Ոստիկանությունը օպերլիազորներին, թաղայիններին պատրաստում է Ամուլսարի ցույցերի դեմ պայքարին

Ոստիկանությունը օպերլիազորներին, թաղայիններին պատրաստում է Ամուլսարի ցույցերի դեմ պայքարին

Ամուլսարի շուրջ վերջերս ստեղծված աղմուկը պատճառ հանդիսացավ, որ այս օրերին ոստիկանությունը ուժեղ հսկողություն սահմանի, եւ Հայաստանի տաբեր հատվածներից ոստիկանական ուժեր տեղակայվեն Ջերմուկ քաղաքում։

Մենք տեղեկացել էինք, որ այդ բարձացված աղմուկի պատճառով թաղային ոստիկաններին եւ օպերլիազորներին հրահանգվել է աշխատել հատուկ ռեժիմով, ամեն պահի պատրաստ լինել՝ մեկնելու Ամուլսար, քանի որ հանքը շահագործվելու դեպքում նոր իշխանության դեմ կրկին բունտ է հասունանալու, սկսվելու են տարբեր տեսակի ակցիաներ եւ ցույցեր։
Նաեւ տեղեկություններ էր մեզ հասել, որ ոստիկանության ներքին զորքերում կրկին զորավարժություններ են իրականացվում, մինչդեռ տեւական ժամանակ դրանք դասացուցակից հանված են եղել։

Տեղեկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել էինք ոստիկանության լրատվական ծառայությանը, մեզանից գրավոր հարցում էին պահանջել։ 
Ահա, ստացել ենք գրավոր հարցման պատասխանը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«ՀՀ ոստիկանությունը օրենսդրությամբ սահմանված իր խնդիրներն իրականացնելիս պահպանում է հասարակական կարգն ու անվտանգությունը հանրապետության բոլոր բնակավայրերում՝ ներգրավելով անհրաժեշտ ուժեր և միջոցներ: Ինչ վերաբերում է կոնկրետ վայրում գործողություններին, ապա «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ հավաքի դադարեցման հիմքեր ի հայտ գալու պարագայում ոստիկանությունը գործելու է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ ղեկավարվելով սահմանված ընթացակարգերի պահանջներով:

Ըստ այդմ, որևէ գործողության կամ միջոցառման պատշաճ անցկացման նախապատրաստությունը ներառում է նաև բավարար ուժերի և միջոցների հաշվարկը, որը որոշվում է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»:

Զորավարժությունների վերաբերյալ է նշել են․ «Ոստիկանության զորքերում ընթացիկ միջոցառումները և վարժանքները կատարվում են ընդհանուր հիմունքներով՝ տարեկան պատրաստության պլանի համաձայն»։