Քայլ արա, եւ փուչիկը կպայթի

Քայլ արա, եւ փուչիկը կպայթի

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը եւ Ռուսաստանի հայերի միությունը դիմել են պատկան մարմիններին՝ «Նեզավիսիմայա գազետայում» Սումգայիթի ջարդերի մասին ադրբեջանցի Լեւ Մաասի հոդվածի առթիվ հետաքննություն անցկացնելու պահանջով: Խոսքը մի հրապարակման մասին է, որտեղ Սումգայիթի ջարդերի կազմակերպիչ եւ իրականացնող են ներկայացված… հայերը: Եւ ահա ադրբեջանական քարոզչությունը մատնվել է խուճապի:

Բաքվից Ռուսաստանում ապրող ադրբեջանցի մեծահարուստներին, Վլադիմիր Պուտինի համալսարական դասընկեր Իլհամ Ռահիմովին կոչ են անում միջամտել, կանխել, փրկել «Նեզավիսիամայի գազետային»: Լրատվամիջոցի դեմ դատական հայց հարուցելն ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում: Եւ նման ստահոդ հոդվածի պատվիրատուները պետք է նկատի ունենային, որ հայկական կողմը չի լռի: Բաքվում, ըստ երեւույթին, այն կարծիքի էին, որ հայերը կպահանջեն հերքում, թերթը մի հրապարակում կանի, եւ հարցը կփակվի: Կմնա ռուսական լսարանին ադրբեջանական ներշնչումը՝ Սումգայիթի համար պատասխանատու են իրենք՝ հայերը: Գործն այլ ընթացք է ստանում, եթե հայկական կողմը հետեւողական գտնվի, սպասվում է դատաքննություն: Իսկ այնտեղ արդեն ադրբեջանական առասպելները չեն աշխատի:

Հարկ կլինի բերել իրավական հիմնավորումներ, նախաքննությամբ ապացուցված փաստեր: Ադրբեջանը տագնապի մեջ է: Եթե «Նեզավիսիմայա գազետայի» գործն իրավական ընթացք ստանա, ապա Սումգայիթի քարոզչական փուչիկն անխուսափելիորեն կպայթի: Բավական է, որ դատարանը պահանջի այդ գործով խորհրդային մարմինների իրականացրած քննության նյութերը, Ռուսաստանի տարբեր դատարաններում կայացված վճիռները, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Քայլն արված է, հարկավոր է մինչեւ վերջ հետեւողական լինել: Ադրբեջանը դիմելու է ամենավերջին ստորությունների, որպեսզի գործը չհասնի դատարան:

Բացառված չէ, որ Մոսվայի ադրբեջանական համայնքը դիմի սադրանքների: Բայց նահանջի տեղ չկա: «Նեզավիսիմայա գազետայի» գործը պետք է սկիզբը դառնա իրավական պահանջատիրության: Պետք է հասնել նրան, որ բացվի Բաքվի ջարդերի, հետագա բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ «Կոլցո» ռազմագործողության, Մարաղայի սպանդի գաղտնիքը: 28 տարի առաջ այս օրերին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժել են Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղ, տեղում սպանել շուրջ երկու տասնյակ ծեր մարդկանց, մի խմբի պատանդ վերցրել: Նրանց դիակները հետագայում վերադարձվել են այրված վիճակում: Մետաղալարերով կապկպված մարդկանց կենդանի նետել են Շահբուլաղի կրահորերը: Աշխարհում ո՞վ է տեղյակ այդ փաստերին: Ինչպես ֆաշիստներն էին հրեաներ գազախցիկ նետում, այդպես էլ ադրբեջանցիներն են քսաներորդ դարի վերջին հայերին կենդանի հրկիզել: «Նեզավիսիմայա գազետայի» գործը կարող է նախադեպային լինել: Ահա թե ինչու են Ադրբեջանում խուճապի մատնվել: Քայլն արված է, հարկավոր է հետամուտ լինել, որ ադրբեջանական քարոզչության փուչիկը պայթի: