Տարոսը ձեզ

Տարոսը ձեզ

Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով (մասնակցություն ձեռնարկատիրական գործունեությանը, խարդախության եղանակով կաշառքի ստացում, գույքի հափշտակություն եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացում) մեղադրանք է առաջադրվել Աղվան Հովսեփյանին, եւ վերջինս ձերբակալվել է:

Հիշեցնեմ․ 1998-1999 թվականներին Աղվան Հովսեփյանը զբաղեցրել է գլխավոր դատախազի, 1999-2004 թվականներին՝ գլխավոր դատախազի տեղակալի, 2004-2013 թվականներին՝ կրկին գլխավոր դատախազի, 2014-2018 թվականներին՝ նորաստեղծ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները: Այսինքն՝ վերջինս ամբողջովին տեղավորվում է նախկինների կամ սեւերի դասակարգման մեջ: Սակայն այնպես չէ, որ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու, այնուհետեւ նախաքննություն իրականացնելու եւ ձերբակալելու՝ իրավական տեսակետից որոշում կայացնողները սպիտակ են: «Իրավական տեսակետից որոշում կայացնողներ» ասելով՝ նկատի ունեմ հենց իրավապահ կառույցների ղեկավարներին, քանի որ դրանից դուրս նման հարցերով որոշում կայացնող ընդամենը մեկ անձ կա, եւ դա Փաշինյան Նիկոլն է: Իսկ վերջինս, ինչպես հայտնի է, նման դեպքերում առաջնորդվում է անձնական վրեժխնդրության մոտիվներով՝ հրապարակայնորեն դա ներկայացնելով որպես նախկինների դեմ անզիջում պայքար:

Ինչեւէ, իրավապահ կառույցների ղեկավարները եւս նախկին են, բայց քանի որ ծառայում են նորերին եւ անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, սեւ լինել չեն կարող: Ստացվում է անհեթեթություն՝ նրանք միաժամանակ ե՛ւ նախկին են, ե՛ւ նոր, եւ ըստ այդմ՝ սեւ չեն, բայց ոնց որ թե սպիտակ էլ լինել չեն կարող: Մնաց գորշը: Փաստորեն, ես ստիպված եմ ռեւիզիայի ենթարկել մի ժամանակ որպես «հրաշալի քաղաքական գործիչ» ներկայացած կատակերգակ դերասանի եւ որպես հայ ժողովրդի «փրկիչ» ընկալված նրա առաջնորդի «բարոյագիտական» (թե՞ փիլիսոփայական) «զեղումները»՝ նրանց մշակած տեսությունում ներառելով «գորշ գույնի» հասկացությունը:

Բայց խնդիր է առաջանում արդեն քաղաքագիտական առումով, որովհետեւ «գորշ գույնի» հասկացությամբ քաղաքականության մեջ սովորաբար բնորոշվում է ակտիվ, սակայն ոչ հրապարակավ գործող որեւէ ղեկավար անձ: Իսկ իրավապահ կառույցների ղեկավարները ժողովրդավարության՝ լինի դա նիկոլական թե իրական, պայմաններում ստիպված են լինել ե՛ւ ակտիվ, ե՛ւ հրապարակային:    

Ինչպես երեւում է, միջակ կատակերգակի գեներացված գաղափարով բարոյագիտական նոր տեսությունը չի բռնում լուրջ վերլուծական քննություն, եւ այն պետք է նետվի աղբարկղ: Ընդամենը ընդունենք, որ նախկիններից ոմանք, որոնք ծառայության են անցել նորերի մոտ, «փուռն են տալիս» իրենց նախկին գործընկերներին, քանի որ այնպես չէ, որ իրենք ճերմակ հանդերձանքով հրեշտակներ են եւ կարող են դա չանել (այսինքն՝ կարող են «փուռը չտալ»):

Իշխանափոխությունից հետո էլ, ինչը հաստատ սարերի հետեւում չէ, նորերին փոխարինած ավելի նորերը (կամ թեկուզ հները) անպայման կշարունակեն հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման դեպքերի բացահայտումները: Ինչը նշանակում է, որ ավելի նորերի (կամ թեկուզ հների) ուշադրության կենտրոնում կհայտնվեն նաեւ այսօրվա նորերին ծառայող նախկինները, եթե, իհարկե, արագորեն չանցնեն վերջիններիս մոտ ծառայության եւ ջանասիրաբար չբացահայտեն նորերի գույքի եւ ունեցվածքի օրինականության խնդիրները: Ինչը, ենթադրում եմ, հարուստ բերք կապահովի, քանի որ այսօրվա նորերը ոչ միայն ճերմակ հանդերձանքով հրեշտակներ չեն, այլեւ նույնիսկ մահկանացու նվիրյալներ էլ չեն: Ինչպես ասվում է՝ տարոսը ձեզ: