Էրդողանը սպառնում է ընդդիմությանը

Մենք ուշադիր հետևում ենք գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդի (Օզգյուր Օզել-խմբ.) կոչից հետո տեղի ունեցած իրադարձություններին։
Այս մասին Անկարայում կառավարության նիստից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) և նրա նախագահ Օզգյուր Օզելը լիովին պատասխանատու են այն բռնության ալիքի համար, որը շարունակվում է Թուրքիայում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման պատճառով նրանց կոչերից հետո։
«Ցավոք, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները ցույց են տվել անգիտակցության վառ օրինակ։ Կոռուպցիայի, կողոպուտի, շորթման և կաշառակերության մեղադրանքներին պատասխանելու փոխարեն նրանք հինգ օր են անցկացրել անօրինական հայտարարություններ անելով։ Կուսակցության առաջնորդն ու նրա համախոհները, ովքեր հրահրել են մարդկանց փողոց դուրս գալ, ամբողջ պատասխանատվությունն են կրում ոստիկանների վնասվածքների, խանութների սեփականատերերին, որոնց պատուհանները ջարդվել են, և պետական գույքին միլիարդավոր լիրա հասցված վնասի համար։
Այս ամենը կքննարկվի խորհրդարանում, և դրա վերաբերյալ իրավական զեկույցներ կներկայացվեն դատարան»,- ասել է Էրդողանը:
«Մարգինալ կազմակերպությունների և քաղաքային ավազակների հարձակումների պատճառով վերջին օրերին տուժել է մեր ոստիկանության 123 աշխատակից։ Ցավոք, ընդդիմադիր կուսակցության ղեկավարությունը, ներառյալ նրա նախագահը, ցույց է տվել ոչ գիտակից լինելու վառ օրինակ»,- ասել է Էրդողանը Անկարայում կառավարության նիստից հետո։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ իշխանությունները թույլ չեն տա CHP-ի առաջնորդներին ներկուսակցական պայքարը դարձնել ազգի խնդիր։
Էրդողանն ընդգծել է, որ տեղի ունեցողը տնտեսության մեջ արհեստական տատանումներ է առաջացրել։
Հիշեցնենք, որ Թուրքիայում բողոքի ակցիաներ են ընթանում մարտի 19-ից, երբ ձերբակալվել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ապա կալանավորվել։ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչությանն օժանդակելու մեջ։
Կարծիքներ