ՀՀ վարչապետին և կառավարությանը. սովորելը երբեք ուշ չէ

ՀՀ վարչապետին և կառավարությանը. սովորելը երբեք ուշ չէ

Թեմա.Գիտական աշխատանքների կազմակերպման և ֆինանսավորման Ձեր սկզբունքային սխալների մասին

Հավատացնում եմ ձեզ, որ իմ կենսագրությունը ինձ իրավունք է տալիս կարդալ այս դասախոսությունը:

Հարգելի՛ ունկընդիր, գիտությունը իրոք կարող է հզորացնել մեր պետությունը և լուծել այսօրվա բազմաթիվ խնդիրներ: Բայց սկսած 1990-ական թվականներից դավադիր ուժերը աննկատ և խորամանկ կերպով քայքայեցին գիտության զարգացման և նրանով պետությունը հզորացնելու հնարավորությունները, խախտեցին հետևյալ հիմնական կանոնը՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է: Դժգոհությունից խուսափելու համար սկսեցին քիչ-միչ վճարել գիտական աշխատողներին, բայց ոչինչ չպահանջել, պետպատվեր չիջեցնել և չտալ նախկին արդյունքների գնահատականները: Մեր երկրում չկային և հիմա էլ չկան մեծ ֆիրմաներ, որոնք ֆինանսավորեին, պատվիրեին և պահանջեին պետությանը անհրաժեշտ գիտական արդյունք: Եվ այս պայմաններում, փաստորեն, իրականացվեց քաղաքականություն՝ հարգելի՛ գիտնականներ, ինչով ուզում եք զբաղվեք, բայց մեզ չխանգարեք, բավարարվեք այս քչով, պետությանը օգուտ չտաք:

Այսպես, չկա պետպատվեր, վճարման ենթակա գիտական թեմաները առաջարկվում են իրենց իսկ կատարողների կողմից: Նրանցից յուրաքանչյուրը առաջարկում է իր համար ցանկալի, երբեմն դեռ սովետից մնացած գիտական թեմաներ, երբեմն ոչ մի առնչություն չունեցող մեր պետության շահերի հետ: Իսպառ բացակայում են ստացված արդյունքների ներդրման պահանջները և այդ ներդրման կազմակերպումը: Ստացվում է թեմաների մեծ խայտաբղետություն, պետական բյուջեի ոչ նպատակաուղղվածություն, բյուջեի միջոցների փոշիացում: Վերջերս, ավելի են անհասկանալի դարձել պահանջները գիտական արդյունքների վերաբերյալ: Որպես վերջինիս որակի չափանիշ` պահանջում են տպած հոդվածներ արտասահմանյան գիտական բաց մամուլում: Այսինքն` մեր պետությունը փող է ծախսում, իսկ օգտվում են օտարները: Չկա ոչ մի վերահսկում` գուցե մեր գիտնականների կողմից իրենց հոդվածներում առաջարկած գաղափարները, մեթոդները յուրացվում են մեր թշնամիների կողմից, վերջին հաշվով դառնում մեր իսկ դեմ կռվող զենք:

Այս գրվածքը կլիներ թերի, եթե չտայինք վիճակից դուրս գալու լուծումները: Իսկ անհրաժեշտ է`
    1. Դադարեցնել գիտություն բառի սպեկուլյացիան:
    2.  Վճարել միայն պետությանը անմիջական օգուտ տվող և ավարտված արդյունքների համար:
    3. Դադարեցնել վճարումը գիտական կոչումների, այսպես կոչված գիտական արժեքների համար, տպված հոդվածների համար :
    4. Արգելել արժեքավոր հոդվածների տպագրումը արտասահմանյան մամուլում (սովորաբար հայերը տալիս են հետաքրքիր հեռանկարային գաղափարներ, լուծումներ):
    5. Պարզեցնել գիտական բյուրոկրատիան` գիտական աստիճանների բազմաստիճան ցանկը:
    6. Չվճարել հիմնարար գիտության համար, որոնք ռեալ արդյունք կարող են տալ միայն 50-100 տարի հետո: Քանի որ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, մեզ անհրաժեշտ է լուծել ավելի օպերատիվ խնդիրներ: 
    7. Մեր գիտական միավորներին վճարել միայն պետպատվերների համար: Իսկ եթե պատվերը չկատարվի, ապա գիտական հիմնարկներին պատժել ծախսված ֆինանսը հետ պահանջելով: Թույլ տալ, որ նրանք կատարեն մեր երկրի մասնավոր ընկերություներից ստացվող պատվերներ:
    8. Պարզեցնել գիտության կառավարման ներկայիս խճճված սխեման (այժմ կա և´ Գիտության Կոմիտե, և´ Ակադեմիա): Ամենակարևորը` կազմակերպել պետական պատվերներ առաջադրող օրգանների աշխատանքը: Պետբյուջեն պետք է ծախսել միայն այդ պատվերների կատարման համար:
    9. Պետության շահերին նպատակաուղղված պետպատվերների ձևավորումը պետք է իրականացնել լուրջ մասնագետների օգնությամբ ելնելով պետության օրգանների (պաշտպանության, էկոնոմիկայի, բարդ տեխնոլոգիաների նախարարությունների) պահանջներից: Պատվերները պետք է ձևավորվեն Գիտության Կոմիտեի կողմից, բայց անհրաժեշտ կլինի փոխել ներկայիս աշխատաոճը, փոխել Գիտության Կոմիտեի ներկայիս կազմը, ընդգրկել լուրջ մասնագետների, բարձրացնել Գիտության Կոմիտեի պատասխանատվության աստիճանը գիտական արդյունքների վերջնական ներդրման կազմակերպման համար: 
      Մի քանի խորհուրդ Գիտության Կոմիտեի ղեկավարներին, որոնք թույլ կտան չփչացնել բյուջեի գիտության համար նախատեսված ծախսերը: Պետք է օգտվել միջազգային փորձից, որն ասում է՝ գիտական մեծ ծավալի ավարտուն աշխատանքները պետք է վերածել հետևյալ փուլերի կատարմանը.
    1. Տեխնիկական առաջադրանքի կազմում:
    2. Գիտահետազոտական աշխատանքների կատարում (կամ այլ կերպ անվանում են էսքիզային նախագծում):
    3. Փորձնա-կոնստրուկտորական աշխատանքների կատարում (այլ կերպ՝ տեխնիկական նախագծում):
    4. Աշխատատող նմուշի ստեղծում (այլ կերպ՝ աշխատանքային նախագծում):
    5. Աշխատանքի արդյունքների շահագործմսն մեկնարկում և ընդունումը պետական հանձնաժողովի կողմից:

 Նշված փուլերից յուրաքանչյուրի կատարումից հետո միայն իրականացվում է հաջորդ փուլի ֆինանսավորումը: Այսպիսով կանխվում է աշխատանքի կատարման միջանկյալ անհաջող լուծումները, որոնք անխուսափելի են գիտական աշխատանքների դեպքում: Իսկ ինչպե՞ս եք վարվում դուք: Դուք կազմակերպում եք նշված փուլերից միայն առաջին և երկրորդը, ընդ որում հաշվի չառնելով պետական շահերը: Որպես երկրորդ փուլի արդյունք դիտում եք միայն արտասահմանյան մամուլում տպված հոդվածները: Այսինքն, մեր գիտական միտքը, գաղափարները մատուցում եք օտարին, մի գուցե նաև մեր թշնամուն: Այսպիսով գործը չեք հասցնում մինչև հինգերորդ փուլ և ամեն տարի բյուջեից պահանջում եք նորից և նորից մեծ գումարներ: Կազմակերպման նման եղանակի դեպքում, թեկուզ տասնապատկվի գիտության բյուջեն, միևնույն է ՀՀ-ին ոչ մի օգուտ չի լինի, քանի որ գիտության վրա կատարած ծախսերի արդյունքը վերը նշված երկրորդ կետով արտահոսում են դեպի դուրս:  
Վերջում նորից պնդեմ, որ սովորելը երբեք ուշ չէ. դուք ջահել եք, վերը նշված աշխատանքի սխեմայով փորձ չունեք: 

Տեխնիկական գիտությունների սովետական պրոֆեսոր՝ Էդուարդ Մանուկյան