Սա ասում եմ պատկառելի տարիքում կայանալու անհաջող փորձեր անողների համար․ Հունան Պողոսյան

Սա ասում եմ պատկառելի տարիքում կայանալու անհաջող փորձեր անողների համար․ Հունան Պողոսյան

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը իր խոսքում անդրադարձ կատարեց իշխանափոխությունից հետո Վալերի Օսիպյանին ու Հունան Պողոսյանին պաշտոնների նշանակելուն՝ ասելով, թե իբր դա հիմա իրենց երեսով են տալիս․ 

«Հեղափոխությունից առաջ հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, և վենդետաներ չեն եղել, խոսել ենք արդարության և արդարադատության մասին։ Մենք դա խոստացել ենք այն պայմաներում, երբ ունեինք ժողովրդի կողմից տրված անսահմանափակ իշխանություն։ Հիմա մեր երեսով են տալիս Օսիպյանին, ինչի միայն Օսիպյանին, ուրիշներին էլ կարող են մեր երեսին տալ։ Օսիպյաններ, Պողոսյաններ, թե ինչեր կարող են բարձրաձայնել, բայց «Իմ քայլը» ապացուցեց, որ արժեքների և սկզբունքների մասին խոսակցությունը միայն կենաց ու վերնագիր չէ» ,- ասաց Փաշինյանը։ 

Մենք կապվեցինք Հունան Պողոսյանի հետ՝ հարցրնելով, թե Փաշինյանն իրեն կադրային ջարդ և վենդետա չանելու պատճառո՞վ նշանակեց Սյունիքի մարզպետ․

« Ինձ համար պետական պաշտոնը եղել է, կա ու լինելու է, եթե առաջիկայում կամ ապագայում լինի, ժողովրդին ու իմ հայրենիքին ծառայելու միջոց։ Սա ես ասում եմ թե՛ ուսյալների համար, թե՛ թերուսների համար, թե՛ պատկառելի տարիքում նոր-նոր կայանալու անհաջող փորձեր անողների համար։ Ես հանրային խոսքում չկամ, քաղաքականության մեջ, ցույց եմ տվել, որ ևս չկամ, ես ինձ համարել եմ մասնագետ, առաջին վայրկյանից մինչև վերջին րոպեն ծառայել եմ, այդ թվում նաև Սյունիքի մարզում։ Եթե իմ հանրային խոսքը որևէ մեկին վիրավորել է, ես վիրավորելու ցանկություն չեմ ունեցել, ես ասել ու ասում եմ ճշմարտությունը միմիայն։ Եվ ես ինձ վատ կզգամ, որ իմ ազգանունը երբևէ շոշափվի այս կամ այն ազգանունների մեջ, դա էլ ինձ համար է շատ վիրավորական։ Ես ո՛չ վերնագիր ասող եմ, ո՛չ էլ՝ կենաց, ասում եմ առարկայական, ըստ էության խոսք՝ ընդ որում աչքերի մեջ, հետևից ոչ մեկին ոչ մի բան չեմ ասում, և ծառայել եմ զուտ օգտակար լինելու համար»,- պատասխանեց Պողոսյանը։