Քանի որ սկսել է ընդդիմադիրներին ձերբակալել, ուրեմն վախեցած է`ընդդիմադիրներից վտանգ է տեսնում

Քանի որ սկսել է ընդդիմադիրներին ձերբակալել, ուրեմն վախեցած է`ընդդիմադիրներից վտանգ է տեսնում

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրը, այս օրերին եւս բավականին ակտիվ է: Նա մասնակցում է ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիաներին` պայքարում է գործող իշխանությունների դեմ եւ նշում, որ գործող թրքահպատակ իշխանություններին օր առաջ պետք է հեռացնել:

- Արմինե, գործող իշխանությունները հիմա էլ սկսել են տարատեսակ ձերբակալություններ իրականացնել, քրեական գործեր հարուցել, որոնք, ընդդիմադիրների պնդմամբ, ակնհայտ շինծու գործեր են:

- Այո, սրանք շինծու գործեր են: Իշխանություններն օգտագործում են ռեպրեսիվ ապարատը, քանի որ ամեն օր շարժումը թափ է առնում, սա վտանգում է իշխանության կողմից երկրի անպատիժ վաճառքը: Հիմա այս ամենը բնական է, որովհետեւ գիտակցում են, որ եթե իշխանությունից հեռանան, հաջորդ օրը հակառակ պատկերն է լինելու` իրենց են սկսելու ձերբակալել, սակայն ոչ թե թեթեւ խուլիգանական հանցանքի համար, այլ` պետական դավաճանության:

- Թշնամուն Տավուշից ինչ-որ գյուղեր հանձնելու` անկլավների մասին լուրեր են հիմա շրջանառվում: Ի՞նչ է սա նշանակում:

- Ոչ թե սկսել են, այլ` շարունակվում են: Սովետական Միության տարիներին, երբ ադրբեջանցի հովիվները գալիս էին՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում բնակություն էին հաստատում, չգիտես ինչու, այդ հատվածները կցում էին Ադրբեջանի Հանրապետությանը: Այդտեղից էլ Հայաստանում գոյացել են ադրբեջանական անկլավներ։ Եթե ուշադիր դիտարկենք, ապա կտեսնենք, որ այդ գյուղերը ձեւավորվել են 50-ականներից սկսած: Այսինքն` երբ Հայաստանը մտել է Սովետական Միության կազմ, նման անկլավներ գոյություն չունեին: Արծվաշենը եւս անկլավ դարձավ, որն ունի Հայաստանի հետ ուղիղ ցամաքային կապ: 1992-ի օգոստոսին, հասկանալով, որ չենք կարող պահել մեր տիրապետության տակ, Արծվաշենը հանձնեցինք Ադրբեջանին, սակայն այս անկլավ կոչվածները մնացին մեզ: Տարածքային առումով Արծվաշենն անհամեմատ ավելի հարուստ եւ մեծ գյուղ էր, քան այս փնթի հովիվների կացարանները, անգամ նորմալ գյուղեր էլ չկային: Հիմա Ադրբեջանը որոշել է վերադարձնել իր անկլավները, Փաշինյանն էլ, լինելով տգետ, հոգով վաճառական մի վախկոտ, ասում է՝ անկլավները կտա, այդ թվում` Տիգրանաշենը: Տիգրանաշենը թուրքին տալով՝ մենք խաչ ենք քաշում Սյունիքի վրա: Այդկերպ Սյունիքը կտրելու են Հայաստանից:

- Վարչապետ Փաշինյանը տարբեր այցերով այս ու այն երկրներ է մեկնում, մայիսի 9-ին գնում է Եռաբլուր, ընտանիքի անդամների հետ խնջույքների է մասնակցում,  լուսանկարներ են տեղադրում համացանցում: Տպավորություն է, թե ոչինչ էլ չի պատահել:

- Եթե սկսել է ձերբակալություններ, ուրեմն սկսել է վախենալ: Մինչեւ երեկ ինձ թվում էր՝ նա չի վախենում, անհանգիստ չէ, ճանապարհորդում է, գնում է Դիլիջան հանգստանալու եւ այլն, եւ այլն: Սակայն քանի որ սկսել են ընդդիմադիրներին ձերբակալել, ես հակված եմ մտածել, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է: Նա սկսել է ընդդիմադիրներից վտանգ տեսնել, ինչը շատ լավ է: