Ոչ ոք չի պլստալու, ոչինչ չի պլստալու

Ոչ ոք չի պլստալու, ոչինչ չի պլստալու

«Սիրելի հայրենակիցներ. Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել՝ կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: 
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով՝ ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում: 

Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ: 

Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: 

Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության կանչվեն: 

Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում, եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից: 

Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանո՛ւն հայրենիքի»:

Սա Փաշինյանի ֆեյսբուքյան հայտնի գրառումն է, որն իմ կողմից «copy-paste» անելու պահին արդեն 43 հազար դիտում ուներ: Ենթադրում եմ, որ դիտումների մի մասն էլ ապահովել էին օտարերկրացիները, այդ թվում՝ թուրք, ռուս, ադրբեջանցի, վրացի, իրանցի, ֆրանսիացի, ամերիկացի, ինչպես նաեւ թշնամի երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Վերջիններս, անկասկած, Փաշինյանի այդ գրառումն իսկույն թարգմանել են իրենց լեզվով եւ ենթարկել մանրազնին քննության, որից հետո, չի բացառվում, տարածել են մամուլով, որ տեսեք՝ հայերն ինչ արդյունավետ պայքարում են հայոց բանակի շարքերում վխտացող դավաճանների դեմ:
Սա այս պատերազմում մեր հաղթաթուղթն է, եւ ինձ թվում է՝ չկա մարդ, որը վստահ չլինի, թե Փաշինյանն ինչքան անհանդուրժող է «հայրենիքի դավաճանների» նկատմամբ:

Թվում է՝ նա վաղուց պետք է այդ երեւույթն արմատախիլ արած լիներ մեր երկրից եւ հիմա ուղղակի դավաճանների վերջին մնացուկների հարցերն է մնացել լուծի: Բայց ամենակարեւորը դեռ այս հայտարարության այս պահին ի հայտ գալը չէ: Փաշինյանն այս թեմայով շատ է խոսել: Դեռ Թեհրան կատարած իր այցի ժամանակ նա առանց անուններ տալու հայտարարեց, որ ՀՀ պետական կառույցներում կան մարդիկ, որոնք չգիտես թե որ պետության համար են աշխատում: Ավելի ուշ, Արցախի ԱԺ եւ նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին պարոն վարչապետը «դավաճանների» մասին էր հիշատակում՝ նշելով, թե այնտեղ կան մարդիկ, որոնք կարող են պատերազմ հրահրել եւ հետո իրեն մեղադրել տարածքներ հանձնելու մեջ: Բայց, չգիտես ինչու, մինչ օրս ոչ մի օտարերկրյա գործակալի անուն չենք լսել, ինչով են զբաղված մեր իրավապահները՝ ինչո՞ւ դավաճանության հոդվածով ոչ ոք չի դատվել, եւ, վերջապես, այդ ի՞նչ «դավաճաններ» են, որոնք ոչ միայն ՀՀ վարչապետի մասին սուտ լուրեր են տարածում առաջնագծում, այլեւ, գլուխները մահու տված, չկռվելու հրամաններ են տալիս հայոց բանակի կանոնավոր զորամասերին:

Պարոն Փաշինյան, զգաստացնող է այս օրերին արված ձեր մեկ այլ հայտարարություն եւս՝ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք ճանաչելու: Լավ կլիներ բացատրեիք՝ իսկ ի՞նչ ենք անելու։ Ես՝ ինքս, դեմ եմ ռեալ հաղթանակը «բարոյական» հաղթանակի հետ շփոթելուն:

Իսկ հիմա՝ դարդերիս մասին: Պարոն Փաշինյան, ես երկու տարի շարունակ զռռում էի, իսկ Դուք բարեհաճում եք միայն հիմա սահմանափակել իմ խոսքի ազատությունը՝ որոշում եք ստորագրում բերանս փակելու մասին։ Այս երկու տարին ի՞նչ էիք անում, թողեցիք՝ ինչ ուզում ենք գրենք, հիմա եք գլխի ընկել, որ Ձեր կառավարած երկրի վիճակն ենք բացահայտում, պետք է լրագրողներին զսպել։ Հիմա ի՞նչ՝ հարց էլ չե՞մ կարող տալ։ Բա ես ուզում էի հարցնել՝ ինչո՞ւ էին մեր գեներալները տխուր ու «պարտված» դեմքերով նստած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ, ուզում էի հարցնել՝ ինչո՞ւ եք «դավաճան» փնտրում առաջնագծում հրաման տվող հերոսների մեջ, երբ ավելի մոտիկ տեղերում լիքը դավաճան ու հացկատակ կա։ Ուզում էի հարց տալ, թե ինչու է թուրքերի հետ հայոց պատմություն գրող նախարարդ պաշտոնավարում թուրքի դեմ մղվող պատերազմի օրերին, ինչու է առողջապահության նախարարդ ժողովրդին հուսահատեցնելու համար օրական կորոնավիրուսի թվեր կրակում: Ախր ո՞ր մեկն ասեմ: Պարոն Փաշինյան, ուզում էի հարցնել՝ ո՞վ էր այդ ահազանգ տվողը, չիմանա՞նք: Եթե ԱԱԾ-ից էր, ուրեմն ԱԱԾ-ն հրաշալի է աշխատում, ինչո՞ւ մարդուն գործից հանեցիք: Իսկ եթե ԱԱԾ-ից չէ, ուրեմն… հասկացողը՝ հասկացավ։

Ի դեպ, պարոն Փաշինյան, Քյարամյանին հեռացնելով՝ Դուք հենց երկրորդ տարբերակն եք խոստովանում:

Բայց… առջեւում բանակցություններ են: Չի բացառվում, որ ռազմական դրության մասին այս «օրենքը», երբ կրակը դադարեցվի, դառնա ջնջոց եւ տխուր հիշողություն այն մասին, թե ինչպես էր խոսքի ազատության ջատագով Փաշինյանը փորձում լռեցնել իր եւ իր թիմի հասցեին հրապարակային քննադատությունը: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ օրենքում արված լրացումները, որոնցով խստացվում է ռազմական դրության ռեժիմը, իսկ տուգանքները յոթանիշ թվերի են հասցվում, նույն օպերայից է, ինչ Փաշինյանի անհաջող եւ անհեռանկար ինքնարդարացումը: