Շղթայական ռեակցիա

Շղթայական ռեակցիա

Երբ 2018-ին զգուշացնում էինք, որ հեղափոխության օրերին մեր կյանք հորդած ագրեսիան ոչ մի լավ բանի չի հանգեցնելու, եւ հեղափոխականների թիվ մեկ գործը պետք է լինի այդ ագրեսիայի դեմ պայքարը, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում մեր ասածին: Երբ ահազանգում էինք, որ հանրապետականներին ուղղված մերժումն ու ատելությունը, դրա խրախուսումը վատ հետեւանքներ են ունենալու երկրի համար, մեզ մեղադրում էին նախկիններին պաշտպանելու մեջ: Երբ համոզում էինք, որ սպառնալիքներով չխոսեն մարդկանց հետ, կեղծ քրեական գործեր չկարեն, ամբիոններից մատ թափ չտան ու հայհոյանքը չդարձնեն քաղաքական միակ գործիքը, մեզ չէին լսում:

Երբ հորդորում էինք՝ առանձին կառույցների ու անձանց դեմ կատաղի պայքար չմղեն` նախկին պաշտոնյաներին ասպարեզից հեռացնելու ճղճիմ նպատակադրմամբ, սահմանադրական հանրաքվե չնախաձեռնեն, դատարաններ չշրջափակեն: Տարիների ընթացքում աճած պրոֆեսիոնալ կադրերին օգտագործեն: Մանկամիտ տգետներով պետական կառավարման համակարգը չհեղեղեն, մեզ չար ու նախանձ էին անվանում եւ մեղադրում՝ չենք թողնում, որ ջահելներն աշխատեն: Բայց այդ ատելությունն ու չարությունը, որը մեր կյանքում սկսեց հատկապես գերակշռել 2018 թվականից սկսած, այլ երեւույթներ էլ գեներացրեց մեզանում:

Վերեւից հրահրված չարությունը սկսեց քայքայել ու ոչնչացնել մեր երկիրը: Նախօրեին դպրոցներից մեկի տնօրենը բողոքում էր, թե դպրոցներում ագրեսիան այնքան է ավելացել, որ սկսել են աշակերտները միմյանց վնասել, խեղել: Բանը հասել է նրան, որ ծնողները պահանջում են դասարաններում տեսախցիկներ տեղադրել, որ իրենց զավակները պաշտպանված լինեն, եւ իրենք կարողանան հետեւել, թե ինչ է կատարվում դպրոցում: Նաեւ հոգեբանի պարտադիր հաստիք են ուզում ներդնել, որ երեխաների հետ մշտապես աշխատեն: