Առաջիկայում 9 նոր կուսակցություն է հիմնվելու

Առաջիկայում 9 նոր կուսակցություն է հիմնվելու

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունների շարքերը համալրելու 9 հայտ է ներկայացվել։ Արդարադատության նախարարության Azdarar.am կայքից տեղեկանում ենք այդ կուսակցությունների մասին։

Մեկը մյուսից տարբեր այս կուսակցություններն առաջիկայում պատրաստվում են հիմնադիր համագումարների, որից հետո իրենց տեղը կզբաղեցնեն քաղաքական դաշտում։ Նոր ստեղծվելիք կուսակցություններն են՝ «Իրական ժողովրդական» «Արդար Հայաստան», «Իմ Հայաստան», «Իրավական պետություն», «Միացյալ քրիստոնյա Հայաստան», «Օրրան», «Բարոյական արժեքներ», «Կայունություն», «Ժողովրդավարական համախմբում»:

Ոչինչ չասող անուններով այս կուսակցություններից մի քանիսի մասին փորձեցինք ինչ-որ տեղեկություններ ճշտել․ «Կայունություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամը սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանն է, ով 2018-ից հետո քննադատում էր ՀՀԿ-ն եւ կոչ էր անում վերակառուցման գնալ։ Նա մինչեւ համագումարը չի ցանկանում խոսել կուսակցության մասին, ասում է, որ համագումարի օրն ամեն հարցի պատասխանը կտան։ Հարցին, թե այս փոքր երկրում այդքան շատ կուսակցություններն անհրաժե՞շտ են, պատասխանեց․ «Դրանից պետք չէ վախենալ։ Մեր երկրում առայսօր գաղափարական հենքի վրա ընտրություններ չեն գնացել։ Երբ կգան, ու գաղափարական հենքի վրա կլինի ընտրությունը, մարդիկ արդեն կգնան ընտրության, եւ քաղաքական դաշտում կձեւավորվի 2-3 ուղղություն, ավելին էլ չկա։ Սովորաբար, երբ քաղաքական դաշտի գիծը քաշում ես, լինում է աջ, ձախ, կենտրոն, ժամանակի ընթացքում դրանք կվերակազմավորվեն, մի մասը կլուծարվի, մի մասը կվերանա, մի մասը կմիավորվի, կլինի քաղաքական հայացքների հենքի վրա։ Առայսօր մարդիկ գնում են խարիզմատիկ լիդերների ետեւից, եւ մենք տեսնում ենք, թե ինչ վիճակ է»։

«Իմ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խումբը համագումարը հրավիրել է հունվարի 30-ին, գործելու է ռադիկալ ընդդիմության դաշտում։ Նախաձեռնության կորիզը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն է՝ նախագահ Նարեկ Սամսոնյան։ Նրա խոսքով՝ համագումարը լրատվամիջոցների համար փակ է լինելու, այնուհետեւ հաղորդագրություն կտարածեն։

«Իմ հիմնական նպատակները բոլորին հայտնի են, ես ունեմ համախոհ ընկերներ, որոնց հետ մենք որոշել ենք մեր նպատակներն իրագործելու համար իրավական առումով քաղաքական գործիքակազմ ունենալ։ Ես առաջիններից եմ եղել, ով խոսել է այս իշխանության սպասվելիք արհավիրքների մասին, ինչը մի քանի ամիս առաջ հիմնավորվել է․․․ Մենք մեր համագումարն արել էինք հոկտեմբերի 3-ին, բայց քանի որ այս իշխանությունները հրահանգ ունեին մեզ չգրանցելու, ինչ-որ կերպով մեզ մերժել են»,- ասաց նա։ Արտահերթ ընտրությունների մասով էլ նշեց․ «Ես չեմ հավատում, որ կլինեն արտահերթ ընտրություններ։ Լինելու դեպքում էլ 1 կամ 1,5 տարի հետո են լինելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի լինելու իշխանության, մենք կունենանք անցումային իշխանություն։ Այն կկատարի համապատասխան գործողություններ՝ երկիրն անդունդից հանելու համար, հետո նոր կանեն արտահերթ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությունների մասին խոսելը շուտ է, որովհետեւ չկա անգամ նման օրակարգ»։