Հայաստանում բնակվող քրդերի բողոքի ակցիա` ԱՄՆ դեսպանատան դիմաց

Հայաստանում բնակվող քրդերի բողոքի ակցիա` ԱՄՆ դեսպանատան դիմաց

Հայաստանում բնակվող քրդերը վաղը բողոքի ակցիա կանեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Այս մասին Hraparak.am-ին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Կնյազ Հասանովը, ով ևս մասնակցելու է ցույցին։

«Իրենք սկզբից ասացին՝ մենք հովանավորում ենք, կռվեցին էդ իսլամիստների դեմ՝ Ամերիկայի հովանավորությամբ, հորդորներով, հիմա էլ Ամերիկան աջ քաշվեց, ու քրդերին կոտորում են»,- ասում է Հասանովը։

Հարցրինք, թե ինչու ոչ նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց, որովհետև քաղաքական վերլուծաբանների մեծ մասի կարծիքով՝ ռուսական կողմը ևս պայմանավորվածություն ունի Թուրքիայի հետ, և Ռուսաստանից ևս չկա այն արձագանքը, որ պետք է լիներ։ Հասանովն ի պատասխան ասաց․ «Բոլորն էլ, իրենց ազգային շահերից ելնելով, թուրքերի հետ լավ են, դրա համար էլ չեզոք դիրք են գրավում։ Ի՞նչ ասեմ հիմա»։

Հիշեցնենք․ երեկ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ամերիկյան ամբողջ զորախումբը՝ մոտավորապես 1000 զինծառայող, դուրս բերել Սիրիայի հյուսիսից: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել էր․ «Չնայած մեր անհամաձայնությանը՝ նրանք որոշեցին ներխուժել Սիրիա, իրավիճակը շատ վատ է այս պահին: Վերջին 24 ժամվա ընթացքում մենք իմացանք, որ Թուրքիան մտադիր է ընդլայնել իր ռազմական գործողությունը դեպի հարավ ու նաև դեպի արևմուտք, ինչը նախապես պլանավորված չէր: Մենք նաև իմացանք, որ սիրիական ժողովրդավարական ուժերը ձգտում են գործարքի գնալ Սիրիայի կառավարության ու Ռուսաստանի հետ՝ թուրքերի դեմ հակահարձակման անցնելու համար»։ CBS-ի հարցազրույցում Էսպերը նաև հայտնել է, որ շաբաթ գիշերը խոսել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ ու հանձնարարություն ստացել՝ ամերիկյան զորախումբը դուրս բերելու Սիրիայի հյուսիսից:

Փոխարենը՝ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ ուժեղ պատժամիջոցներ են նախապատրաստվում: Կիրակի օրը Թվիթերում նա գրել է, որ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի և Կոնգրեսի շատ անդամների հետ, ներառյալ՝ դեմոկրատների, քննարկվում է Թուրքիայի նկատմամբ հզոր պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ֆինանսների նախարարությունը պատրաստ է, հնարավոր է լրացուցիչ օրենսդրության կարիք լինի: «Թուրքիան խնդրել է, որ դա տեղի չունենա, կապի մեջ»,- գրել է Թրամփը՝ նշելով, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում մեծ կոնսենսուս կա։

Այս շրջաններում բնակվում են շուրջ 3,5-4 միլիոն քրդեր։ Հիշեցնենք, որ այս շրջաններում բնակվող շուրջ 16 հազար ընտանիք տեղափոխվել էր Հալեպ կամ այլ անվտանգ շրջաններ։ Կնյազ Հասանովն ասաց, որ քրդերն էլ տեղափոխվել են հարևան քրդաբնակ շրջաններ, որտեղ ունեն ազգականներ։ Նա նշեց, որ ռմբակոծվող շրջաններում բնակվող քրդերը Հայաստանի քրդերի հետ մոտ ազգակցական կապեր չունեն։ Պարոն Հասանովին հարցրինք նաև, թե Ազգային ժողովի կողմից Սիրիայում քրդերի նկատմամբ գործողությունները դատապարտելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ են։ Հասանովի խոսքով՝  առայժմ ոչ, նա հիշեցրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ դատապարտել են։