Համագործակցություն՝ միտված «Արփի» արգելոցի պահպանությանը 

Համագործակցություն՝ միտված «Արփի» արգելոցի պահպանությանը 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցում առաջիկայում նոր ծրագրեր կիրականացվեն։ Դրանք միտված են նախեւառաջ հուշարձանի պահպանությանն ու արգելոցի զարգացմանը։ 

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով՝ «Արփի»-ն Վայոց ձորի մարզի նշանակալի արգելոցն է` իր հուշարձաններով ու քարանձավներով։ Գաղտնիք չէ, որ արգելոցը մշտապես շատ այցելուներ է ունենում։ Համավարակով պայմանավորված՝ անցած ամիսների ընթացքում օտարերկրացիներ գրեթե չեն եկել, փոխարենը` ներգնա տուրիզմն է ակտիվացել։

«Այցելուների հոսքն արդեն որոշակի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպում է ենթադրում՝ նոր ու հետաքրքիր մոտեցումներով։ Հենց այդ համատեքստում էլ ՊՈԱԿ-ը նախատեսում է գործակցել շահագրգիռ կառույցների հետ»,- իր խոսքում ասել է Արա Թարվերդյանը։
ՊՈԱԿ-ի տնօրենը եւ տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովն այդ համատեքստում շահագրգիռ քննարկումներ են ունեցել «Կովկասի բնության հիմնադրամ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի, «Բնության համաշխարհային հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանի եւ «Արփի» բնապատմական հիմնադրամի խորհրդի նախագահ Արսեն Մաթեւոսյանի հետ։