Կռապաշտություն մինչև վերջ

Կռապաշտություն մինչև վերջ

Եթե հայաստանյան հասարակության գրագետ ու խելացի հատվածում դեռևս կան մարդիկ, որոնք հավատում են Փաշինյան Նիկոլի վարչապետությամբ թեկուզ 29800 քառկմ տարածքում նորմալ պետություն ունենալու իրենց երազանքին, ապա չարաչար սխալվում են: Որպեսզի խոսքս մերկապարանոց չհնչի՝ ներկայացնեմ նրա երեկվա թվիթերյան գրառումը. «Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։ Մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն։ Շնորհակալ եմ…»։

Ի դեպ, վաղուց արդեն նա թվիթերին ավելի մեծ տեղ է հատկացնում, քան ֆեյսբուքին: Կարծում եմ, որ պատճառն ավելի քան պարզ է. երկրորդն արդեն անցյալ է՝ անցյալ հայաստանյան կիսագրագետ իր համակիրներով: Իսկ առաջինն ավելի հեղինակավոր է՝ հենց միայն այն հանգամանքով, որ դրանում են գրառում կատարում արևմտյան և հատկապես եվրոպական չինովնիկները, ում հետ ինքը շփվում է: Հիշեցնեմ՝ մի ժամանակ, երբ ընդդիմադիր էր, եվրոչինովնիկներին անվանում էր եվրոյոնջաներ: Այսօր նրանք այլևս յոնջա չեն, նրանք այսօր իր համար հեղինակություն են: Միաժամանակ, իր համար արժեք են ներկայացնում այն հայաստանցիները, ովքեր ֆեյսբուքից իր նման անցում են կատարել թվիթերին: Իհարկե, ինքը մեկ-մեկ վերադառնում է այնտեղ, որպեսզի ամբողջությամբ չկորցնի ֆոյսբուքյան համակրներին կամ ավելի ճիշտ՝ իրեն պաշտողներին: Որովհետև միայն կռապաշտը կարող է Հայաստանին պատուհասած այդքան դժբախտություններից հետո հավատալ նրան:

Ինչևէ, անցնեմ դրա թվիթերյան գրառմանը: Պարզվում է, որ նրա համար «մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն» ՔՊԿ-ի վարչության (դա էլ գրված մեծատառով) նախագահի պաշտոն ստանձնելը: Ինչո՞ւ եմ շեշտում մեծատառի պահը. որովհետև որևէ կառույցի ղեկավար մարմնի անվանումը սովորական տեքստում մեծատառով չի գրվում, ինչը ինքը հրաշալի գիտե: Իսկ հիմա հարցը՝ ինչպե՞ս կարող է պատիվ լինել այն կառույցի ղեկավար մարմնի ղեկավար լինելը, որը գտնվում է նրա 100 տոկոսանոց վերահսկողության ներքո: Եվ այդ ղեկավար մարմնի ոչ մի անդամ չի անում այնպիսի մի քայլ, որ նախապես չի համաձայնեցրել նրա հետ: Այսինքն, այս գրառման մեջ առկա է 100 տոկոսանոց կեղծիք ու նույնչափ մանիպուլյատիվ բովանդակություն: Իսկ այժմ երկրորդ հարցը և այս հոդվածի առաջին նախադասության հիմնավորումը. եթե խայտառակ պարտությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած անձը դաս չի առնում և չի փորձում ձերբազատվել սեփական երկրի երբեմնի հպարտ անվանյալ քաղաքացիներին հիմարացնելու պրակտիկայից, ապա ինչպե՞ս է հնարավոր նման անձի հետ ապագայի որևէ ծրագիր և նույնիսկ հույս կապելը: Նույնիսկ գիսագիտակից մեկը չի տանի, չէ՞, իր զավակին այնպիսի մի ուսումնարան, որտեղ արհեստ սովորեցնելու փոխարեն դասուտուները միայն լեզվին են տալիս: Այսինքն՝ զավակի ապագան չի դնի կասկածի տակ՝ նրան ուղարկելով նման հաստատություն: Իսկ ինչո՞ւ է ուրեմն թեկուզ կիսագիտակից այդ անձը ապագայի հույսեր կապում մեկի հետ, որր, ինչպես ցույց տվեց կյանքը, չի կարող դասեր քաղել կյանքից ու կանգնել ճիշտ ուղու վրա: