Խաղողի բերքն առատ է եւ որակյալ, մնում է մթերումների հարցը

Խաղողի բերքն առատ է եւ որակյալ, մնում է մթերումների հարցը

Մթերման գործընթացն այս տարի պրոբլեմատիկ է, մթերողները փորձում են իջեցնել մթերվող խաղողի գինը։ Արարատի մարզում Շահումյան եւ հարակից գյուղերի բնակիչներն այս խնդրի առնչությամբ նաեւ բողոքի ակցիա են կազմակերպել։ Սամվել Ալեքսանյանին պատկանող գործարանից գյուղացիներին պատասխանել են, որ միայն ամսի 20-ից հետո խաղողի մթերման գին կասեն։ «Ամեն ինչ հսկողության տակ է լինելու, եթե կառավարությունը մեզ հստակ չպատասխանի, վաղը կբարձրացնենք քաղաքական հարցեր։ Գործարանները պատրաստ չեն խաղող ընդունելու, պատճառաբանում են բերքի առատությունն ու տարաների բացակայությունը»,- ասում են գյուղացիները՝ նշելով, որ խաղողի տեխնիկական սորտերն ընդունում են 135 դրամով, ինչը գյուղացիներին ձեռնտու չէ, իսկ սեղանի խաղողի տեսակների գինը դեռեւս հայտնի չէ։
Գյուղացիները նաեւ հայտարարել են․ «Եթե պատասխան չտվեցին, կպահանջենք կառավարության հրաժարականը»։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի խաղողի բերքն առատ է, սակայն գինն իջեցնում են։ «Գործարանները հայտարարում են մի գին, հետո փորձում են գինն իջացնել, տարբեր դրդապատճառներով՝ օրենքի հետ կապված։ Համենայնդեպս, էլի գալիս, հանգում ենք նրան, որ օրենսդրական դաշտը պետք է կարգի բերել, որպեսզի հավասար գործընկերներ ունենանք՝ գյուղմթերք վերամշակողի եւ արտադրողի միջեւ։ Կորոնավիրուսը շատ վնաս տվեց առաջինը՝ ներքին շուկային, ինչո՞ւ ոչ՝ նաեւ արտաքին շուկային, որովհետեւ մեր տրադիցիոն շուկան Ռուսաստանն է եղել, այնտեղ էլ շատ սրճարաններ փակ են, եւ առեւտուր հիմնականում չի եղել։ Այս տարվա բերքը՝ համեմատած անցյալ տարիների հետ, հաջող է, բայց գինն ավելի ցածր է․ այդ խնդիրը կա։ Համենայնդեպս, գործարանները փորձում են գինն իջեցնել, շատ լավ բերք է եղել սեղանի խաղողների տեսականու մեջ, շատ հաջող բերք ունենք, տեխնիկական սորտերն էլ վատը չեն։ Մեզ մնում է միայն, որ գործարանները, գործարանատերերը բարեխիղճ գտնվեն եւ ժողովրդին չնեղացնեն։ Ինչ վերաբերում է դեղձին, ապա այն արտահանվել է եւ կարտահանվի փոքր քանակներով, բայց այստեղ էլ է պետք ավելի ակտիվացնել, ավելի շատ մեքենաներ դուրս հանել»,- ասաց Բերբերյանը։

Զրուցեցինք նաեւ «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանի հետ։ Նա նշեց, որ շրջանառու միջոցների անբավարարության պատճառով մթերումների ծավալը ժամանակավորապես նվազեցվել է։ «Մենք բավականին ինտենսիվ մթերում էինք՝ օրական մոտ 200 տոննա, վերջին մի շաբաթվա ընթացքում մեր շրջանառու միջոցների չհերիքելու պատճառով նվազեցրինք քանակը, բայց շաբաթվա վերջում էլի սկսելու ենք մթերել։ Կան խաղողի տեխնիկական սորտեր, որոնք նաեւ մենք ընդունում եւ արտահանում ենք։ Այդ տեխնիկական սորտերի մեջ կան տեսակներ, որոնց համար մենք վճարում ենք 180 դրամ եւ 200 դրամ, մեզ համար որ մթերում ենք, նվազագույնը 180 դրամ է։ Սեղանի սորտերի մեջ կան բարձրարժեք սորտեր, որոնց մեջ կան տեսակներ, որ 200 դրամով ենք մթերում, եւ կան տեսակներ, որ մինչեւ 205 դրամ»,- ասաց Բաղդասարյանը։

Նա նաեւ հավելեց, որ այս տարի խաղողի բերքն ավելի առողջ է, եւ եթե կառավարությունն աջակցի մթերողներին, ապա մթերումները կվերսկսվեն եւ այլ մթերողներ էլ կմիանան․ «Բերքն ամեն տարի շատ լինում է, ուղղակի այս տարի բերքը բավականին առողջ է, եւ շատ է հենց այն բերքը, որը կարելի է արտահանել։ Իհարկե, ափսոս կլինի, որ այդ բերքը չմթերվի եւ ավելի բարձր արժեքով չիրացվի, քան կարող էր իրացվել որպես տեխնիկական խաղող։ Ափսոսում ենք, որ կարելի էր ավելի շատ մթերել եւ արտահանել։ Արտահանման գործընթացը նորմալ է, ճանապարհները բաց են, ամեն ինչ կարգավորված է։ Ի դեպ ասեմ՝ կառավարության համապատասխան օղակներն էլ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Վրաստանի իրենց գործընկերների հետ ակտիվորեն հետեւում են, որ արհեստական խնդիրներ չառաջանան։ Մենք կարծում ենք, որ մինչեւ շաբաթվա վերջը մենք էլ կմեկնարկենք մթերումը, հիմնականում շրջանառու միջոցների խնդիր էր։ Կառավարության բիզնեսի աջակցության ծրագրերը՝ կապված համավարակի հետ, պետք է որ օգնեն, որ այլ մթերողներ նաեւ միանան, այդ ծրագրից օգտվեն եւ մթերեն։ Կարծում ենք՝ 2 օրվա մեջ մենք նորից կսկսենք մթերել»։