Երկու տարբեր մարդ

Երկու տարբեր մարդ

Հավանաբար, իշխող ուժը գոհ է իր վարած արտաքին քաղաքականությունից, կիրառած հռետորաբանությունից, ձեռնարկած քայլերից: Պատկերացնում եմ, թե ՔՊ-ականներն ինչպես են զմայլված լսել իրենց առաջնորդի երեկվա ճառը` կառավարության նիստում, համարելով, որ դա հմուտ դիվանագիտության բարձր-պիլոտաժի դրսեւորում է: Իսկ Նիկոլ Փաշինյանը թղթից իրարամերժ մտքեր էր բարձրաձայնում: Մի մարդ, որ ցեղասպանության տարելիցի ուղերձում ընդամենը 3 օր առաջ գրել էր, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացող մարդկանց երկու հարց է հետաքրքրում. «ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ, եւ ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար», երեկ հայտարարում էր, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն իրականացնելն է, եւ մենք պետք է կասեցնենք «Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի»:

Նույն ելույթում ՀՀ վարչապետը նախ հայտարարում է. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը եւ այսպիսով՝ ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն, բացի Ռուսաստանի Դաշնությունից, որեւէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի»: Իսկ ելույթի վերջում ասում է, որ «ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը», եւ պահանջում է «Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել»:

 

Վստահ ենք, որ եթե հաջորդ ասուլիսներից մեկում նրան մատնացույց անեն իրար հակասող այս մտքերը, նա կրկին կպատասխանի, որ դրա պատճառը փոփոխական ու փլուզվող աշխարհն է, եւ ոչ մի հակասություն իր խոսքերի մեջ չկա: