Ո՞վ է տեսել թաղապետը նման խուժանավարի ձևով պահի իրեն
«Հրապարակը» երեկ երեկոյան տեղեկացրել էր, որ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել: Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մի շարք ՔՊ-ականներ քաշքշել են Ազգային ժողովրդական բևեռի անդամներին, որոնք իրազեկման ակցիա էին իրականացրել առաջիկա հանրահավաքի վերաբերյալ: Ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ միջադեպի արդյունքում քաղաքացիներ են բերման ենթարկվել։ «Ձեր կողմից նշված վայրում միջադեպ եղել է Մալաթիայի բաժնում կան բերման ենթարկվածներ»,- ասել էին ոստիկանության լրատվականից:
Հետո Բեւեռը տեսանյութ տեղադրեց, որից տեղեկացանք, որ քաշքշուկի միջադեպի գլխավոր գործող անձը այդ վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանն է, ով հարձակվել է իրազեկում անողների վրա, գոռացել, քաշքշել ակցիա անողներին, անգամ կանանց: Այդ ամենը ամբողջությամբ տեսանկարվել էր: Թաղապետն, իհարկե, մենակ չի եղել` մի մերկ տղամարդ եւ մի քանի անձ եւս ակտիվորեն մասնակցել են քաշքշուկին` հարձակվելով Բեւեռականների վրա, որոնք դավաճան էին անվանել Նիկոլ Փաշինյանին:
Այսօր Ոստիկանությունից «Հրապարակը» փորձեց ճշտել, թե քանի հոգու են բերման ենթարկել, գործ հարուցվել է, թե ոչ, ինչ ընթաք է ստացել վարույթը: Մեզ հայտնեցին, որ վարույթն ուղարկվել է Քննչական կոմիտե, հավելյալ տեղեկություններ չունեն, քանի որ գործն իրենց տիրույթում չէ:
Նշենք, որ միջադեպից հետո ՔՊ-ականներն ու ՔՊ-ամերձները Բևեռի անդամներին մեղադրում էին իրենց սադրելու` ՔՊ-ի նախընտրական շտաբի դիմաց միտումնավոր Նիկոլ Փաշինյանին հայհոյելու և նրա հասցեին վիրավորանքներ հնչեցնելու մեջ` արդարացնելով ՔՊ-ականների պահվածքը:
ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել` Բևեռի կողմից կազմակերպած իրազեկման ակցիային չի մասնակցել, չնայած տեղեկացված է եղել, և Բևեռի անդամների կանչից հետո` 20 րոպե ուշացումով է միայն ժամանել դեպքի վայր: Բացատրել են, որ խցանման մեջ էին: Գասպարյանը պնդում է, որ Բևեռի անդամները որևէ մեկին չեն սադրել, պարզապես իրազեկման ակցիա են իրականացրել, իսկ ինչ վերաբերում է ՔՊ-ի շտաբի դիմաց Փաշինյանին հայհոյելուն, մեր զրուցակիցը նշում է, որ այդ տարածքը ՔՊ-ի սեփականությունը չէ` որտեղ կցանկանան, այնտեղ էլ ակցիա կիրականացնեն.
«Ինչ է նշանակում ՔՊ-ի շտաբի դիմաց ակցիա են իրականացրել, իսկ այդ շտաբի տարածքը ՔՊ-ի սեփականությո՞ւնն է: Մարդիկ Մալաթիայում իրազեկման ակցիան էին իրականացնում, պարզ է, որ այդ հատվածով ևս պետք է անցնեին: Ընդ որում, ոստիկանությանը մեր թիմակիցները խնդրել էին մասնակցել միջոցառմանը, անվտանգության աշխատանքների համար, Ոստիկանության պատասխանատուն զանգահարեց, ճշտեց, թե որ ուղղություններով ենք շարժվելու, սակայն այդպես էլ չներկայացան: Երբ նորից ենք զանգահարել, հարցրել, թե ինչու չեկան, պատասխանել են, թե խցանումների մեջ են: «Խեղճ» ոստիկանները 20 րոպե անց ժամանեցին դեպքի վայր և մերոնց տարան բաժին: Մինչև գիշերվա ժամը 2-ը բաժնում են եղել: ՔՊ-ական մերկ մարդուն էլ էին բաժին տարել, սակայն նրան ավելի շուտ ազատ արձակեցին: Հայհոյանք, վիրավորանք, քացով խփել․ սա է ՔՊ-ի դեմքը: Տեսանյութերից ամեն ինչ ակնհայտ է դառնում, հստակ երևում է, թե ով է ում սադրում: Երբևէ իրազեկման ժամանակ նման միջադեպ չէր եղել: Սկզբում ոստիկանները նորմալ իրենց աշխատանքը կատարում էին, կասկած ունեմ, որ այս անգամ համաձայնեցված էր ամեն ինչ և ոստիկանների՝ խցանման մեջ ընկնելը պատահականություն չէր: Հիմք ունեմ մտածելու, որ դիտավորություն կա, ի՞նչ է նշանակում ոստիկանությունը խցանման պատճառով չի կարողանում ժամանել դեպքի վայր: Երբ մենք գոռում ենք «Նիկոլ, դավաճան», դա սադրա՞նք է: Այն, որ Նիկոլը դավաճան է, դա ամբողջ աշխարհը գիտի, եթե դա ՔՊ-ի համար սադրանք է, դա արդեն իրենց խնդիրն է», - նշեց Գասպարյանը: Նրա կարծիքով` ՔՊ-ն խուճապի մեջ է և նման դրսևորումներն առհասարակ փաստում է իշխող թիմի վախերի մասին.
«Մարդկանց ծեծի ենթարկելը խուճապի նշան է: Մի քաղաքական ուժ, որ իր վրա վստահ լիներ, համոզված լիներ, որ վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը, նման ձևով չէր դրսևորի իրեն: Ժողովրդավարական արժեքներին հավատարիմ ուժը չի կարող նման խուժան բաներ անել: Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ սա անախորժություն էր պարզապես, դա նշանակում է, որ նույն ՔՊ-ն պետք է պատժի իր թիմակիցներին: Ո՞վ է տեսել թաղապետը նման խուժանավարի ձևով պահի իրեն: Ինչևէ, սա երրորդ հանրապետության դեմքն է, ես չեմ զարմանում: Քրեաօլիգարխիկ իրականությունը շարունակում է գործել»,- խոսքը եզրափակեց Վահե Գասպարյանը:
Կարծիքներ