Փլուզվող աշխարհը` փրկօղակ

Փլուզվող աշխարհը` փրկօղակ

Օրեր առաջ ՀՀ վարչապետը տրտնջում էր, թե` «աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է, եւ չկա մի երկիր, որն այս ցնցումից հարվածի իր բաժինը չստանա, մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որպեսզի կարողանանք մեր երկիրն այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով` հասցնենք խաղաղ նավահանգիստ»:

Անշուշտ, այս իմաստուն մտքերը լսողների մեջ լիքը ծափահարողներ եղան: Բայց ոչ մեկը չասաց, որ այդ փլուզվող աշխարհը մի կողմից, այո, ցնցումներ է առաջացրել, բայց մյուս կողմից նաեւ ձեր փրկօղակն է դարձել: Չէ՞ որ այդ ցնցումների հետեւանքով է նաեւ, որ այսօր դուք մնում եք իշխանության: Այդ փլուզվող աշխարհի հետեւանքով եք բյուջեի աննախադեպ մուտքեր ունեցել անցած տարի, նաեւ` այսօր: Նույն՝ ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ է, որ այսքան գումար է հոսել մեր երկիր, այսքան մարդ այցելել, տնտեսական երկնիշ աճ եք գրանցել, չնայած տնտեսական ապաշնորհ կառավարմանը: Այդ ցնցումների շնորհիվ է, որ 2020-ի ողբերգական իրադարձությունների արդյունքում մեր երկիրը չի դատարկվել` արտագաղթի մեծ ալիք չի եղել:

Որովհետեւ աշխարհն այսօր այնքան անապահով է, որ մարդիկ, պարզապես, գնալու տեղ չունեն: Այդ փլուզումն է նաեւ պատճառը, որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ Հայաստանը կռվախնձոր է դարձել, եւ երկու բեւեռները փորձում են որոշակիորեն սիրաշահել թուլացած եւ իր սուբյեկտայնությունը կորցրած պետությանը, որպեսզի Հարավային Կովկասը պահեն կամ տանեն իրենց ազդեցության դաշտ:

Վերջապես` փլուզվող աշխարհն ի՞նչ կապ ունի երկրի ներսում ձեր գործած ավերածությունների, օրինակ` բուհական կամ թատերական աշխարհում իրականացրած անհեթեթ միավորումների, Կասկադի ծառերի կամ կոռուպցիայի հետ: