Փառատոնի մասնակիցների համար սահմանվել է խիստ դրես-կոդ 

Փառատոնի մասնակիցների համար սահմանվել է խիստ դրես-կոդ 

Ամենամյա Կաննի կինոփառատոնն այս տարի տեղի կունենա մայիսի 13-24-ին։ Այս տարի կկայանա 78-րդ անգամ։ Երկու շաբաթ անընդհատ Լազուրե ափի մայրաքաղաքը կշնչի կինոյով։ Կլինեն կինոդիտումներ, քննարկումներ եւ բնականաբար՝ մրցանակաբաշխություն։ Փառատոնի անցկացման վայր են տարվել գլխավոր մրցանակները՝ «Ոսկե արմավենիները»։ Ավանդույթի համաձայն, առաջինը շնորհվում է կինոյի վետերաններից մեկին։ Այս տարի, սպասվում է, որ պատվո «Ոսկե արմավենու» կարժանանա Ռոբերտ դե Նիրոն, ում կինոկարիերան սկսվել է դեռ հեռավոր 60-ականներին։ Փառատոնի ղեկավար Թյերի Ֆրեմոն հայտնել է, որ ծրագրի ձեւավորման ընթացքում դիտվել է ռեկորդային թվով կինոժապավեններ՝ մոտ 3 հազար։ Ընտրվել է հիմնական մրցույթի համար տասնինը ժապավեն։

Հաղթողներին կորոշի ժյուրին՝ հայտնի դերասանուհի Ժյուլյեն Բինոշի գլխավորությամբ։ Այս տարվա հիմնական մրցութային ծրագրում են ֆրանսիական Dossier 137-ը, որը նկարահանել է ռեժիսոր Դոմինիկ Մոլյան։ Ամերիկյան կինոարվեստը ներկայացված է The Phoenician Scheme կինոնկարով, որի ռեժիսորն է Վես Անդերսոնը։ Կինոնկարում հանդես է եկել Սկարլետ Յոհանսոնը։ Ամերիկյան մյուս կինոնկարը Խոակին Ֆենիքսի եւ Էմմա Սթոունի մասնակցությամբ «Էդինգթոնն» է, որի ռեժիսորը Արի Աստերն է։ Ծրագրում են՝ իտալացի դերասանուհի եւ գրող Գոլիարդե Սապիենցային նվիրված Fuori կենսապատումը, բրազիլական դեդեկտիվ Agente Secreto-ն եւ ճապոնական Renoir-ը։ Արտամրցութային ծրագրում կցուցադրվի Կիրիլ Սերեբրեննիկովի The Disappearance of Josef Mengele-ն եւ «Վերջնական հատուցումը», որը հանդիսանում է «Առաքելությունն անիրականանալի է» շարքի ութերորդ կինոնկարը։

Կինոնկարը կցուցադրվի գլխավոր դերակատար Թոմ Կրուզի ներկայությամբ։ Վերջինս իրավունք կունենա պրեմյերայի ընթացքում բարձրանալու Կաննի պալատի աստիճաններով։ Փառատոնին հաստատվել է չափազանց խիստ դրես-կոդ, որպեսզի հնարավոր լինի խուսափել ցանկացած «շեղումից»։ Փառատոնի նախօրեին լրագրողների հետ ասուլիսով հանդես է եկել համաշխարհային կինոյի լեգենդներից Բրիջիթ Բարդոն։ Վերջինս բավական սառն է արտահայտվել 21-րդ դարի կինոյի մասին՝ ասելով, որ այն այլեւս չի ստիպում մարդկանց երազել։ Բարդոն նկատել է, որ ժամանակակից շատ կինոնկարներ պարզապես ձանձրալի են եւ հեռուստատեսությունները հարկ է, որ ավելի հաճախ իրենց եթերներով ցուցադրեն դասական կինո։