«Հայհեղինակը» «Մեցցո Պրոդաքշն»-ից կգանձի հեղինակների հոնորարները

«Հայհեղինակը» «Մեցցո Պրոդաքշն»-ից կգանձի հեղինակների հոնորարները

«WCIT 2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումի բացման համերգը մեծ հնչեղություն ստացավ՝ պայմանավորված նաեւ այն հանգամանքով, որ համերգի ընթացքում հնչեցին մի շարք երաժշտական գործեր՝ առանց հեղինակների իմացության եւ թույլտվության։ Առաջինը դրա մասին իր ֆեյսբուքայն էջում բարձրաձայնեց երաժիշտ, երգահան Վահան Արծրունին․ «Հարգելիներս, հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետեւաբար, ոչ մի արտոնություն չեմ տվել որեւէ կերպ օգտագործելու, որեւէ ձեւաչափով եւ համարում եմ սա հեղինակային իրավունքի եւ մտքի ազատության օրենքի կոպտագույն խախտում։ Հետամուտ եմ լինելու այս հարցին»։ 

Վահան Արծրունու հրապարակային այս հայտարարությանը կարճ ժամանակ անց արձագանքեց համերգի կազմակերպիչ «Մեցցո Պրոդաքշն»-ը՝ տարածելով հայտարարություն եւ ներողություն խնդրելով երաժշտից։ ««Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրում հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունուց՝ Մեսրոպ Մաշտոցի շարականի նրա մշակումից 29 վայրկյան տեւողությամբ հատված Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին «WCIT 2019» համաժողովի բացման պաշտոնական համերգին, առանց կոմպոզիտորին տեղյակ պահելու, ներկայացնելու համար»,- նշել էր միջոցառման եւ ընկերության գլխավոր պրոդյուսեր Կամո Մովսեսյանը:

Պարզվում է՝ Վահան Արծրունու հեղինակային իրավունքի խախտումը միակը չի եղել համերգի ընթացքում։ «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանի դիտարկմամբ՝ գովելի է, որ նման ֆորում տեղի ունեցավ Հայաստանում, բայց կա հեղինակային եւ հարակից իրավունքների խնդիր, որը պետք է հարգել, հատկապես որ Հայաստանն ունի համապատասխան օրենսդրական դաշտ մտավոր սեփականության ոլորտում եւ միացել է միջազգային կոնվենցիաներին՝ իր վրա վերցնելով որոշակի պարտականություններ, այդ թվում՝ հայ հեղինակների նկատմամբ։

Նա նկատում է՝ կարեւոր չէ, թե ստեղծագործության ինչ տեսակ է, որովհետեւ բոլորը հեղինակային իրավունքի օբյեկտներ են։ «Հեղինակին կամ իրավատիրոջը տրվում է բացառիկ անձնական ոչ գույքային իրավունք եւ բացառիկ գույքային իրավունք։ Անձնական ոչ գույքային իրավունքի դեպքում, եթե հնչում է հեղինակի ստեղծագործությունը, կամ վերարտադրվում է այն, եթերով հեռարձակվում, ապա պարտադիր պետք է նշվի, թե ով է հեղինակը, կամ ով է կատարողը։ Եթե փոփոխություն է կատարվում ստեղծագործության նկատմամբ, կամ սպասվում է դա, պարտադիր հեղինակը պետք է թույլ տա դա կամ արգելի։ Այս կետի խախտման առիթով էր հենց Վահան Արծրունին դիմել մեզ, որովհետեւ համերգի ընթացքում ոչ մի հեղինակի անուն չի տրվել, այսինքն՝ խախտվել են հեղինակների անձնական իրավունքները»,- ասում է նա ու հավելում, որ գույքային իրավունքի շրջանակում հեղինակին տրվում է բացառիկ իրավունք՝ արգելել կամ թույլ տալ ամեն տեսակի ստեղծագործության օգտագործումը՝ ելնելով վարձատրության սկզբունքից, բայց վարձատրություն չի եղել ո՛չ Արծրունու, ո՛չ էլ մյուսների դեպքում։  

Համերգի ընթացքում, բացի Վահան Արծրունու մաշտոցյան շարականից, հնչել են նաեւ Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Բաղդասարյանի գործերը, ինչպես նաեւ՝ Արամ Խաչատրյանից 3 ստեղծագործություն։ «Այս բոլոր հեղինակներն ունեն մեզ հետ պայմանագիր։ Պայմանագրով իրենք այդ իրավունքը փոխանցել են «Հայհեղինակին», մենք էլ թույլտվության պայմանագիր ենք կնքում արդեն օգտագործողների հետ եւ գանձելով նրանից գումար՝ բաշխում ենք բոլոր հեղինակների միջեւ։ Համերգի ընթացքում Ազնավուր էլ է հնչել, մենք գանձված գումարը փոխանցում ենք շվեյցարական մեր գործընկերոջը, նա էլ փոխանցում է Ազնավուրի անհատական հաշվի վրա։ Արամ Խաչատրյանի դեպքում էլ ունենք երկկողմանի պայմանագիր՝ նույնատիպ մի ընկերության հետ, որը կոչվում է «Ռաու»։ Կա կառավարության որոշում, կան դրույքաչափեր։ Համաձայն այդ դրույքաչափերի՝ մենք արդեն բանակցում ենք իրենց հետ, որպեսզի գանձենք այդ միջոցառումներից հոնորարներ»,- ասում է Սուսաննա Ներսիսյանն ու հավելում, որ հիմա բանակցում են «Մեցցո Պրոդաքշն» ընկերության հետ, որպեսզի գանձեն հեղինակների հոնորարները։

Թե ինչ սկզբունքով են բաշխում գանձած հոնորարները, ապա՝ իրենք ունեն իրենց դրույքաչափերը եւ հրահանգները, որի վրա էլ հիմնվում են․ «Մենք ամեն ինչը ստեղծում եւ հաստատում ենք հեղինակային խորհրդի միջոցով, իսկ հեղինակային խորհուրդը կազմված է մեր հայտնի արվեստագետներից»։