Հարկայնությունը կիջեցնեն, շուկան կպահպանեն

Հարկայնությունը կիջեցնեն, շուկան կպահպանեն

Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի նիստում նախօրեին քննարկվել եւ հավանության է արժանացել Կոմիտասի պողոտայի 53 հասցեում գտնվող փակ շուկայի արդիականացման եւ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախագիծ-առաջարկը: Նախագծի հեղինակ-ճարտարապետն Անահիտ Թարխանյանն է, ում խոսքով՝ շուկան ամբողջությամբ պահպանելու է իր նպատակային նշանակությունը: Հանրապետական նշանակության շենքն ամրացվելու է եւ արդիականացվելու: Իսկ փակ շուկայի հետնամասում գտնվող հողամասի վրա կառուցվելու է երեք շենքից բաղկացած բնակելի առանձին համալիր՝ ժամանցի եւ սպասարկման սրահներով:

Երեւանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն ընդգծել է, որ թեեւ խորհուրդն իր դրական կարծիքն է հայտնել նախագծի վերաբերյալ, այնուամենայնիվ, կան որոշակի վերապահումներ՝ շենքերի հարկայնության եւ ծավալների մասով, ինչը նախագծման փուլում պետք է լրացուցիչ հստակեցվի եւ փոփոխվի:

Քաղաքաշինական խորհրդի անդամ, «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյանն ասում է, որ ներկայացվածը միայն գաղափար է՝ էսքիզ-առաջարկ, իսկ այն, որ շուկան կարդիականացվի եւ կշահագործվի, արդեն լավ է։ Ինչ վերաբերում է բնակելի համալիրին, ապա «հիմնական դիտողությունը եղել է այն, որ խտությունը մեծ է, եւ առաջարկ եղավ բոլորի կողմից՝ շենքերը մի քիչ հետ քաշելու եւ հարկայնությունը վերանայելու։ Տրանսպորտային միջոցների հետ կապված՝ իրենք պետք է փորձեն հնարավորինս ռացիոնալ լուծել տրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը, որպեսզի ելքն ու մուտքը լինեն ե՛ւ Կոմիտասից, ե՛ւ Տիգրանյան փողոցից,- ասում է Օհանյանն ու անդրադառնում ավտոկայանատեղիի հարցին։- Նախնական նախատեսել են ստորգետնյա 4-5 հարկ, բայց դա վերանայման ենթակա է, որովհետեւ երկրաբանական վիճակը մի փոքր կասկածելի է, ինչքան ես գիտեմ, շատ կոշտ են, ապառաժներ են, բազալտե ժայռեր, եւ փորելու պրոբլեմ է լինելու»։ 

Էսքիզ-առաջարկը ներկայացնելուց հետո քաղաքացիներից շատերի մոտ մտահոգություն է առաջացել, որ Կոմիտասի շուկան երկրորդ փակ շուկան է դառնալու․ «Խնդիրը դրվել է, որ շուկան իր ֆունկցիան պահպանի։ Եթե նայենք այն տարիներին, երբ շուկան կառուցվեց, այդ ժամանակ քաղաքի մեջ գյուղատնտեսական մթերքների վաճառքի կետեր սարսափելի քիչ կային, հիմա ամեն քայլափոխին կան, եւ այդ նույն ծավալով գյուղատնտեսական շուկան վերակառուցելն իմաստ չէր ունենա, որովհետեւ ամեն մեկի շենքի տակ կամ 100 մետրի վրա մի քանի հատ կա։ Դրա համար լավ է  այդտեղ գյուղատնտեսական շուկայի հետ նաեւ առեւտրային այլ կետեր ստեղծել, լայն իմաստով առեւտրային կենտրոն դառնա՝ ժամանակակից իմաստով»։ Այն, որ, շատերի կարծիքով, առաջին պլանում գտնվող շուկան վեր խոյացող շենքերի ֆոնին «բուդկայի» կերպար է ստանալու, ապա, ըստ Օհանյանի, այդ հարցը եւս խորհրդի նիստում քննարկվել է․ «Եթե շենքերի եզրագծերը մի քիչ հետ քաշեն, ինչը նաեւ ես առաջարկեցի, կարող է այդ տեսակ խնդիր չլինի»։ 

Հիմա, երբ քաղաքը գլխավոր ճարտարապետ չունի, միայն քաղաքաշինական խորհրդի հավանությունը բավարա՞ր է այս տեսակ նախագծերը կյանքի կոչելու համար։ «Միայն քաղաքաշինական խորհուրդը չէ, որ նախագծերի քննարկումով է զբաղվում, Երեւանի քաղաքապետարանն ունի ծառայություն՝ քաղաքաշինական ծրագրերի բաժին՝ քաղաքապետարանի կազմում, նույն կազմում կա ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն, այսինքն՝ ապարատով աշխատող մասնագետներ կան։ Բացի այդ՝ ստեղծվելու է եւ աշխատելու է հետեւյալը․ այդ բոլոր նախագծերի համար կա եւս ճարտարապետական խորհուրդ, որի կազմը մեծ է, եւ փոփոխման կարգով 5-10 հոգի պետք է աշխատեն այն պաշտոնատար անձի հետ, որը համակարգելու է ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտը։ Այսինքն՝ ինքն իր մասնագիտական խորհրդատուներն ունի՝ բացի քաղաքաշինական խորհրդից, որոնք իր հետ ամեն օր են զբաղվելու։ Այս դեպքում գլխավոր ճարտարապետի ֆունկցիան ոչ թե անձն է կատարում, այլ՝ մասնագետների, փորձագետների խումբը, եւ իրեն մնում է համակարգել, կողմնորոշվել, համապատասխան որոշումներ կայացնել եւ քաղաքապետին ներկայացնել»։            

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն իր խոսքում նախ ընդգծում է շուկայի շրջակա միջավայրի անմխիթար ու հակասանիտարահիգիենիկ վիճակը․ «Փաստացի, շուկան չի օգտագործվում, լրիվ բարձիթողի վիճակ է, ամբողջն անհրաժեշտություն ունի վերակառուցման եւ նորոգման, բայց շուկան որեւէ փոփոխություն չի կրելու եւ մնալու է որպես շուկա, վերակառուցվելու է, իր նախկին տեսքին բերվի, որտեղ կան մաշված կտորներ, վերականգնվում են, ամբողջ շուկայի շուրջը ձեւավորված կրպակներով անհասկանալի տարածությունը մաքրվելու է, կանաչապատվելու։ Այսինքն՝ շուկան պահվում է»։

Շենքերը թեպետ նախատեսված են եղել 18 հարկանի, սակայն քննարկումների ընթացքում առաջարկվել է, որ դրանք լինեն տարբեր բարձրության եւ վիզուալ կապվեն արդեն գոյություն ունեցող 14 հարկանի շենքերի հետ, որոնք որ գտնվում են շուկայի ձախ կողմում։ Ըստ այդմ՝ վերանայվելու է շենքերի հարկայնությունը։ «Խորհուրդը ցանկություն հայտնեց, որ շենքերն իրարից մի քիչ հեռու լինեն, ինչը հիմա փոփոխում ենք»,- ասում է Թարխանյանն ու հավելում, որ ներդրողը պատրաստակամություն է հայտնել՝ զուգահեռ նորոգել նաեւ հարակից շենքի կտուրը եւ տարածքում ձեւավորել մեկ ընդհանուր մոտեցում:   

Ինչ վերաբերում է համալիրի շուրջ ստեղծվող տրանսպորտային ցանցին, ապա «պետք է բացվի 2 փողոց, որոնք կբացվեն Տիգրանյան եւ Մամիկոնյանց փողոցի վրա, որպեսզի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը չմնա միայն Կոմիտասի վրա»,- ասում է Թարխանյանն ու նշում, որ առնվազն 1-1․5 տարի կպահանջվի նախագծային աշխատանքների համար, որին կհաջորդեն նախապատրաստական աշխատանքները, կարվեն հետազոտություններ, այդ թվում՝ շուկայի դեպքում․ «2 տարուց շուտ չեն սկսվի շինարարական աշխատանքները։ Դեռ շատ բաներ պետք է արվեն, դա ընդամենը կոնցեպտուալ նախագիծ է»։