Պետն ինձ ասում է՝ չես տենում, արա՛, ինչ է կատարվում․ կադաստրի աշխատակիցը պնդում է՝ ղեկավարն «ընկել է» իր հետեւից

Պետն ինձ ասում է՝ չես տենում, արա՛, ինչ է կատարվում․ կադաստրի աշխատակիցը պնդում է՝ ղեկավարն «ընկել է» իր հետեւից

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը վիրավորել, այժմ էլ «ընկել է» կոմիտեի «Շենգավիթ» սպասարկման գրասենյակի պատասխանատու Արթուր Կնյազյանի հետեւից։ Նման պնդում մեզ հետ զրույցում արեց վերջինս՝ ներկայացնելով իր եւ ղեկավարի կոնֆլիկտն ու դրա պաճառը։

Ըստ մեր զրուցակցի՝ մոտ 2 ամիս առաջ Սուրեն Թովմասյանը գնում է իրենց գրասենյակ անպարկեշտ կերպով, տեսնում է դրսում կուտակված քաղաքացիներին, վիրավորում իրեն․ «Երիտասարդ, անփորձ, ոչ բանիմաց անձնավորություն է ինքը։ Մտնում է ներս, կոպիտ ձեւով ասում՝ ինչի՞ համար են այս պատուհաններն ազատ, ասում եմ՝ այդ պատուհաններն ազատ չեն, պատճեններ են տպում, քաղաքացիներն էլ նստած են։ Ինքը զգալով, որ ինձ սխալ հարցադրում է անում, դրա հետ միասին շատ կոպիտ, փորձում է ինձ մի այլ բանում մեղադրել, ասում է՝ չես տենում, արա՛, ինչ է կատարվում, դրսում հերթ է գոյացել։ Ես ներսի պատասխանատուն եմ, դրսում հերթը կարգավորում են ոստիկանները։

Ասում էր՝ ինչի դուրս չես գալիս հերթը կարգավորես, ես էլ ի պատասխան ասում եմ՝  ես գրասենյակի ներսի պատասխանատուն եմ։ դրանից հետո ասում է՝ ոնց ես իմ հետ խոսում, գրասենյակի պետին ասում է՝ բա սրան կարգի հրավիրի, թողնում, գնում է»։

Սրանից բացի, Կնյազյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվում ներսում դիմակ  չկրելու, առանց թույլտվության աշխատանքի վայրը լքելու պատճառաբանությամբ, ինչն ավելի ուշ կասեցվում է․ «Կոնֆլիկից հետո ես սթրես եմ տանում, վատանում եմ, գրասենյակի պետից թույլատվություն եմ վերցնում եւ գնում եմ բժշկի։ Բժիշկը նշանակումներ է անում եւ այլն։ Մի 2-3 օր հետո ինձ զանգահարում են եւ ասում, որ քո նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել՝ դիմակ չկրելու եւ աշխատավայրը լքելու համար, ես պատասխանել եմ, որ դա սուտ է, տեսախցիկներ կան։ Այսօր ինձ պատասխանել են՝ ծառայողական քննությունը թողնվում է անհետեւանք։ Ինձ պաշտոնական անձինք զանգել են, ասել են՝ ավելի լավ ա դիմում գրես, ինքը ընկել է քո հետեւից։ Ես դիմում չեմ գրելու»։

Տեղի ունեցած միջադեպից հետո Շենգավիթի գրասենյակը չի գործում․«Շենգավիթի գրասենյակը այդ օրվա խոսակցությունից հետո փակվում է, պատճառը մեր երկխոսությունն է։ Ինքն իր ամբիցիաներից ելնելով՝ կամ ես պիտի աշխատեմ, կամ ինքը, ինքը փակ է տենց պահում, մինչեւ ես չհեռանամ։ Հիմա ուրիշ քայլի է ուզում դիմել՝ պատասխանատուի հաստիքն է ուզում կրճատել, որ ես մնամ անգործ»։

Դեպքից հետո Արթուր Կնյազյանը փորձել է հանդիպել Սուրեն Թովմասյանի հետ, սակայն վերջինս նրան չի ընդունել։

Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում բացառեց, որ տեղի է ունեցել կոնֆլիկտ, ապա հավելեց՝ նրա նկատմամբ ծառայողական քննությունը դադարեցվել է․ «Քանի որ ես այդ մասով անձամբ տեղյակ եմ, ուրեմն, ինչ վերաբերում է Թովմասյան Սուրենին եւ Կնյազյան Արթուրին, ապա իրենք իրար չեն էլ ճանաչում։ Իր նկատմամբ ծառայողական քննություն էր հարուցվել, որ 3 օր աշխատանքի չէր եկել, այնուհետեւ նա բերել էր անգործության թերթիկ, որից հետո իր նկատմամբ կարգապահական տույժ չենք կիրառել։ Դրանից հետո դիմում է գրել, իր հաշվին է գնացել արձակուրդ, նորից ես առանց խնդրի հրամանը ստորագրել եմ։ Նաեւ ինքը զանգում է Թովմասյանի օգնականին է անհանգստացնում»։

Շենգավիթի նստավայրի փակումն էլ , ըստ գլխավոր քարտուղարի, կապված է կորոնավիրուսային հիվանդության հետ։

Թովմասյանը նաեւ մեկ ավելացում արեց՝ Կնյազյանը կոնֆլիկտ է ունեցել  նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ։