Բաքվի ջղաձիգ քայլը. իշխանական պատգամավոր Վալուևին արգելել են մուտք գործել Ադրբեջան

Բաքվի ջղաձիգ քայլը. իշխանական պատգամավոր Վալուևին արգելել են մուտք գործել Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի զբոսաշրջության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևին արգելվել է մուտք գործել Ադրբեջան։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ կապված «ադրբեջանցի ժողովրդի և երկրի դեմ ուղղված վիրավորական հայտարարությունների հետ, որոնք Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևն արել է՝ ելույթ ունենալով Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ներկայացուցչության՝ «Ռուսաստանի տան» գործունեությունը դադարեցնելու կապակցությամբ»։

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի զբոսաշրջության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի՝ Ադրբեջանի և մեր ժողովրդի դեմ ուղղված վիրավորական հայտարարությունները և մեր երկրի հասցեին սպառնացող բնույթի հայտարարությունները միանգամայն անընդունելի են։ Հիշյալ պատգամավորի հակաադրբեջանական հայացքների պատճառով նրա անունը ներառվել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջանի Հանրապետություն արգելված է»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հաջիզադեն հիշեցրել է, որ սա «Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին անցանկալի անձանց ցուցակում ընդգրկելու առաջին դեպքը չէ։ Օրինակ՝ ավելի վաղ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը դեմ հանդես եկող Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին պատգամավոր Կոնստանտին Զատուլինը և Ընտանիքի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիտալի Միլոնովը նույնպես ընդգրկված են համապատասխան ցուցակում որպես անցանկալի անձինք»։

«Ափսոսանքով հայտնում ենք, որ մեր երկրի դեմ գործող այս բոլոր պատգամավորները Ռուսաստանի իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամներ են։ Այդպիսի անձանց նկատմամբ, ովքեր գործում են մեր երկրի և ադրբեջանական ժողովրդի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, համապատասխան քայլեր կձեռնարկվեն Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում»,- ասվում է մեկնաբանության մեջ։