Իրանը լուրջ խոսել է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի պետական այրերի հետ

Իրանը լուրջ խոսել է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի պետական այրերի հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանային երկիր, պատերազմի ընթացքում բավականին ակտիվ էր նաեւ դիվանագիտական ճակատում։

Մենք զրուցել ենք Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։

- Հայտարարություն ստորագրվեց, որով ԼՂՀ մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իրանը որեւէ ազդեցություն ունեցե՞լ է այս հայտարարության հետ կապված։

- Այնքանով, որքանով մենք ենք մեր շփումներում հստակեցրել, հստակորեն մեզ չի փոխանցվել, թե Իրանն ընդհանրապես տեղեկություն ունեցել է, թե չէ։ Բայց, ինչպես արդեն պատերազմի օրերին էր երեւում, համենայնդեպս, բացի այն սպառնալիքը, որ զգում էր սահմանամերձ շրջաններից, ականատես էինք, որ իրանական զորքերը բավականաչափ տեղափոխվեցին սահմանին եւ հիմա էլ դեռ այնտեղ են։ Այլ բան չեմ կարող ասել։ Ընդհանուր առմամբ, իրենք սպասում էին, որ տեսնեին Ռուսաստանի կեցվածքը, դիրքորոշումը, եւ թե կիրառվելիք մեխանիզմներն ինչ կլինեն։ Բայց թե որքանով մանրամասն են տեղյակ եղել, մեզ համար հստակ չէ։

- Այս մեկ ամսվա ընթացքում Դուք հանդիպումներ ունեցե՞լ եք իրանական իշխանությունների կամ իրանցի պատգամավորների հետ։

- 44 օրվա ընթացքում մենք՝ ես եւ իմ գործընկեր Արա Շավերդյանը, բազմիցս հանդիպումներ ենք ունեցել տարբեր թեմաների շուրջ, բայց սա հարցազրույցի թեմա չէ․․․

- Իրանի դիրքորոշման հետ կապված՝ ի՞նչ տպավորություն ունեք։ Ինչպե՞ս էին վերաբերվում այս իրավիճակին։ Դուք ինչպե՞ս եք ներկայացրել իրավիճակը։

- Իրավիճակը բավականին ճշգրտորեն մենք տեղեկացրել ենք, փոխանցել ենք, իրենք էլ տարբեր խողովակներից ստացել էին եւ գիտեին, ինչպես արտահայտեց իր վերջին ձեւակերպման մեջ երկրի առաջնորդը՝ հակամարտության եւ պատերազմական օրերի վերաբերյալ։ Ինձ թվում է, որ Իրանի քաղաքականությունն այս 25 տարվա ընթացքում փոխվել է, բայց ելնելով տարածաշրջանի եւ Իրանի ներքին հարցերից։ Այսինքն՝ Ադրբեջանի հողային ամբողջականություն եւ այլն, Իրանի քաղաքականությունը հենց այդ ուղղությամբ էր որդեգրված պատերազմի վերջին օրերին։ Հավանաբար, արդեն նախապես էլ այդպես էր ձեւակերպվել, իրենք էլ այդ օրինաչափությամբ էին ընթանում։ Բայց իրենց վերջնագրային խոսքով այն էր, որ Իրան-Հայաստան սահմանը բոլորովին չպետք է խաթարվի, եւ հատկապես հենց, ինչու չէ, Հայաստանի հարավային տարածքներին որեւէ սպառնալիք չպետք է լինի։ Այդ ուղղությամբ տեղյակ ենք, որ Իրանը լուրջ խոսել է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի պետական այրերի հետ։

- Պարո՛ն Բեգլարյան, իսկ որ Մեղրիով Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհ պետք է անցնի, Իրանը դրան ինչպե՞ս է վերաբերվում։

- Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, իրանական կողմը ներկա վիճակին, գուցեեւ մի քիչ ուշացած, բայց ավելի զգոն է այդ իրադարձությունների վերաբերյալ, հենց այդ ճանապարհի հարցով։ Այդ թեմայով արդեն նոյեմբերի 18-ին խորհրդարանում պարոն Ահմադ Բիրզաշի հետ իրանական պատգամավորների կողմից արծարծվեց, ե՛ւ կառավարության, ե՛ւ խորհրդարանի ուշադրությունը գրավեց, որ պետք է խստորեն հետեւել, թե ինչ է կատարվում Իրանի հյուսիսում, հատկապես Հայաստանի սահմանում։ Եվ պետք է նման միջանցք լինի, դրանք բոլորը պետք է այնպես լինեն, որ չվնասեն Իրան-Հայաստան հարաբերություններին եւ տարածաշրջանի անվտանգությանը։ Դրան անդրադարձ եղավ, Իրանը շատ ավելի զգոն է հետեւում այդ երեւույթին։          

- Արդեն պետք է քննարկումներ լինեն հրադադարից հետո, ըստ Ձեզ՝ Իրանն ի՞նչ պահանջներ ունի այս թեմայով, որպես տարածաշրջանային պետություն թե՛ անվտանգության առումով, թե՛ տարածքային ամբողջականության պահպանման։

- Թե Իրանն այս պահին հստակորեն ինչ բանաձեւով հանդես կգա, չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ Իրանը երեք պետությունների, հատկապես Ռուսաստանի հետ, փորձում է, կփորձի մոտիկից առնչակից լինել թե՛ ընդհանրապես Արցախի կառավարման հարցի շուրջ, տեղյակ լինի՝ ինչ է անցնում, թե՛, ինչպես ասացիք, որ միջանցք պետք է բացվի, սահմանն ինչ վիճակ պետք է ունենա, հետագայում ինչ ձեւակերպում պետք է ստանա։ Իրանը, հավանաբար, նաեւ առաջարկներով հանդես կգա, որ միջամուխ լինի եւ կարողանա հանդես գալ՝ բնականաբար թե՛ իր շահերից ելնելով, թե՛ Իրան-Հայաստան հարաբերությունները չվնասի, եւ դրանք ավելի զարգանան։ Ինձ թվում է, եթե վերջնականորեն այդ միջանցքի ձեւաչափն անցնի, որ համաձայնագրում կա, Իրանն անպայման կուզենա դրական դեր ունենալ, քանի որ իր կշիռը վերստին սահմանամերձ շրջաններում գնահատի թե՛ ներդրումների առումով, թե՛ ենթակառուցվածքների ստեղծման։ Ինձ թվում է՝ պետք է շեշտակի դարձնի, եթե չէ, ապա Իրանն էլ կվնասվի այս ուղղությամբ։

- Հայաստանի պարտությունից հետո Իրանի Ատրպատական նահանգում ինչպիսի՞ տրամադրություններ են, արդյոք անջատողական տրամադրություններն ավելի՞ են սրվել, Իրանի իշխանություններն այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որ Ատրպատականը հանկարծ չհայտնվի ադրբեջանական, թուրքական քարոզչության կամ ազդեցության տակ։

- Այս իրավիճակը, որ ստեղծվել է, նման որոշ շրջանակներ, պանթյուրքիստական շրջանակներ Իրանում իրենց ավելի խանդավառ են զգում եւ հոխորտանքով են հանդես գալիս։ Բայց ինձ թվում է, որ, հենվելով այն իրականության վրա, որ Իրանն օրըստօրե ավելի է զգոն դառնում նման հարցերի շուրջ, եւ ինչ է կատարվում հյուսիս-արեւելյան շրջաններում, Հայաստանի սահմաններում, պետական եւ կառավարական այրերը եւ իշխանապահ, օրինապահ մարմիններն ավելի խստորեն կվերաբերվեն, ինչպես արդեն ականատես ենք եղել։  

- Հայաստանում 2018-ին իշխանություն փոխվեց, Իրանի համար այս իշխանությունները որքանո՞վ են ընդունելի, Իրանի համար նկատելի՞ է ամերիկյան, արեւմտյան ազդեցության ուժեղացումը Հայաստանում, եւ արդյոք Իրանն այդպիսի վտանգ տեսնո՞ւմ է իր նկատմամբ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ազդեցության վտանգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, այս պատերազմում աջակցում էր Ադրբեջանին եւ փորձում է տարածաշրջանում ազդեցությունը մեծացնել։

- Այո, ինչպես արդեն ասել եմ, հայկական կողմի պաշտոնյաները, արտգործնախարարն իմացել են, որ Իրանը երբեք չի թաքցրել, որ զգայուն է, թե ինչ անցուդարձ է տեղի ունենում Հայաստանում։ Հատկապես, ինչպես բոլորս գիտենք, Հայաստանի դեսպանության բացումը Թել Ավիվում․ դա բավականին բողոք առաջացրեց եւ մտահոգություն ստեղծեց, եւ գիտեմ, որ բազմիցս խոսվել է հայկական կողմից տարբեր անձանց հետ։ Եվ, ինչու չէ, նաեւ արեւմտամետ հակումները Հայաստանում, Իրանը բավականին զգայուն է, եւ բազմիցս ասել ենք, որ Իրանն ուշի-ուշով հետեւում է եւ, ինչու չէ, մտահոգություն է հայտնում։ Իսկ թե այդ հակումները, միտումները պատերազմի շրջանում որեւէ բացասական ազդեցություն են ունեցել Իրանի քաղաքականության վրա, ես կարող եմ ասել, որ սողանքներ եղել են, բայց սա ավելի բարձր մակարդակի ռազմավարական լուրջ իրադարձություն է, որ տեղի է ունեցել։ Քանի որ այդ իրադարձությունները, որ տեղի էին ունենում պատերազմի օրերին Իրանի հյուսիսում եւ Հայաստանում, լուրջ ռազմավարական երեւույթ էին, բնականաբար՝ Իրանը զգացական չէր մոտենում։ Իր դժգոհանքն ուներ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից, բայց երբ խոսում էր Ադրբեջանի հողային ամբողջականությունից, ինձ թվում է, այդքան էլ չէր ազդվել, թե Հայաստանի ներսում ինչ կառավարություն եւ ինչ հակումներ կան, այլ իրենց ընդհանուր քաղաքականությունը հստակեցվել էր դեպի միջազգային սահմանների ստատուս-քվոն պահելուն եւ այլն։ Բայց շեշտավորեմ՝ այո՛, համենայնդեպս Իրանը մտահոգություններ ունի եւ կունենա, թե Հայաստանում իշխող կառավարությունն իր արտաքին քաղաքականությունն ինչպես է դրսեւորում եւ ինչ հակումներ ունի։

- Ձեր գնահատմամբ, այս պարտությունից հետո Հայաստանի համար ի՞նչ իրավիճակ է ստեղծվել, Արցախի համար ի՞նչ իրավիճակ։ Հայաստանը եւ Արցախն այս ծանր իրավիճակից ինչպե՞ս կարող են դուրս գալ, ի՞նչ քաղաքականություն պետք է վարեն։                      

- Հիմա, իհարկե, ես ինձ այդ իրավունքը չեմ վերապահում, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին մանրամասնեմ, բայց այն, ինչը որ մենք ենք տեսնում որպես Հայաստանին մոտ կանգնած պետական այր, որքան շուտ Հայաստանը փորձի իր ներքաղաքական կյանքը կայունացնել, այնքան լավ։ Եվ հարեւան պետությունների հետ հարաբերությունները, ի մասնավորի հարեւան Իրանի հետ, փորձի հարաբերությունները վերստին գնահատել, նոր հունի մեջ գցել եւ աշխուժացնել տարբեր ոլորտներում։ Դա շատ կարեւոր է, ինձ թվում է։   

- Թուրքիայի հետ կապված Իրանն ի՞նչ մոտեցում ունի, որը փորձում է իր ազդեցությունը տարածել տարածաշրջանում։ Իրանն ինչ-որ մտավախություններ ունի՞։

- Ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ թեպետ Թուրքիան Իրանի կարեւոր հարեւանն է, եւ, բնականաբար, բոլորս գիտենք հարեւանների հետ հարաբերությունները, այդ մենք չենք, որ որոշում ենք, այլ ճակատագիրը եւ աշխարհագրությունն են որոշում։ Իրանը, լավ իմանալով Թուրքիայի պատմությունը եւ տարածաշրջանում երկու երկրների մրցակցության պատմությունը եւ անցյալը, ուշադիր է, զգոն է եւ գիտի, թե ինչ է կատարվում։ Այդ մեկը ես կարող եմ վստահեցնել Ձեզ։

- Իրանի համար ինչպիսի՞ իրավիճակ էր ձեռնտու․ որ Արցախի՞ հետ ավելի շատ սահման ունենա, թե՞ Ադրբեջանի։

- Այն, ինչ անցյալում էր, այս պահին անցած-գնացած է, եթե ժամանակին Իրանի համար ինչ-որ նման պայմաններ ձեռնտու են եղել։ Բայց դրա պահպանումը եւ դրա ամրագրումը, ըստ երեւույթին, Իրանի ձեռքում չի եղել, կամ Իրանը չի ցանկացել կամ հարմար չի նկատել դրականորեն դերակատարություն ունենալ, հետեւաբար՝ այդ օգտակարությունը, սահմանի այդ շահավետությունը, դրա պահպանումն Իրանն այդքան իրեն չէր վերագրում։ Հիմա, բնականաբար, այս պահին իրավիճակը, որ ստեղծվել է, չպետք է խանգարի հայ-իրանական հարաբերություններին։ Եվ եթե փոփոխություններ պետք է լինեն, միջանցք եւ այլն, Իրանի դերակատարությունը, ինձ թվում է, պետք է հստակեցվի։   

- Իսկ իրանական խորհրդարանում ավելի շատ ադրբեջանամե՞տ պատգամավորներ են, թե՞ հայաստանամետ։

- Ինձ թվում է, որ բաժանումն իրականությանը չի պատասխանում, քանի որ այս պահին իրանցիներն ավելի շատ են զգոն եւ ավելի շատ են գիտակցում, թե տարածաշրջանում ինչ է կատարվում։ Պետք է ասեմ, որ Իրանը, ելնելով իր անվտանգությունից եւ ազգային շահերից, Իրան-Հայաստան սահմանը շատ է կարեւորում։ Պետք է ասեմ, որ կայունությունն է կարեւոր եւ հարաբերությունների նոր հունավորումը։ Բնականաբար, Հայաստանն արդեն իր յուրահատուկ դերը պետք է ունենա։      

- Կարո՞ղ ենք ասել, որ այս պատերազմն Իրանի համար նոր իրողություն ստեղծեց տարածաշրջանում քաղաքականություն վարելու առումով։

- Կարծում եմ՝ այո։ Կարծում եմ՝ Իրան-Հայաստան հարաբերություններում, մեծ հավանականությամբ, նոր զարգացումներ կտեսնենք։