Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ Մեր թիմի կազմում 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Քիչ անց հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը (որոշ ռեսուրսներում նշվում է, որ գրանցվել է ինքնագոլ՝ Հարությունյանի անվան դիմաց)։

Հանդիպման 35-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստ Դուբրան։ Հայաստանի հավաքականի հարձակվողների պրեսինգի արդյունքում լատվիացի պաշտպանը գնդակն ուղարկեց իր դարպասապահին, ով չկարողացավ ֆիքսել գնդակը․ արդյունքում՝ ինքնագոլ։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերն ընդմիջման գնացին 2-1 հաշվով։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Լուկաս Սելարայանը հաշիվը դարձրեց 3-1։ Ընդհանուր առմամբ, երկրորդ խաղակեսը ևս անցավ Հայաստանի հավաքականի խաղային առավելությամբ։ Հանդիպման 85-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը ևս մեկ գոլ խփեց Ռանոսի փոխանցումից հետո՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Այդպիսով, Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։