Հուսով ենք, Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կկնքեն․ ՌԴ ԱԳՆ

Հուսով ենք, Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կկնքեն․ ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է շարունակել համապարփակ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, և հույս ունի, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Հարցին, թե ներկայում հնարավոր է խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, փոխնախարարը նշել է, որ «խաղաղության պայմանագրի ձեռքբերումը մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղիների առաջընթացից»:
«Հենց դրան է ուղղված մեր օգնությունը, այդ թվում՝ վիճելի հարցերի վերաբերյալ հավասարակշռված փոխզիջումային լուծումների որոնումը, որոնք հարմար են և՛ Բաքվին, և՛ Երևանին: 

Այս թեմայով Մոսկվայում կայացած բանակցությունները նպաստեցին կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը, մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումների մերձեցմանը: Մենք կշարունակենք համապարփակ աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին այդ նպատակների համար, հուսով ենք, որ նման կանոնավոր շփումները հնարավոր կդարձնեն վերջնական խաղաղության համաձայնությունների հասնել»,- ասել է նա։

Գալուզինը հիշեցրել է, որ մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկկողմ և եռակողմ ձևաչափերով բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի՝ իր գործընկերներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ 

Այս միջոցառումների շրջանակում կայացել է նաև հայ-ադրբեջանական առանձին հանդիպում խաղաղության պայմանագրի շուրջ, նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

«Նման քննարկումների համար մեր հարթակի տրամադրումը Ռուսաստանի աջակցության տարրերից մեկն է Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում կոնկրետ արդյունքների հասնելու համար», - հավելել է նա: