 

Մեզ թվում էր, որ ԱԱԾ-ն պետք էապահովի ՀՀ սահմանների անառիկությունը եւ թույլ չտա, որ թշնամին ներխուժի մեր տարածք: Մինչդեռ անգամ իշխանությունն է պաշտոնապես ընդունել, որ մեր պետական սուվերեն տարածքից 41 կիլոմետր զավթված է թշնամու կողմից եւ մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժը հետ չի քաշվել: Այս ընթացքում նաեւ մեր Գորիս-Կապան միջպետական ճանապարհին եւ Ճակատենի հատվածում ադրբեջանցիները մաքսակետեր եւ ուղեկալներ տեղադրեցին, ինչին ԱԱԾ-ի կողմից զրո արձագանք: Ավելին` ընդամենը 2 օր առաջ Ջերմուկի շրջանում երկու ադրբեջանցի զինծառայող է սահմանը խախտել եւ մեր զինծառայողների կողմից հայտնաբերվել:

Այս պայմաններում առնվազն տարօրինակ է, երբ երկրի վարչապետը ԱԱԾ աշխատակիցների տոնի առթիվ այցելում է Ծառայություն եւ մի բոցաշունչ ճառ է ասում, թե ինչքան լավն է ԱԱԾ-ն: 

Ասում է. «Պիտի ընդգծեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում հատկապես մենք ականատես եղանք Ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատանքի արդյունավետության շոշափելի և տեսանելի բարելավման, և այն, որ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո, երբ երկիրը թևակոխեց, ըստ էության, քաղաքական, հոգեբանական և վստահության խորը ճգնաժամի փուլ, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ այդ փուլը հաղթահարել առանց իրավիճակը վատթարացնելու»: 

Շուրջ մեկ տարի մենք ապրել ենք տագնապի մեջ, սահմաններին մարդիկ են զոհվել, գերիներ են տարվել, պետական սահմանն է խախտվել, գերիներին չենք կարողացել հետ բերել, ԱԹՍ-ներ են մտել մեր օդային տարածք, ընդամենը մեկ ամիս առաջ` նոյեմբերի 16-ին զոհեր ենք ունեցել եւ այլն, իսկ երկրի առաջին դեմքը հայտարարում է, որ ազգային անվտանգությունն ապահովող մարմնի աշխատանքն արդյունավետ է: 

Բայց ընդամենը հաջորդ միտքը պարզաբանում է, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանն, ասելով` արդյունավետություն, բարելավում: 
«Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերից

հետո Հայաստանի Հանրապետության ներսում ոչ մի կրակոց չի հնչել, և, ըստ էության, քաղաքացիական բախումներ տեղի չեն ունեցել, ինչը, մի կողմից, աննախադեպ է նման իրավիճակներ տեսած երկրների պատմության համար, և մյուս կողմից՝ արձանագրում է, ընդգծում է մեր մի շարք պետական մարմինների, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության արդյունավետ աշխատանքը»:

Պարզ ասած` երկրում չի եղել իշխանափոխություն, պատերազմում պարտված իշխանությունը վերարտադրվել է, անձամբ իր`Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովվել է, ուրեմն ԱԱԾ-ն արդյունավետ է աշխատել: Ուստի միանգամայն հասկանալի է այն երախտագիտությունը, որը վարչապետը տածում է այս կառույցի եւ նրա ղեկավարի հանդեպ. «ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել», ասում է Փաշինյանը ԱԱԾ միջոցառման ժամանակ:
Հաջորդ ուշագրավ պահը. Փաշինյանը կրկին խոսում է իր իդեա-ֆիքսի` խաղաղության դարաշրջանի մասին եւ այստեղ եւս տեսնում է ԱԱԾ դերակատարումը.

«Ըստ էության, տարածաշրջանում ձևավորվում է նոր իրավիճակ, երբ Հայաստանի կառավարությունը հռչակել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այս նոր միջավայրում Ազգային անվտանգության ծառայության առաջ դրված խնդիրները շատ ավելի են բարդանալու»:
Պարզվում է, որ ոչ թե մեր երկրի ու նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է ԱԱԾ-ի գործառույթը եւ հատկապես` առաջիկա վտանգավոր շրջանում եւս ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը, այլ այս մարմինը պետք է արտաքին քաղաքական խնդիրներ լուծի, գուցե` ՀՀ քաղաքացիներին զսպի ու պատժի` եթե իշխանությունների նոր «գործընկերների»` թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ ինչ որ ոտնձգություններ լինեն: Նա իր ելույթում ասում է. 
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամենն անելու է՝ այս ուղղությամբ (խաղաղ զարգացման դարաշրջանի)  առաջընթաց արձանագրելու համար: Բայց առավելևս այս պայմաններում և միջավայրում Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կրկնապատկի իր զգոնությունը, մեծացնի իր գործունեության արդյունավետությունը, հենց բուն՝ Ազգային անվտանգության ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայության մարմինները, որովհետև այս նոր միջավայրի ձևավորումը շատ պատասխանատու և էական խնդիր է, որը միասին, իհարկե, պիտի փորձենք իրագործել»:

Եւ անգամ չի թաքցնում. «Այո, քաղաքական գործընթացների ճշգրիտ ապահովման համար ունենք Ազգային անվտանգության ծառայության մարմինների փորձագիտական, պրոֆեսիոնալ օժանդակության և աջակցության կարիքը»: